«Արմավիր» ՔԿՀ կալանավոր, ծնունդով Սպիտակ քաղաքից 32-ամյա Վահե Մելոյանը դեռ շարունակում է իր հացադուլը։
Քրեակատարողական ծառայությունից Forrights-ին տեղեկացրին, որ ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանին հունիսի 15-ին տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց, վերջինս այս պահին էլ է դեռ գտնվում այնտեղ․ «Առողջական վիճակը էական փոփոխություն չկա՝ նորմայի սահմաններում է»,-ն հավելեցին, որ կաթիլային ներարկման անհրաժեշտություն չկա։
Վահե Մելոյանը ծարահեղ այս քայլով իր բողոքն է արտահայտում քննչական մարմինների դեմ՝ պնդելով, որ իրեն կեղծ մեղադրանք են առաջադրել: Նրան մեղադրում են ավազակային հարձակման մեջ։
Փաստաբան Գևորգ Ստեփանյանը Forrights-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին հորդորել է դուրս գալ հացադուլից, սակայն դեռ արդյունք չկա:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երեկի Վահե Մելոյանին այցելել են քննիչները, ըստ նախնական պայմանավորվածության վերջինս պետք է հրաժարվեր հացադուլից և նոր երևան եկած հանգամանքների մասին խոսեր քննիչների հետ, սակայն Վահե Մելոյանը հրաժարվել է խոսել և դուրս գալ հացադուլից։
Forrights-ը փորձեց ՄԻՊ-ի գրասենյակից ևս ճշտել կալանավոր Վահե Մելոյանի վիճակի մասին, թե արդյո՞ք ՄԻՊ-ն այցելել է հացադուլավորին, սակայն հաապարփակ տեղեկատվություն տրամադրել չկարողացան, նշելով, որ կապվենք ավելի ուշ
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, Forrights-ին ահազանգել էր Վահե Մելոյանի մայրը, որ իր որդին երկարատև հացադուլի մեջ է և նույնսիկ սկսել է հրաժարվել ջրից․
«Հազում է, հազալուց արյուն է գալիս, մեզի մեջ ևս արյուն է»,- փոխանցել էր Վահե Մելոյանի մայրը՝ տիկին Վերան:
Նշենք, որ 32-ամյա Վահե Մելոյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և բանակից ազատվել է հոգեկան հիվանդություն ունենալու փաստով։ Մայրը՝ Վերան որոդու հոգեկան հիվանդությունը կապում է 2 տարեկան հասակում Սպիտակի երկրաշարժի ժամանակ երեխայի փլատակների տակ մնալու հետ և ասում է, որ դա է որդու հիվանդության համար հիմք հանդիսացել ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: