49 օր հացադուլի մեջ գտնվող «Արմավիր» ՔԿՀ կալանավոր, ծնունդով Սպիտակ քաղաքից 32-ամյա Վահե Մելոյանը վիճակը ծանր է:
Քրեակատարողական ծառայությունից Forrights-ին տեղեկացրին, որ ապրիլի 30-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանին հունիսի 15-ին տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց, վերջինս այս պահին էլ է գտնվում այնտեղ․ «Առողջական վիճակը բավարար է, այս պահին էլ գտնվում է զննման և հետազոտությունների փուլում»։
Վահե Մելոյանը ծարահեղ այս քայլով իր բողոքն է արտահայտում քննչական մարմինների դեմ՝ պնդելով, որ իրեն կեղծ մեղադրանք են առաջադրել: Նրան մեղադրում են ավազակային հարձակման մեջ։
Փաստաբան Գևորգ Ստեփանյանը Forrights-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին այցելել էր իր պաշտպանյալին՝ վիճակը ծանր է։
Փաստաբանը նաև ասաց, որ իր պաշտպանյալին հորդորել է դուրս գալ հացադուլից, սակայն դեռ արդյունք չկա:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ քննիչները չեն այցելել Վահե Մելոյանին, սակայն նախորդ շաբաթ կալանավորը ցանկություն էի հայտնել խոսել վերջիններիս հետ՝ նոր երևան եկած հանգտամանքների մասին։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, Forrights-ին ահազանգել էր Վահե Մելոյանի մայրը, որ իր որդին երկարատև հացադուլի մեջ է և նույնսիկ սկսել է հրաժարվել ջրից․
«Հազում է, հազալուց արյուն է գալիս, մեզի մեջ ևս արյուն է»,- փոխանցել էր Վահե Մելոյանի մայրը՝ տիկին Վերան:
Նշենք, որ 32-ամյա Վահե Մելոյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և բանակից ազատվել է հոգեկան հիվանդություն ունենալու փաստով։ Մայրը՝ Վերան որոդու հոգեկան հիվանդությունը կապում է 2 տարեկան հասակում Սպիտակի երկրաշարժի ժամանակ երեխայի փլատակների տակ մնալու հետ և ասում է, որ դա է որդու հիվանդության համար հիմք հանդիսացել ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: