«Սահմանադրական դատարանը կարող է և պետք է միավորող մարմին դառնա: Եվ դա անիրական չէ»,- այսօր ԱԺ նիստին ՍԴ դատավորի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց այդ պաշտոնի միակ հավակնորդ Վահե Գրիգորյանը:
Ըստ փաստաբանի՝ Սահմանադրական դատարանն իր հեղինակության նկատմամբ ամենազգալի հարվածը «կերել է» ընտրական վեճերով իրականացված արդարադատության արդյունքում կայացրած որոշումների հետևանքով.
«ՍԴ հետագա քննադատությունն ամենաանօգտակար գործն է, հատկապես, եթե չկա գործողությունների կոնկրետ ծրագիր ՍԴ նկատմամբ վստահության բարձրացման համար: Սահմանադրական դատարանն ամենաթույլն է վիճելի իրավիճակների հետաքննության ժամանակ, որոնք առաջանում են ինչպես ընտրությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո»:
Գրիգորյանի պնդմամբ՝ օբյեկտիվ հիմքեր են եղել, որ Սահմանադրական դատարանն իրեն հեռացրել է փաստերը քննելու, իր սահմանադրական լիազորություններն իրագործելու կարգավիճակից, ինչի արդյունքում այլ իրավասու ատյանների կողմից կայացված որոշումներով կամ փաստերի վերաբերյալ գնահատականների վրա է սկսել հիմնել իր դատողությունները՝ ընտրությունների արդյունքում կայացրած որոշումների վիճարկման գործերով։
Ներկայացնելով Սահմանադրական դատարանի ձևավորման վերաբերյալ իր տեսլականը, թեկնածուը նշեց, որ այս գործում պետք է մասնակցեն տարբեր հատվածների ներկայացուցիչները:
«Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նախագահի առաջադրած երեք թեկնածուներից մեկը պետք է առաջադրվի Հայաստանի կողմից, մյուսը` Ղարաբաղի և երրորդը սփյուռքի կողմից»,- հավելեց Գրիգորյանը:
ՍԴ դատավորի թեկնածուին հարցուպատասխանի ժամանակ, պատգամավորներից ոմանք թերհավատորեն մոտեցան այն հանգամանքին,որ Վահե Գրիգորյանն իշխող ուժում ունի ընկերներ, ինչը կարող է նրան կաշկանդել: Վերջինս չհերքեց, որ ընկերներ ունի ինչպես «Իմ քայլ»-ում,այնպես էլ այլ կուսդակցություններում և դաշինքներում.
«Ես չէի կարող չունենալ, որովհետև իմ գործունեությունը լիովին ուղղված էր քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, և ծառայության հասցեատերերը մարդիկ են, որոնք եղել են հետապնդումների առարկա։ Բայց մեր ընկերությունը հիմնված է գաղափարական հենքի վրա, և դա ընդհանուր երազանք էր և ընդհանուր նպատակ՝ ստեղծել ազատ դեմոկրատական համակարգ Հայաստանում»,- պարզաբանեց Գրիգորյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելով օրենք է անտեսվել, «Բարգավաճ Հայաստան»-ը նշեց, որ ՍԴ դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի, իսկ «Իմ քայլ»-ից հայտարարեցին, որ առաջադրված թեկնածուն իշխանության թեկնածուն է։
ԼՀԿ-ի անունից ելույթով հանդես եկավ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ով նշեց, որ վերացարկվելով բոլոր թեկնածուների անձերից, պետք է ինստիտուցիոնալ մտածել։
«Եթե ցանկանում ենք մեր ընդգծված ցանկալի թեկնածուին ընտրեն ինչ-որ պաշտոնում, պետք է խիստ հաշվարկով մոտենանք՝ հասկանալով, որ դատական համակարգն այլ համակարգ է, ՍԴ-ի համար առաջադրվող պահանջներն այլ պահանջներ են»,- ասաց նա։
ԲՀԿ-ի անունից խոսեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով նշեց, որ ՍԴ դատավորը ոչ մի դեպքում չպետք է լինի խոցելի։ «Որովհետև վաղը երբ ինչ-որ հարցեր լինեն, երբ որոշակի որոշումներ ընդունվեն, չպետք է ոչ մի դեպքում թույլ տանք, որ այն մարդը, որ մասնակցում է որոշումներ կայացնելուն, լինի խոցելի»,-ասաց նա։
Արման Աբովյանն էլ իր հերթին նշեց՝ այո՛, քաղաքական կոմպոնենտ դատավորի որոշման մեջ չպետք է լինի, այլ պետք է լինի օրենքի գերակայություն։
«Ով ուզում է լինի, երբ ուզում է լինի, ինչ կարգով ուզում է լինի, մենք միշտ ունենալու ենք հարցեր, միշտ կասկածի տակ ենք դնելու յուրաքանչյուր, նույնիսկ ամենափայլուն թեկնածուին, ոչ թե այն պատճառով, որ փորձում ենք դիվիդենտներ քաղել, այլ այն րոպեից, երբ հարցերը կվերջանան, ուրեմն ՀՀ-ում քաղաքականությունը կվերջանա»,-ասաց նա։
Հարցուպատասխանից հետո պատգամավորներն անցան գաղտնի քվեարկության:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեց նախագահին նման վստահության համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: