«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արկադի Պապյանը քիչ առաջ կրկին հացադուլ և ջրադուլ հայտարարեց: Նման ծայրահեղ քայլով նա բողոքում է Դատապարտյալիների հիվանդանոցում իրեն հրաժարվում են բուժել.
«Կադոյի շունչը կտրվելով, խորն արտահայտված ալերգիայով ու ծանր վիճակով դուրս են գրում հիվանդանոցից: Երեկ թարախաբշտիկները տրաքել էին, բերանն ամբողջությամբ թարախակալված ա հիմա: Դրան գումարած լյանդի ու լեղապարկի վիճակը լավ չի, անգամ բժիշկներն են ասել էդ մասին: Այս ամբողջը հաշվի առնելով, ո՞նց են դուրս գրում հիվանդանոցից»,- Forrights-ին ահազանգեց դատապարտյալի կինը:
Արկադի Պապյանը հենց հիվանդանոցում է գրել հացադուլ ու ջրադուլ հայտարարելու մասին դիմումը: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, սակայն հայտնեց, որ իրենք դեռևս չեն ստացել նման դիմում, իսկ հիվանդանոցից էլ իրեն տեղեկացրել են, որ դատապարտյալը նման դիմում առհասարակ չի գրել:
«Ո՛չ հացադուլ է հայտարարել, ո՛չ՝ ջրադուլ, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Բացի դրանից, անձամբ խոսեցի դատապարտյալին բուժող բժշկի հետ, ով տեղեկացրեց, որ Արկադի Պապյանն իրեն անհրաժեշտ ստացիոնար բուժումը ստացել է, իսկ հավելյալ դեղորայքային բուժումը կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկում: »,- Forrights-ի հետ զրույցում նշեց Նոնա Նավիկյանը:
Դատապարտյալի կինը կտրուկ հերքեց Քրեակատարողական ծառայության ստացած տեղեկությունը, հստակ հայտարարելով՝ իր ամուսինն անձամբ է գրել հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմումը և ուղարկել ՔԿԾ:
Հավելենք, որ ընդամենը շաբաթներ առաջ էր դատապարտյալ Պապյանը դադարեցրել 38-օրյա հացադուլը և 22-օրյա ջրադուլը, որն անհետևանք չէր մնացել. թույլ էր, հյուծված, առաջացել էր կալցիումի պակաս, ոսկորների թուլացում: Բացի դրանից, այդ ընթացքում տևական ժամանակ հրաժարվել էր նաև բուժսպասարկումից։
Դատապարտյալի՝ հացադուլից հրաժարվելուն նպաստել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած դատական ռեֆորմ սկսելու մասին վճռականությունը.
«Ես մաքուր եմ և հիմա հույս ունեմ, որ արդար դատարանով կհասնեմ արդարության»,ասել էր նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: