6 ամսվա ընթացքում՝ 12 մահ ՔԿՀ-ներում

2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է կալանավորների և դատապարտյալների մահվան  12 մահվան դեպք, որից 10-ը գրանցվել է հենց առաջին 3 ամիսների ընթացքում: Համեմատության համար նշենք, որ նախորդ ողջ տարվա ընթացքում ՔԿՀ-ներում մահվան դեպքերը եղել են 18-ը:

Արձանագրված դեպքերից 8-ը գրանցվել է քաղաքացիական բժշկական հաստատություններում, 4-ը՝ քրեակատարողական հիմնարկներում: Մահվան դեպքերից մեկի մասով արձանագրվել է ինքնասպանություն՝ կախվելու միջոցով (54-ամյա տղամարդը կախվել է այն ժամանակ, երբ իր հետ աշխատող հոգեբաններից մեկն իրենից մի որոշ ժամանակ հեռացել է):

Քրեակատարողական ծառայությունը, Forrights-ի գրավոր հարցումներին ի պատասխան նշեց, որ մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, հարուցվել՝ քրեական գործ և իրականացվում է նախաքննություն՝ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից:

Հատկանշական է, որ, երբ դիմեցինք Քննչական կոմիտե, խնդրելով Forrights-ին տրամադրել յուրաքանչյուր մահվան դեպքի մասով հարուցված քրեական գործի համապատասխան տեղեկատվությունը, ՔԿ-ն պատասխանեց, որ 12 մահվան դեպքերից միայն 4-ի առթիվ է նախապատրաստվել նյութեր և հարուցվել քրեական գործ.

«Քրեակատարողական ծառությունը մեզ միայն 4 մահվան դեպքի մասին է տեղեկացրել, որի առթիվ էլ նախապատրաստվել են նյութեր»,- Forrights-ի հետ զրույցում նշեցին  ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արդարադատության նախարարությունն էլ իր հերթին «բեռը գցեց» Դատախազության ուսերին: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, նախարարությունից նշեցին, որ «յուրաքանչյուր դատապարտյալի մահվան դեպքով համապատասխան գրությամբ տեղեկացվել են պատժի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները»:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ փաստեց՝ մահվան 10 դեպքով հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը.

«2 դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով՝ պայմանավորված երկու անձանց՝ բնական մահով մահանալու (մի դեպքում՝ սրտամկանի ինֆարկտ, թոքերի այտուց, մյուս դեպքում՝ կերակրափողի անոթների արյունահոսություն)»,- տեղեկացրեց Աբրահամյանը:

Փաստացի, 4 գերատեսչությունները միմյանցից տարբեր պատասխաններ են տվել, որից այդպես էլ չի հասկացվում՝ ի վերջո, մահվան դեպքերից քանիսի՞ առթիվ է հարուցվել քրեական գործ:

«Հայաստանում բանտային համակարգն ամբողջությամբ պետք է ռեֆորմի ենթարկվի և կառավարվի մարդու իրավունքների հիմքով»

Քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերի պատճառները տարբեր են: Ըստ Քրեակատարողական ծառայության նախնական տվյալների, գրանցված մահվան դեպքերից 5-ի պատճառը  սիրտ-անոթային համակարգի հիվանդություններն են, 2-ի դեպքում՝ ցիռոզն ու ասցիտ, գրանցվել է նաև սուր լեյկոզն ու գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների 1-ական դեպքեր:

Հարկ է նշել, որ այն անձիք, որոնց դեպքում արձանագրվել է կենսաբանական մահը, միջին տարիքի են, հետևաբար ծերունական մահն այս դեպքում քիչ հավանական է. այստեղ ևս կարող ենք պատշաճ բուժօգնության բացակայության «մեղավորությունը գտնել»:

Ըստ Քննչական կոմիտեի, մահվան դեպքերից 3-ի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Իրավապաշտպանների և Դիտորդական խմբի կողմից բազմիցս է բարձրաձայնվել ՔԿՀ-ների բուժմասերի անբարեկարգ վիճակի, դեղորայքային անբավարար ապահովվածության, բուժսպասարկման ոչ պատշաճ մակարդակի մասին: Քրեակատարողական համակարգում ոչ պատշաճ բժշկական միջամտություն ցուցաբերելու արդյունքում պատասխանատու անձանց պատասխանատվության չենթարկելը տարիների ընթացքում հանգեցնում է նոր մահացության դեպքերի:

Իրավապաշտպան Արշակ Գասպարյանը ՔԿՀ-ներում մահացության թվի, եթե ոչ լրիվ բացակայության, ապա գոնե նվազեցման երեք լուծում է առաջարկում: Ըստ նրա, հիմնարկներում չպետք է գտնվեն մարդիկ, որոնք կհասնեն ծերունական տարիքի և իրենց մահկանացուն կկնքեն չորս պատերի ներսում.

«Պետության պոզիտիվ պարտականությունն է, որ չթողնի մարդը բանտում մահանա: Մենք պետք է ունենանք համապատասխան իրավական իմաստով կանոնակարգեր, որոնք թույլ չեն տա անձին մահանալ անազատության մեջ և կապահովենք մարդու արժանապատիվ մահը՝ իր ընտանիքում:

Երկրորդ քայլով պետք է ստեղծենք որակյալ անձնակազմ: ՔԿՀ-ներում մենք ունենում ենք կրկնակի ավել ռեսուրս՝ այնտեղ պահվող կալանավորների և դատապարտյալների թվի համեմատ: Ստացվում է, որ տեսականորեն երկու հոգի կարող են 24 ժամ հսկել, որ մարդը չմահանա, այնինչ մենք սա անել չենք կարողանում»,- Forrights_ի հետ զրույցում նշեց Գասպարյանը:

Ըստ իրավապաշտպանի, Հայաստանում բանտային համակարգն ամբողջությամբ պետք է ռեֆորմի ենթարկվի և կառավարվի մարդու իրավունքների հիմքով:

«Բանտային աշխատակիցները պետք է համապատասխան պատրաստվածություն անցնեն մարդու հոգեկան և ֆիզիկական գործողություններ իրականացնելու համար: Քրեակատարողական հիմնարկներից յուրաքանչյուրում պետք է 50-100 դատապարտյալի բաժին ընկնի 1 հոգեբան, ով ոչ թե սիմվոլիկ կլինի, այլ կանցկացնի համապատասխան աշխատանքներ, որոնց արդյունքում հիմնարկում հայտնվելը մեծ սթրես չի դառնա անձի համար, այսպիսով էականորեն կպակասեն սրտի կաթվածով պայմանավորված մահվան դեպքերը»:

«Պետությունը դեռևս ձեռքերը ծալած նստում  ու նայում է, թե մարդիկ ոնց են մահանում»

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարբերաբար նշում է, որ «քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահացության յուրաքանչյուր դեպք ցավալի է մեզ համար՝ առանց բացառության, թե ինչի արդյունքում և հետևանքով է մահը վրա հասել: Բանտային բժշկության ոլորտը բարելավելու հարցն անձամբ իմ և կառավարության օրակարգում է և ամենօրյա ուշադրության կենտրոնում»: Թե որքանով էր նախարարի ուշադրության կենտրոնում, պարզ է դառնում արձանագրված մահվան դեպքերի քանակին նայելիս:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անդրադառնալով մահվան դեպքերի աճին, կարծիք հայտնեց՝ հավանականությունը մեծ է, որ այս տարի ոչ թե դեպքերի աճն է արձանագրվել, այլ ուղղակի չեն կոծկվել մահացության իրական թվերը.

«Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձիք հենց ոտք են դնում բանտ, միանգամից կարծես դադարում են շրջապատի համար «մարդ» լինել: Այն վերաբերմունքը, պահման պայմանները, պատշաճ բուժօգնություն չտրամադրելն ինքնին խոսում են, որ ցույց են տալիս կալանավորված անձին, մահացության դեպքերի  տրամաբանական շարունակությունն են: Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք, թե ինչ է կատարվում հիմնարկներում, ինչ պայմաններում են ապրում այդ անձիք, սակայն մեր ձայնը մնում է օդում կախված: Պետությունը դեռևս ձեռքերը ծալած նստում  ու նայում է, թե մարդիկ ոնց են մահանում, փոխարենը միանգամից քայլեր ձեռնարկի նրանց վիճակը բարելավելու ուղղությամբ»,- նշեց իրավապաշտպանը:

Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով

Նկատենք, որ ՔԿՀ-ները շատ հաճախ խախտում են նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի` քաղաքացիական բժշկական հիմնարկում հետազոտվելու անհրաժեշտության դեպքում բժշկական հաստատությունն ընտրելու իրավունքը, մասնավորապես այն դեպքում, երբ ազատությունից զրկված անձն ինքն է հոգում հետազոտության ծախսերը։ Այս պարագայում ևս կալանավորը ստիպված է իր բուժումը շարունակել բանտային վատ բուժսպասարկման պայմաններում:

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով: Համենայն դեպս, դա է վկայում Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում յուրաքանչյուր 10 հազար կալանավորից 70-ը մահանում է պատժաչափը չավարտած, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է մյուս երկրներում արձանագրված միջին ցուցանիշը:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest