Մայիսի 8-ի ասուլիսում, ներկայացնելով 100 դրական փաստեր նոր Հայաստանի մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ ու քաղհալածյալներ։

Նորք-Մարաշում 2015 թվականին հայտնաբերված զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հարազատները, նրա սփյուռքի ընկերները գտնում են, որ Արթուրը քաղբանտարկյալ է, որին անհասկանալի պատճառներով Նոր Հայաստանի իշխանությունները պահում են կալանքի տակ։ Սփյուռքահայերը ծայրահեղ մեկնաբանություններ են անում Արթուր Վարդանյանի նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի շուրջ։

Արամ Մկրտչյանը, որը բնակվում է Գերմանիայում, համոզված է դա հաշվերհարդար է Արթուրի և ազգային գաղափարի կրողի նկատմամաբ։

«Ամենայն հավնականությամբ Արթուրը ցանկացած ապազգային իշխանության համար լուրջ վտանգ է ներկայացնում։ Իմ խորին համոզմամաբ, այս իշխանություն շատ է ապազգային որպեսզի Արթուրին ազատություն շնորհի»։

«Եթե նա քաղհալածյալ չի, այդ դեպքում ինչու են նրան այսքան երկար պահում կալանքի տակ, — հարցնում է Արթուրի կինը, Աշխեն Սումբուլյանը- նա միշտ ունեցել է իր քաղաքական հայացքները, նա միշտ ասել է, որ նախկին իշխանությունները սխալ են եղել, հիմա էլ է ասում։ Թե ինչու են իր նկատմամբ այսքան դաժան վարվում այսօր, նա չի հասկանում։ Նա ասում է՝ եթե ես կարողանայի հասկանալ, ինչ է կատարվում,ովքեր են իմ խոշտանգման հետևում կանգնած, կիմանայի, ինչպես պաշտպանվեմ»։

Արթուր Վարդանյանի գործով վերջին դատական նիստի ժամանակ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը միջնորդեցին դատարանին, որ Արթուր Վարդանյանի կալանքը փոխվի անձնական երաշխավորությամբ, սակայն դատավոր Արմեն Բեքթաշյանը մերժեց քաղաքական գործիչներին։

Հայեր, պատկերացնու՞մ եք, ձեզ համար հանգիստ ապրում եք, իսկ մի անշահախնդիր մարդ, Արթուր Վարդանեան, ով միայն հայութեան, ասինքն՝ ձեր, մեր բոլորի լաւի մասին է մտածել (սխալ կամ ճիշտ, դա այլ հարց է) հենց այնպէս՝ առանց դատարանի դատապարտման արդէն չորս տարի բանտում է՝ «կագէբէ»-ի բանտում։ Նա ոչ ոքի չի սպանել, որեւէ մէկի նկատմամբ բռնութիւն չի կիրառել, բայց բանտում է․․․

Ու երբ Պարույր Հայրիկեանը, մարդ, ում քսանամեայ բռնադատուած ու արդարացուած լինելն անգամ միայն պիտի զգաստացներ, միջնորդում է գոնէ մինչեւ դատավճիռը Արթուր Վարդանեանին ազատ արձակել, երբ իր մասով նաեւ գրավ է մուծում որպէս երաշխիք, մի «պետական մեղադրող» շտապում է մերժել Հայրիկեանի միջնորդութիւնը եւ ոչ պակաս մի «պետական դատաւոր» էլ շտապում է հաստատել այդ մերժումը։ ՈՒ իրեն «ազգընտիր» համարող վարչապետն էլ, ով իր բանտային երկու-երեք տարին պատմական երեւոյթ է համարում, չի ասում՝ «շրջափակեք դատարանները, ընդվզեք անմարդկային վերաբերմունքի դէմ․․․» Նա միայն մարդկային վերաբերմունքն է ընդվզման արժանի համարում», — գրել է ֆեյսբուքյան իր պատին ԱԻՄ առաջնորդը։

Forrights.am-ի հարցին, թե արդյոք նա քաղբանտարկյա է, Պարույր Հայրիկյանն ասաց․ «Չեմ ուզում անուններ կպցնել։ Մարդ է, որը երեք ու կես տարի է, առանց դատավճռի դատարանում է։ Իր գործողությունների հետևանքով որևէ մեկը չի տուժել»։

Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանող փաստաբան Լևոն Բաղդասարյանը ևս Արթուր Վարդանյանի գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում։

«Զոհ չկա, իրականացված հանցարարք չկա։ Նրան համաներման տակ չգցեցին։ Դատարանը վերջին նիստում մերժեց պարույր Հայրիկյանի և Հայկ Բաբուխանյանի երաշխավորությունները։ Հիմքերը դեռ չգիտեմ, որոշումը դեռ չենք ստացել, բայց համոզված եմ, որ մերժոմը վերացական հիմք ունի, եթե երկու այդքան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչներին երկուսին էլ մերժում են։ Կարծում եմ, քաղաքական երանգ է ստանում հարցը», -ասաց փաստաբանը Forrights.am-ի հետ զրույցում։

Հարցին, թե Արթուրն ինչ է մտածում, ինչու են իրեն պահում կալանքի տակ, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց․ «Նա համոզված է, որ քաղաքական որոշում կա, որ իրեն թողնեն մեկուսացման մեջ»։

Վերջին մեկ տարում Կրոնի հիվանդությամբ տառապող Արթուր Վարդանյանի առողջական վիճակը պարբերաբար վատթարացել է։ Նրան ժամանակ առ ժամանակ տեձղափոխում են քաղաքացիական հիվանդանոց, ապա կրկին հետ են տանում խուց, որտեղ չկա պատշաճ բժշկական հսկողություն։

Հունիսի 18-ին Արթուր Վարդայանի առողջական վիճակը անհանգստացրել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին։ Հիմնարկի նախաձեռնությամբ Վարդանյանին տեղափոխել են մաշկաբանության և սեռավարակության բժշկական կենտրոն։ «Արագ կազմակերպել են ամուսնուս տեղափոխությունը, — պատմում է Աշխեն Սումբուլյանը, -ամբողջ մարմինը ամուսնոս դուրս տված է։ մաշկի տակից ինչ-որ ուռածություն է, նաև թարախային բշտիկներ կան»։

Արթուրի կինը ապշած է մաշկաբանության և սեռավարակության բժշկական կենտրոնում տիրող հակահիգիենիկ պայմաններով։ «Այստեղ ամեն քայլափոխին վիրուս է։ Հին ներքնակներ, ծածկոցներ չկան, գույքը ջարդուխուրդ եղած։ Ինչպե՞ս են այստեղ կարողանում մաշկային խնդիրներ լուծել։ Այստեղ երեխաներ կան պարկած։ Ես շոկի մեջ եմ, իմ ամբողջ կյանքում այսպիսի հիվանդանոց չեմ տեսել։ Հատակը կեղտոտ, պալատները կեղտոտ։ Այստեղ հիմա հինգ մահճակալ է դրված, սավաններ չկան։ գիշերը միջատներ են դուրս գալիս ներքնակների տակից», -ասում է կինը։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest