Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (Պ-1335-08.05.2019-ՊԻ-011/0), այսուհետ՝ Նախագիծ, առաջարկվող կարգավորումները, որը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։ Դրանք վերաբերվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, այսուհետ՝ Հանձնաժողով, կազմավորման կարգի փոփոխություններին։ Բացի այդ, նման կարևորության փաստաթուղթը չի ներկայացվել հանրային քննարկման` նույնիսկ ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ։
Նախագծով փոփոխվում են Հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները, որոնք խիստ իշխանամետ են. նախ, դուրս է եկել անկախ մասնագիտացված խորհրդի կողմից մրցույթի անցկացման կարգը, որն ապահովում էր նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։ Բացի այդ, առաջարկվող իրավակարգավորամբ Հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող քաղաքական ուժը՝ 1-ը Կառավարության կողմից և 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։
Նախագծով նաև նախատեսվում է փոփոխություն Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջներում, մասնավորապես՝ հանվել են անկախության, սուվերենության և պրոֆեսիոնալության մի շարք երաշխիքներ, ինչպիսիք են վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտապես ՀՀ-ում բնակվելու, ինչպես նաև ճանաչում ունենալու պահանջները, աշխատանքային ստաժի պահանջն իջեցվել է՝ նախատեսելով ընդամենը 5 տարի ժամկետ, սակայն նախատեսվել է 3 տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու պահանջ։ Արդյունքում, տպավորություն է ստեղծվում, որ օրենսդրական կարգավորումները հարմարեցված են կոնկրետ անձանց համար։
Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ուշիուշով հետևելու է Հանձնաժողովի անդամների թեկնածությունների ներկայացմանը և դրանք ներկայացնելու է հանրության դատին։
Մեր համոզմամբ նման կարգավորումների նախատեսումը և գործելաոճը չեն բխում միջազգային հանրաճանաչ նորմերից, սկզբունքներից և ստանձնած պարտավորություններից, ներառյալ հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի հանրաճանաչ սկզբունքներից, չեն արտացոլում թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման արժեքները, չեն արտացոլում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետի արտահայտած հրապարակային դիրքորոշումներին և կարող են որակվել որպես իշխանությունների կողմից մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ նախագիծ և մեկ քայլ հետ։
Հորդորում ենք ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրատապ կարգով նախաձեռնել խորհրդարանական լսումներ հակակոռուպցիոն ինստիտուցոնալ մարմին ստեղծելու օրենսդրական նախագիծը ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությամբ քննարկելու, որտեղ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մանրամասն կերպով ցույց կտա նախագծում տեղ գտած բոլոր ռիսկերն ու վտանգները: Խորհրդարանական լսումները հնարավորություն կընձեռնեն հնարավորինս լայն համախոհությամբ ստեղծել անկախության բարձր երաշխիքներ ունեցող անկախ հակակոռուպցիոն մարմին` առաջնորդվելով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ կազմակերպված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովի համախոհության հիման վրա հիմնված արդյունքներով:
Կոչ ենք անում հետայսու հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող ցանկացած իրավական ակտի նախագիծ շրջանառության մեջ դնելուց առաջ այն քննարկել Հայաստանի ամենամեծ հակակոռուպցիոն ոլորտի քաղաքացիական հասարակության միավորումը հանդիսացող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ:
Գործող և առաջարկվող իրավակարգավորումների տարբերությունները կարող եք տեսնել կից ներկայացված ինֆոգրաֆիկայում»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: