«9:10 ես զանգել եմ իմ որդուն, պատասխանող չկար:Հետո վերցնում ա մի աղջիկ ու ասում, որ տղաս գտնվում է վերակենդանցման բաժանմունքում։ Ես տեսա արյան լճակ, որը ինձ քաշեց, հետագայում իմացա, որ դա որդուս արյունն է»,- Վերաքննիչ քրեական դատարանում ելույթի ժամանակ նշեց Մարտի 1-ի արյունալի օրերին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Տուժողի իրավահաջորդը պնդեց, որ Մարտի 1-ի անկարգությունների համար սադրիչներ են գործի դրվել: Բացի դրանից, ինքը վաղուց գիտի որդուն սպանողի անունը, ինչի մասին բազմիցս հայտնել է վարույթն իրականացնող մարմնին:
«Ընդդիմության ձեռքին զենք չի եղել: Փաստաբանները հակառակ պնդումներն են անում, ֆիլմեր են ցույց տալիս, բայց չկա նման բան ընդդիմության ձեռքին մեկ զենք անգամ չի եղել», հայտարարեց Սարգիս Քլոյանը, ապա հռետորական հարց հնչեցրեց.- «Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին հրաման արձակել՝ չկրակել ժողովրդի վրա: Թող ասեր՝ ինչ ուզում եք արեք, ժողովրդի վրա չկրակե՛ք։ Նման մի հրաման արձակելուց հետո մենք ստեղ նստած չէինք լինի, ինքն էլ երևի չէր դատապարվի»։
Զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Սամվել Ֆարմանյանը, շարունակելով Քլոյանի խոսքը, նշեց, որ այս ողջ տարիների ընթացքում՝ Ռոբերտ Քոչարյանն անգամ մի «ստից հայտարարությամբ հանդես չի եկել,մի մխիթարող խոսք չի ուղղել ծնողներին ու հարազատներին».
«Ես երանի կտայի, որ որդուս խփեին սահմանին, ոչ թե ՀՀ-ի կենտրոնում»,- հուզված հայտարարեց Ֆարմանյանը:
Բավականին հուզված ելույթ ունեցավ Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը։ Ողջ խոսքի ընթացքում նա լաց էր լինում, չնայած պարբերաբար դատավոր Դանիելյանը նրան հորդորում էր նստած խոսել:
«Սամվել Նիկոյանն ինձ ասում էր՝ քոռ գյուլլա է եղել, կպել ա քո էրեխուն․ Էդ թուրքն եկա՞վ խփեց քո զինվորին, չիմացա՞ր։ Ինչի՞ համար խփեցին. որ ապացուցեին զորքի կողմից էլ կար, արտակարգ դրությո՞ւն մտցնեին։ Ես համոզված եմ, որ եղել ա կամ գեներալ Գրիգոր Գրիգորյանը, կամ վերջում պարզվեց հատուկ ջոկատ է եղել։ Իմ որդին հետ չի գա, նա երկրորդ կուրսի ուսանող էր, կարող էր ձեր նման մեկի փոխարեն ինքը նստած լիներ, ինչի՞ զոհ գնաց իմ որդին: Իմանամ էլի, որ շուն-շանորդին արեց»,- հուզված իր խոսքը շարունակեց տիկին Ռուզաննան:
Տուժողի իրավահաջորդի համար միևնույնն է՝ կդատվի՞ Քոչարյանը, թե՞ ոչ, միևնույն է նրա որդին հետ չի գա.
«Ես ի՞նչ անեմ հիմա, ո՞վ կարա պատասխան տա, ինչի՞ համար զոհվեց իմ որդին, անկարգությո՞ւն էր արել, թալանե՞լ էր, որ խփեցին էրեխուս»:
Նրանք բոլորն իրենք խոսքի վերջում պնդեցին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի կալանքը։
Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, բողքի քննությունն այսօր հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստին բողոքների վերաբերյալ իրենց առարկությունները կներկայացնեն գործով պաշտպանները։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի-18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: