Մայոր, Դիլիջանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ Միհրան Ոսկանյանը վերջին օրերն է ապրում ազատության մեջ, ընտանիքի հետ՝ կնոջ և երկու անչափահաս երեխաների:
Երկուշաբթի, հունիսի 17-ին նա հանձնվելու է իրավապահերին: Նրա փաստաբան
Հակոբ Ճարոյանը ծանր բեռ է վերցրել՝ պաշտպանել սպայի, որը դատապարտվել է ժամկետային զինծառայող Միքայել Տեր-Մինասյանին հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու, նրա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար:
Տավուշի ընդհանուր իրավասության դատարանը մայորին մեղավոր է ճանաչել այս արարքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 1-ի մասով, նրան դատապարտելով ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով: Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ հաստատել է առաջին ատյանի դատավճիռը, իսկ վճռաբեկ ատյանը, որում Ճարոյանը ստանձնել է մայորի պաշտպանությունը, գործը քննության չի առել:
Չնայած դրան, այսօր էլ, դեպքից 3 տարի անց, Միհրան Ոսկանյանը պնդում է, որ երբեք չի հարվածել Միքայել Տեր-Մինասյանին: «Նա համակարգչի աշխատանքներ էր անում: Իմ սենյակում է նստել, միասին հաց ենք կերել, հարազատի պես եմ վերաբերվել: Առերեսման ժամանակ նայել եմ աչքերին, ասել եմ՝ խ՞ի տենց բան արիր, բա ամոթ չ՞ի: Նա ինձ ասել է, որ ռազմական ոստիկանությունում են ասել, որ գրի իմ վրա», — պատմում է սպան: Թե ինչու է ռազմական ոստիկանությունը նման բան արել՝ նա չգիտի:
Փաստաբան Հակոբ Ճարոյանն էլ պատրաստվում է շարքային Միքայել Տեր-Մինասյանի դեմ հաղորդում ներկայացնել դատախազություն սուտ մատնության վերաբերյալ: Հանուն ճշմարտության, կողմերից որևէ մեկի շահերը չոտնահարելով, նրանց փաստարկները ներկայացնում ենք հանրության դատին առանց մեկնաբանության:
Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 17.00 սահմաններում զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Արթուր Հակոբյանի աշխատասենյակում:
Ըստ դատական գործի նյութերի, Հակոբյանն իր աշխատասենյակ է կանչել շարքային Միքայել Տեր-Մինասյանին համակարգչով աշխատելու համար: Ներս է մտել մարտական ծառայության գծով հրամանատարի տեղակալ Միհրան Ոսկանյանը և խնդրել է, որ Միքայելը սկզբում իր աշխատանքը կատարի համակարգչով, քանի որ իր առաջադրանքն ավելի հրատապ է:
Երբ Միքայելը սկսել է աշխատել, զինվորական մետաղական աթոռին նստած, Ոսկանյանը, որը նրա թիկունքում տեքստն էր թելադրում, մի պահ ձեռքով հարվածել է նրա պարանոցին, իսկ քիչ ժամանակ անց էլ բռունցքով հարվածել է նրա գոտկատեղին: Հաջորդ օրը առավոտյան վաշտի զորանոցում, տղան ուժգին ցավեր է զգացել, նրան տարել են բուժկետ, հետո՝ Դիլիջանի հիվանդանոց, որտեղ շտապ հեռացրել են փայծաղը:
Առաջին իսկ հարցը, որն առաջանում է այս նկարագրությունից՝ ինչո՞ւ է մայորը հարվածել տղային, որը նստած ճգնում է արագ կատարել իր իսկ տված առաջադրանքը: Գործում գրված է. «առանց որևէ պատճառի»: Միքայելի հոր՝Արսեն Տեր-Մինասյանի բացատրությունը հետևյալն է.
«Միհրան Ոսկանյանը եկել է Հակոբյանի աշխատասենյակ և ասել է, որ տղաս իր գործը սկզբից կատարի: Տղաս ասել է. «Ես չեմ կարող, հիմա զբաղված եմ»: Մինչև զամպալիտ Հակոբյանը իրեն չասեր, ինքը չէր կարող այլ աշխատանք կատարել: Այդ խոսքերի շուրջ են եղել հարվածները: Զամպալիտ Հակոբյանը ասել է՝ գլխին մի խփի, առանց էն ել տեսողությունը վատ է»: Ինքը՝ նախկին շարքային Միքայել Տեր-Մինասյանը հրաժարվեց մեզ հետ զրույցից: Նրա մայրը՝ Զարուհի Օհանյանը, պատճառաբանեց, որ որդին երկար ժամանակ սթրեսների տակ է, հիմա էլ նրա սթրեսները չեն անցել:
Դատարանում զամպալիտը հայտնել է, որ Միհրան Ոսկանյանը Միքայելին չի հարվածել: Նույնը պնդել են սենյակում գտնվող բոլոր անձինք: Գործով տուժող Միքայել Տեր-Մինասյանը երկու հակասական ցուցմունք է տվել: Առաջին անգամ նա իրեն հասցված հարվածների մասին չի հայտնել, ասելով, որ դեպքի նախորդող օրերին մի քանի անգամ ընկել է ձյան և սառույցի վրա, որ ֆիզիկական վարժություններ է արել, ծանր կշռաքարեր է բարձրացրել: Հետագայում պատմել է, որ իրեն հարվածել է մայոր Միհրան Ոսկանյանը:
Մայոր Ոսկանյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը ասում է, որ իր պաշտպանյալին դատապարտել են մեկ անձի՝ շարքային Միքայել Տեր-Մինասյանի ցուցմունքով: Այլ ապացույց, ըստ նրա, գործում չկա: «2014 թվականին զինծառայողը բժշկական զննություն է անցել: Նրան ասել են, որ փայծաղը մեծացած է, որ նրան հակացուցված են ֆիզիկական վարժություններ և ծանրություն բարձրացնել: Այս թղթերը նա ներկայացրել է միայն փայծաղի հետ կապված միջադեպից հետո: գործում այս փաստաթղթերը կան, ինքը դրանց մասին բացատրություն է տվել: Եթե նա ներկայացներ այս թղթերը, գուցե նրան բանակ չզորակոչեին»: — ասում է փաստաբանը: Նա համարում է, որ փայծաղի վիրահատությունը հենց ֆիզիկական ծանրաբերռնվածության հետևանք են:
Նախկին զինվորի հայրը պնդում է, որ իր որդին ունեցել է փահծաղի խնդիր, բայց բուժվել է և բանակային ծառայության է գնացել առանց որևէ առողջական խնդիր ունենալու, նշելով. «Իմ որդին սկզբից սուտ է ասել, որովհետև վստահ չի եղել, որ չի շարունակի ծառայությունը և բուժվելուց հետո իրեն չեն ուղարկի այս նույն զորամաս, այդ մարդկանց մոտ: Երբ իմացել է, որ տուն է վերադառնալու, ճիշտն է ասել՝ իրեն հարվածել է մայորը»:
Դատաբժշկական փորձագետի 19.12.2016թ. եզրակացության համաձայն, պատռվածքը բութ առարկայի հարվածից է եղել: Դատարանում նա պնդել է. «Հնարավոր չէ փայծաղը պատռվի վայր ընկնելու կամ մարզվելու կամ ֆիզիկական գերծանրաբեռնվածության հետևանքով»:
Ըստ դատաբժշկական եզրակացության, շարքային Միքայել Տեր-Մինասյանի ստացած մարմնական վնասվածքը փայծաղի սուբկապսուլյար հեմատոմային պատռվածքի ձևով, «որի հետևանքով առաջացել է ներքին արյունահոսություն և զարգացել է հեմոռագիկ շոկ /համաձայն բժշկական փաստաթղթերի/, պատճառվել է բութ, կոշտ առարկայի ներգործությամբ, հնարավոր է, առաջացած լիներ որոշման մեջ նշված ժամանակին, որը պատճառել է առողջության ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող»:
Փորձագետը գրել է, որ բութ, կոշտ, սահմանափակ մակերես ունեցող արառկան կարող էր լինել նաև մարդու բռունցքը: Եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ Միքայելի փայծաղի պատռվածքն ունի վիրահատությունից մինչև երկու օրվա առաջացման վաղեմություն, ինչն էլ հիմք է տալիս եզրահանգելու, որ փայծաղի պատռվածքի առաջացումը համապատասխանել է որոշման մեջ նկարագրված 2016 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած դեպքի հանգամանքներին:
Դատարանում նա բացի այս ժամկետը, նաև այլ ժամկետ է նշել: Հայտնել է, որ հարվածից երկու ժամվա ընթացքում արյունը հավաքվում է փայծաղի պատյանի մեջ, դրանից էլ տասը ժամ հետո պատյանն է պատռվում, և արյունը լցվում է որովայնի խոռոչ: Այստեղ կա որոշակի հակասություն, որից պաշտպանական կողմը եզրակացնում է, որ հարվածը Միքայելը ստացել է ոչ թե ժամը 17.00 սահմաններում, երբ զամպալիտի սենյակում էր, այլ վիրահատությունից 12 ժամ առաջ՝ գիշերը 12-ի շրջանում:
«Փորձագետն ասում է՝ հավանական վնասվածքը կարող է առաջանալ վիրահատությունից 12 ժամ առաջ, այսինքն՝ 24.00: Առնվազն 6 ժամվա տարբերություն կա, որը նշանակում է, որ մայորի հարվածը չի եղել վնասվածքի պատճառը», — ասում է Հակոբ Ճարոյանը:
«Դատաբժիշկը տալիս ա 2 օրվա վաղեմություն ունի, նաև նշում է, որ խփելուց 2 ժամ հետո արյունը լցվում է որովայնի խոռոչ, դրանից 10 ժամ հետո մարդը պետք է մահանա։ Դե եթե հաշվում ենք զինվորի ցուցմունքով, չի համապատասխանում: Դեպքը տեղի է ունեցել 5-ից 7-ը ընկած ժամանակահատվածում, 2ժամ հետո լցվել է որովայնի խոռոչը, 10 ժամ հետո վատացել է։ Եղավ 15-16 ժամ հետո նոր վատացել է, ինքը 10 ժամ հետո պիտի վատանար դատաբժշկի տվածով։
Ուրեմն իր ցավերը առավոտյան պետք է լինեին՝ 6-ի-7-ի կողմերը, բայց եղել են 11:30-ի կողմերը: Եղավ, որ խաբում է զինվորը, ժամանակագրությունը սխալ է գալիս: Ճիշտը այն է, որ իրեն խփել են գիշերը 12-ին: 2 ժամ հետո արյունը լցվել է որովայնի խոռոչ, դրանից 10 ժամ հետո վատացել է։ էս դեպքում ճիշտ է դատաբժշկի տվածը։ Հենց դրանով էլ ապացուցվում է իմ անմեղությունը: Թե ով է խփել գիշերը զինվորին, էդ ժամանակ ես նրա հետ չեմ եղել, չգիտեմ», — ասում է մայոր Ոսկանյանը:
«Դրանք սուբյեկտիվ ժամկետներ են: Ներքին օրգանի պատռվածք է, որի չափից կախված է, թե քանի ժամում արյունը կհավաքվի: Այդ 6-7 ժամվա տարբերությունը չի կարող ապացույց համարվել: Ասված է՝ վիրահատությունից մինչև երկու օր առաջ», — ասում է Միքայելի հայրը: Նա նաև պատմեց, որ Միքայելը երկու անգամ վիրահատություն է տարել:
«Սկզբում իրեն չէին ուզում վիրահատել, հետո Իջևանում սխալ վիրահատություն են կատարել, սա չկա դատական գործում: Էխո անող կնոջը Միհրանը ասել է՝ մի երկու անգամ խփել ենք, բայց գործի մեջ դա չկա: Էխոյի բժշկուհին հետագայում խուսափել է կրկնել այս մասին: Միհրանի արտահայտությունը՝ հանաքով եմ խփել, նույնպես չկա գործում: Կարող ես հանաք անել քեզ հավասարի հետ, ոչ թե զինվորի, որի չի կարող քեզ պատասխանել, հետադարձ հանաք անել: Դատի ժամանակ, ու դա կա զապիսների մեջ, Միհրան Ոսկանյանը ասել է՝ միջանցքում խփել եմ, բայց չեմ հիշում, ինքն ա եղել, թե չէ: Նա բռբցքամարտիկ է եղել, Ձեզ ասե՞լ է այդ մասին: Երեխեն շարքային լինելով, հիմար չի, երկու մայոր մարդկանց զրպարտի, նրա աչքի դեմն է կատարվել ամեն ինչ, բայց գործում ոչինչ չկա»:
Ոսկանյանը ժխտում է, որ ինքը բռնցքամարտիկ է եղել: Ասում է. «Նրա հայրը ոչինչ չգիտի, սուտ է ասում: Ես երբեք ոչ մի սպորտով չեմ զբաղվել»:
Դատարանում Հակոբ ճարոյանը հայտարարել է, որ պատերազմող երկիրն իրավունք չունի այսպիսի անբավարար ապացույցներով դատել սպայի, որը բազմաթիվ մարտական խրախուսանքներ է ստացել պաշտպանության նախարարությունից: Նրան ասել են՝ զգացմունքային ելույթներ մի ունեցիր:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: