Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի ունեցավ 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված Հայկազ Բարսեղյանի գործով հերթական դատական նիստը: Նշենք, որ դատական նիստերը անընդհատ հետաձգվում են տարբեր պատճառներով:

Այսօրվա նիստում պետք է ներկայացվեր ԴՆԹ-ի փորձաքննության պատասխանները, որոնք արվելու էին գործով մեղադրվողների ու վկաների արյան խմբերի ուսումնասրիությամբ: ԴՆԹ-ն պարզելու է, թե Հայկազ Բարսեղյանի ննջասենյակում մահճակալներից մեկի կողքին հայտնաբերված արյունը ում է պատկանում: Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ դատարանը դեռևս փորձաքննության ոչ մի պատասխան չի ստացել Հատուկ քննչական ծառայությունից:

Մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի հայտնաբերված արյունը առաջին հերթին համեմատվի Հայկազ Բարսեղյանի արյան նմուշի հետ՝ պարզելու համար՝ այդ արյունը պատկանու՞մ է Հայկազին, թե ոչ: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը forrights-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով ԴՆԹ-ի պատասխանների ուշացումը միտումնավոր չի կարող լինել. « չեմ կարծում միտումնավոր լինի, կարծում եմ՝ տեխնիկական խնդիրների պատճառով է ուշանում»: Նա նաև նշեց, որ այդ փորձաքննությամբ նիստերը գոնե մեկ քայլով առաջ կգնան:

Դատական նիստը հետաձգվեց: Քրեական գործի քննությունը կշարունակվի հունիսի 24-ին:

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: 4.5 տարի է անցել կուրսանտի սպանությունից, բայց դատական նիստերը դեռևս շարունակվում են:

Լիլիթ Գասպարյան

Pin It on Pinterest