Հունիսի 1-ին հակառակորդի գնդակից զոհված 19-ամյա Սիփան Մելքոնյանի մայրը՝ Գյուլնարան, դեռևս ուշքի չի եկել միակ որդու կորստից։

«Իմ տղան աֆիցեռների ու ղեկավարության անփութության պատճառով իր արյան գնով համ նրանց կյանքը փրկեց, համ էլ պոստը։ Նա հերոս է․աֆիցեռներն են մեղավոր, որ 19 տարեկան երեխուն դրել են պոստին ու իրենք չեն եղել, երեխեն կես ժամից պետք ա սմենափոխ լիներ։ Չեն նայել, քնած են եղել։ Դիվերսիան եկել է, իմ տղեն ահազանգ է տվել, կրակոց է արձակել, թե չէ դրանք պիտի մտնեին բլինդաժ, եթե դրանք բլինդաժ մտնեին դանակով պիտի մորթեին։ Ու ամբողջ էդ Մարտունու պոստը գրաված ա եղել, իսկ ինքն ահազանգել է, կրակել, բայց աֆիցեռները թողել փախել են»,- որդու մահվան հետ կապված իր ունեցած տեղեկություններն է պատմում մայրը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով՝ ՊԲ զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Որդու պարգևատրումը Գյուլնարային բոլորովին չի ոգևորել։

«Ինձ պետք չի, չի հետաքրքրում, երբ որ երեխեդ չկա։ Նախարար Դավիթ Տոնոյանն էլ էր եկել հոգեհանգստի արարողությանը, մոտեցավ խոսեց, բայց ոչ մի բան չփոխվեց, ոչ ոգևորվա, ոչ կարողացա խոսել․․․»,- Գյուլնարան փորձում է զսպել արցունքները։

Իսկ այն, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել Սիփանի մահվան համար «պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, Գյուլնարային նույնպես չի հետաքրքրում։ Նա ուզում է, որ պատժվեն որդուն սահմանին մենակ թողած, անփութություն դրսևորած սպաներն ու պատասխանատուները․

«Թուրքի դեմ չեմ չարացել, ես իրանց անփութության դեմ եմ չարացած։ Թուրքը պետք ա իրա թրքությունն անի, բա մերոնք, որ ամեն անգամ իրենց անփութության համար են մեղավոր։ Դրանք են պատասխան տալու, ոչ թե գնան թուրքին խփեն ու ասեն՝ վրեժ լուծեցինք Սիփանի համար, ինձ էդ պետք չէր։ Ժամանակին հսկեին, բարձիթող են եղել, դրանից ա եղել։ Ես թուրքի դեմ չարացած չեմ, 19 տարեկան տղան էլ մեղավոր չէր։ Թուրքի երեխեն էլ էր երեխա»։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստացել է հետևել քննությանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

«Հետաքննություն է գնում։ Մեզ մոտ ոչ մի մարդ չի եկել, մենակ Տոնոյանն եկավ ասեց, որ հետաքննություն է գնում։ Ես վստահում եմ Տոնոյանին, որ կբացահայտի անփույթներին՝ հետևողական կլինի։ Դե սպասում ենք, որ կգան կհարցաքննեն։ Ես իրանց վրա եմ ջղայնանում, թե չէ 18 տարեկան թուրքը իմ երեխու նման երեխա էր։ Եթե իրենք զգոն լինեին, դեպքը չէր լինի»։

Սիփանը դեպքից մեկ շաբաթ առաջ տանն էր, արձակուրդ էր եկել 8 օրով։ Մայրն ասում է՝ լավ էր, բայց շատ անհանգիստ էր ու տխուր։ Նույն տրամադրությունն է ունեցել նաև մահվան նախօրեին՝ հարազատների հետ խոսելիս։ Անհանգստության, տխրության պատճառները մայրը չգիտի, չի կիսվել իրենց հետ։

«Չգիտենք, թե ինչի համար էր անհանգիստ, տրամադրություն չուներ, հետո էնտեղից էլ, որ խոսում էինք, էլի տրամադրություն չուներ։ 1 օր առաջ էինք իր հետ խոսել, ասեց, որ տրամադրություն չունեմ, բայց ուղղակի զանգում եմ ասեմ, որ լավ եմ՝ չանհանգստանաք։ Մտերիմ էինք, բայց ոչինչ չէր ասում, որ չանհանգստանայինք»։

Սիփանը սովորում էր Մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, 3-րդ կուրսում զորակոչվեց բանակ։ «Ինքն էնքան նպատակներ ուներ, ուզում էր մագիստրատուրա տար»:․

«Ինքն էնքան կազմակերպված, բարի մարդ էր, որ երևի էս չար աշխարհի համար էդ բարի երեխեն շատ էր։ Իրա աչքերի մեջ, որ նայեիր անմեղություն էր հոսում։ Ինքն էնքան ընկերասեր, նվիրված, կազմակերպված, պարտաճանաչ, երևի ամեն ինչն իրա մոտ շատ լավ էր, դրա համար էլ էդ բախտին արժանացավ․․․»,- զուսպ լալիս է մայրը։

Զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան լուրը ընտանիքին հայտնել է Քասախ համայնքի գյուղապետ Արա Մկրտչյանը։

«Առավոտ շուտ, մեր մարզի Զինվորական կոմիսարն ինձ հաղորդեց էդ լուրը։ Եկանք, գյուղապետարանում հավաքվեցինք զինկոմի և գյուղապետարանի ներկայացուցիչներով, բավականին երկար մտածելուց հետո, որովհետև ոչ մեկիս իրեն չէր վերապահում էդ մահվան լուրը հայտնել ծնողներին։ Վերջում ես իմ մեջ գտա էդ ուժը և զինվորական կոմիսարի ուղեկցությամբ գնացինք իրենց տուն։ Հանդիպեցինք մորը։ Մինչև բառացի ասելը, մայրական զգացողությունները տեղի տվեցին, ոնց որ ինչ-որ բան գուշակեց ինքը, դրանից հետո ամեն ինչ պարզ է․․․»։

Գյուղապետն ասում է, որ ամբողջ գյուղը մասնակցել է զինծառայողի թաղման արարողությանը, չի եղել տուն, որ չգային ու չկանգնեին զինվոր կորցրած ընտանիքի կողքին, կիսեին նրանց վիշտը։

«Ինքը շատ խելոք, սիրված ընկերական շրջապատի կողմից տղա էր։ Ոչ մի հակահասարակական արարք նրա կողմից համայնքում գրանցված չկա։ Նույնիսկ ասեմ, որ համայնքում կային մարդիկ, որ այդ երեխու մասին չգիտեին, այսինքն, դպրոցը նորմալ ավարտել էր, գնացել էր ուսումն էր շարունակել, էնպես որ բավականին դրական շատ լավ երիտասարդ էր։

Գյուղապետ Արա Մկրտչյանն ինքը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, սահմանին զոհեր ունենալը գնահատում է, որպես իրավիճակ, որից խուսափելը դժվար է։

«Սահմանին կորուստներ ունենալուն վերաբերվելու բան չկա, մարդ են։ Դա քաղաքականություն է։ Իհարկե, վերջին տարվող քաղաքականությունից մի քիչ հանգստացած էինք, կարծես թե էլ ավելի վստահ էինք զգում և խաղաղ բնակչությունը, և մեր զինվորները, որ նմանատիպ ստոր դիվերսիոն քայլեր չի լինելու։ Ցավոք, մեր Սիփանը եղավ 2019թ-ի առաջին զոհն էր»։

Հայկական կողմի պատասխան պատժիչ գործողություններին և հակառակորդի կողմից զոհ արձանագրելուն, գյուղապետը գնահատում է ոչ թե որպես մարդու, այլ՝ հակառակորդի․

«Ես իհարկե, ոչ մի կասկած չունեմ նախարարի բարոյական և զինվորական կերպարի հանդեպ։ Ես ինչ–որ տեղ շնորհակալ եմ նախարարից, մենք առանձնազրույց ունեցանք, և նույնիսկ ոչ առանձնազրույցի համար նախարարն ասաց, որ մենք վրեժխնդիր ենք լինելու։ Եվ երբ լսեցի այդ լուրը, որ վրեժխնդիր են եղել, մեջս հպարտություն ապրեցի, որ այո՛, անհրաժեշտ է յուրաքանչյուր նմանատիպ արարքին պատասխանել իրենց իսկ ոճով։ Ես մի քիչ զինվորականության հետ կապված մարդ եմ եղել, էս պարագայում նայում եմ ոչ թե մարդ, այլ հակառակորդ»։

Գյուղապետն ասում է, որ ադրբեջանցիների մոտ այդ ոգին, բարոյականությունը չկա, եթե չկա, նրանք պետք է պատասխանը ստանան համարժեք։ Միշտ է պետք հակահարված տալ․

«Մարդասիրական քաղաքականությունը, խաղաղասիրական քաղաքականությունը նրանք գնահատում են որպես մեր թուլության և մեր վախկոտության առանձնահատկություն, իբրև մենք վախենում ենք, որ պատասխան չենք տալիս։ Նրանց պետք է հիշեցնել 90-ական թվականները, երբ մի քիչ թուլացանք, բնական է՝ թշնամին օգտվելու է այդ ամեն ինչից, մեր ներքաղաքական իրավիճակից։ Դեռ հայի ոգին պահպանվում է։ Ապրիլյանին ընդամենը մի քանի ժամ պահանջվեց, որ երեք հազար ազատամարտիկ հավաքվի գնա կռիվ։ Մենք համախմբված ենք, օրհասական պահին, գոնե էդ փրկում է մեզ«։

Ժաննա Ալեքսանյան

Լուսանկարները՝ Անի Գևորգյանի

Pin It on Pinterest