Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի և նույն վարչության ՀԿԳ քննիչներ Արայիկ Ներսիսյանի ու Արտակ Հովհաննսիյանի գործով քննությունը:
Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց Թաթուլ Շուշանյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով՝ պատգամավորական անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին:
Միջնորդության հիմքում Ալումյանը մի քանի փաստարկ ներկայացրեց, շեշտելով՝ իր պաշտպանյալն այս պահին անօրինական կալանքի տակ է պահվում, քանի որ գործող կալանքն անժամկետ է նշանակված: Ըստ պաշտպանի, օրենքով սահմանված կարգով, կալանքն ընտրվում է երկամսյա ժամկետով.
«Անցել է բավականին ժամանակ, ինչն իրենից ենթադրում է, որ վերացել է գործով անցնող վկաների նկատմամբ ենթադրյալ ճնշում գործադրելու ռիսկը: Մեղադրանքի կողմի դատակոչած վկաների մեծ մասն արդեն իսկ հարցաքննվել են, ուստի պաշտպանյալիս ազատության մեջ հայտնվելը որևէ ազդեցություն չի ունենա վկաների վրա: Դատարանին խնդրում եմ պատրվակներ չփնտրել, եթե իրական պատճառ կա, որ գործով վկաների նկատմամբ հնարավոր է ճնշում գործադրվի կամ ահաբեկվեն նրանք, ապա դրա համար այլ գործիքակազմ կա՝ վկաների նկատմամբ կիրառել պաշտպանության միջոցներ:
Բացի վերոնշյալից, հաշվի առնենք, որ դատական գործընթացն արդեն վաղուց չի ընթանում ողջամիտ ժամկետներում, ուստի միջնորդում եմ խափանման միջոց կալանքը փոխարինել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Արտյոմ Ծառուկյանի անձնական երաշխավորությունը»,- նշեց պաշտպան Ալումյանը:
Անձնական երաշխավորություն ներկայացնելով, պատգամավորները երաշխավորում էին, որ ամբաստանյալը, հայտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծը, վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա դատական նիստերին և չի խոչընդոտի դատաքննության գործընթացին:
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց հենց Շուշանյանը: Սկզբում նա ներկայացրեց իր կենսագրական տվյալները, նշելով, թե ինչպես է աստիճանաբար հասել ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնին, ապա հայտարարեց՝ առաջադրված մեղադրանքը որևէ կապ չունի իր հետ, այն անհիմն է ու անհստակ, հիմնված է ենթադրությունների վրա, գործի որոշ հանգամանքներ հարմարեցված են համապատասխան պաշտոնատար անձանց ցանկություններին.
«Ես կաշառք չեմ ստացել, քննիչ Ներսիսյանին որևէ անօրեն ցուցում չեմ տվել: Այո՛, Կամո Փիրուզյանի սպանության գործով քննարկումներ են եղել իմ մասնակցությամբ, քննիչը ներկայացրել է քննության ընթացքը, ես էլ համաձայն եմ եղել, որ սպանությունը որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ որպես «հասարակ» սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքի, տվյալ դեպքում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված լինելն է որպես ծանրացուցիչ հանգամանք դիտարկվում, ինչը հաստատող բավարար ապացույցներ ձեռք չէին բերվել»,- իր խոսքում նշեց Շուշանյանը:
Լոռու մարզային վարչության նախկին պետը հավելեց, որ մեղադրանք առաջադրվելու օրվանից դադարեցրել է զբաղեցնել պաշտոնը, սակայն մինչ օրս շարունակվում է արծարծվել այն միտքը, թե ազատության մեջ հայտնվելով ինքը կօգտագործի պաշտոնեական դիրքը և կազդի քննության ընթացքի վրա:
«Ես ամբողջ կյանքս ձգտել եմ պաշտոնի, իմացել եմ՝ դա լավ բան է, բայց հիմա իմ պաշտոնն իմ դեմ օգտագործվեց: Իմ անմեղության կանխավարկածն այսօր այնպես է ոտնահարված, այնպես են ինձ խայտառակել, որ իմ կողմից որևէ մեկի վրա ազդեցության մասին խոսելն այլևս իմաստ չունի»,–իր խոսքն ավարտեց ամբաստանյալը:
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հրաժարվեց այսօր որևէ դիրքորոշում հայտնել, հայտարարելով, որ պետք է ծանոթանա պաշտպանական կողմի բերված փաստարկումների հետ: Ալումյանին վրդովեցրեց դատախազի հայտարարությունը: Նա նշեց, որ միջնորդության հիմքում եղած փաստերը ծավալուն չեն, ուստի հնարավոր է ընդամենը 10 րոպեում ծանոթանալ միջնորդությանը: Սակայն դատախազը կրկին ժամանակ խնդրեց դատարանից, ինչի հետևանքով էլ դատավորը նիստը հետաձգեց:
Դահլիճում ներկա պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, սակայն տեղում դժգոհեց դատավորի որոշումից՝ նշելով, որ դատախազությունը շատ լավ ծանոթ է իրենց միջնորդությանը, քանի որ նմանատիպ միջնորդություն իրենք ներկայացրել էին նաև ավելի վաղ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ առարկեց նախագահողի գործողությունների դեմ՝ ասելով, որ դատական նիստը հետաձգվել է և դահլիճում ներկա անձն իրավունք չունի տեղից հայտարարություն անելու։
Դատարանը կրկին հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է և տեղի տալով պաշտպանական կողմին, հավելեց՝ միջնորդության քննությունը կշարունակվի հունիսի 25-ին:
Հշեցնենք, որ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդիում սպանված Կամո Փիրուզյանի գործով կաշառք ստանալու և մարդասպանին՝ Վլադիմիր Դավթյանին, համեմատաբար մեղմ մեղադրանք առաջադրելու համար։ Իսկ ՀԿԳ քննիչները մեղադրվում են իրենց պաշտոնեական լիազորությունները շահադիտական, կամ այլ նպատակներով չարաշահելու համար: Շուշանյանը շուրջ մեկուկես տարի տևած գործի քննության ընթացքում արդեն իսկ երեք անգամ կալանավորվել է:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: