Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի կենտրոնին մոտ, «Չերրիի Վահան» մականունով ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Կարապետյանը խոզաբուծական ֆերմա է հիմնել «Հելսի Լայֆ» ՍՊԸ անվանմամբ և
«անօրինական գործունեություն է ծավալում»։
Խոզաբուծարանում մեծ քանակությամբ խոզերի մորթ է իրականացվում ու մորթի հոտած թափոնների, խոզի արտաթորանքների հոտերը տարածվում են մոտ 4,5 հազար բնակչություն ունեցող գյուղի տարածքով: Բնակչության մեծ մասը վնաս է կրում խոզաբուծարանի գործունեությունից` առաջին հերթին տարեց մարդիկ, հղի կանայք և մանկահասակ երեխաները, որոնց ինքնազգացողությունը պարբերաբար վատանում է, հիվանդանում են:
Համայնքի բնակիչներն ասում են, որ Վահան Կարապետյանին այս ամենը չի հետաքրքրում: Ավելին, նա պնդում է, որ գարշահոտը միայն մեկ փողոցում է տարածվում, սակայն իրականում գյուղի տարածքի ավելի քան 75%-ի բնակիչները բողոքում են, որ իրենց փողոցներում ուժգին գարշահոտ են զգում: Տարածքը, ի սկզբանե անմխիթար վիճակում է եղել և նախատեսված էր խոշոր եղջրավոր անասունների պահման համար, ուստի չունի 2-3 հազար գլուխ խոզերի պահման և մորթի համար համապատասխան պայմաններ։
«Խոզաբուծարանում չեն պահպանվում հիգիենայի կանոնները, չկա ջրահեռացման ու մաքրման համակարգեր և ֆիլտրեր: Մորթից հետո խոզերի մնացորդները ու կեղտերը թափում են գյուղի ոռոգման ջրի առուները, լցնում են խոզանոցի պատերի տակ ու աղտոտում տնամերձ և մշակվող հողատարածքները: Չենք կարողանում հյուրեր ընդունել այս գարշահոտի պատճառով, ամաչում ենք երբ տուն մարդ է գալիս: Կեղտի թափման ցիստերնը տեղադրել են ֆերմայի պարսպից դուրս` գյուղի փողոցներից մեկի ճանապարհի վրա, և ամեն տեղափոխելուց, դատարկելուց, կեղտաջրերը փողոցով հոսում են, թափվում ասֆալտի վրա, գարշահոտ տարածում»:
«Գյուղում այդ հոտերից մլակներն ու վնասատուները շատացել են, այդ հոտը կպնում է լվացքին, չենք կարողանում աշխատանքներ իրականացնել մեր հողատարածքներում, դուրս գալ տներից, պատուհան բացել` հատկապես շոգ ժամերին, ուղիղ իմաստով թունավորվում ենք»,-ասում են գյուղի բնակիչները:
Գյուղացիները պարբերաբար ընդհարումներ են ունենում խոզաբուծարանի աշխատողների հետ։ Սեփականատերը` Վահան Կարապետյանը, Մարմարաշենի բնակիչ չէ և հազվադեպ է գալիս ֆերմա։ Գյուղացիները փորձել են խոսել տիրոջ հետ ու արտահայտել իրենց բողոքը: Անօրինական մորթ անելու մեղադրանքին Կարապետյանը պատասխանել է.
«Լավ եմ անում, անօրինական մորթ եմ արել ու կշարունակեմ անել, իսկ դուք նախանձում եք ինձ: Չե՞ք ուզում՝ ծախե՛ք ձեր տները, գնացեք այստեղից: Ձեզ ո՞վ էր ասել գաք այստեղ տուն կառուցեք կամ գնեք»:
Վահան Կարապետյանը նաև սպառնացել է գյուղացիներին, որ եթե շարունակեն համառել` ավելի շատ կաղտոտի ոռոգման ջուրը ու տարածքը, որպեսզի բոլորին թունավորի:
Forrights-ի հետ զրույցում համայնքի բնակիչները ասացին, որ որոշել են հունիսի 15-ին փակել դեպի խոզաբուծարան տանող ճանապարհը.
«Մի քանի օր առաջ համայնքի բնակիչներով կրկին գնացինք բողոքելու, կռիվներ եղան: Աշխատողները ասացին, որ սեփականատերը այստեղ չէ և որ կգա միայն հունիսի 14-ին, մենք էլ որոշել ենք հաջորդ օրը փակել խոզաբուծարանի ճանապարհը ու կաթվածահար անել դրա աշխատանքը, հնարավոր է դպրոցում դասադուլ էլ կազմակերպենք, այս խնդրին պետք է լուծում տրվի»։
«Դիմել ենք ՀՀ Բնապահպանության նախարարություն և Արարատի մարզպետարան: խոզաբուծարանին տուգանել են 300 հազար դրամով, ինչը Չերիի Վահանի համար մեծ գումար չէ. խոզաբուծարանը շարունակում է գործունեությունը նույն ձևով, նույն խախտումներով, թունավորելով ամբողջ գյուղը: Արդեն երկրորդ տարին է նույն վիճակն է: Հարյուրից ավելի բնակիչների ստորագրություններով դիմել ենք նաև ԱԺ պատգամավորների և Առողջապահության նախարարություն, սակայն պատասխան չկա: Սպասելով շարունակում ենք թունավորվել, չգիտենք` ուր փախնել»,-ասում են Մարմարաշենի բնակիչները։
Մարմարաշենի ավագանին Վահան Կարապետյանին 10 օր ժամանակ էր տվել խոզաբուծարանի աշխատանքը դադարեցնելու համար, սակայն 10 օրը վաղուց անցել է, իսկ խոզաբուծարանը դեռ աշխատում է:
Forrights-ի հետ զրույցում Մարմարաշենի համայնքապետ Էդվարդ Հակոբյանը ասաց, որ համայնքը որևէ իրավասություն չունի «Հելսի լայֆ» ՍՊԸ գործունեությունը դադարեցնելու համար, սակայն անձամբ գյուղապետը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի ֆերմայի գործունեությունը դադարեցվի։ Հակոբյանի խոսքով կամ պետք է գործունեության ձևը փոխել կամ ընդհանրապես փակել խոզաբուծարանը, այլ ելք չկա։
Նշենք, նաև, որ մեզ չհաջողվեց կապվել նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանի հետ
Ռաֆ Ենգիբարյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: