«Ցմահներն ուղղակի ցնցված են: Նման օրենքի մտահաղացման ու ընդունման համար շատ երջանիկ ենք, Դուք չեք պատկերացնի է, թե մեզ մոտ ինչ ոգևորություն ա, դա տեսնել ա պետք»,- Forrights-ի հետ զրույցի առաջին իսկ րոպեներին իր ոգևորությունը չթաքցրեց ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը:
«Հասարակությունը պետք է ընկալի՝ ցմահները վեց գլխանի վիշապներ չեն, որ հարձակվում են բոլորի վրա»
Մայիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովը Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենք ընդունեց: Ըստ որի, ցմահ ազատազրկված անձինք կարող են դիմել պատժի կրման փակ ռեժիմը կիսափակի փոխելու խնդրանքով պատժի կրումից 15 տարի անց՝ առաջվա 20-ի փոխարեն, կիսափակը՝ կիսաբաց 18 տարի անց՝ 25-ի փոխարեն, իսկ կիսաբացը՝ բաց պատժի կրումից 20 տարի անց: Բաց ռեժիմն իրենից ենթադրում է, որ դատապարտյալն առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն իրավունք է ստանում դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:
Օրենքի նման փոփոխությունը մեծ իրարանցում է առաջացրել քրեակատարաողական հիմնարկներում: Ցմահ դատապարտյալներն օրերն են հաշվում, թե երբ նախագահը կստորագրի օրենքն ու նրանք կկարողանան պատժի կրման փոփոխման մասին դիմում գրել.
«Իշխանությունից ու ղեկավարությունից անչափ շնորհակալ ենք նման հնարավորություն ընձեռելու համար: Մենք հասարակության մեջ արդեն կարող ենք ինտեգրվել: Թող հասարակությունը տեսնի ու ընկալի, որ նորմալ մարդիկ են ցմահները, ոչ թե ամերիկյան կինոների մեջի 6 գլխանի վիշապներից»,- նշեց դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը:
Ցմահները չեն դժգոհում այն հանգամանքից, որ բաց ռեժիմում հայտնվելու դեպքում պետության կողմից համապատասխան վերահսկողություն տակ են լինելու, հակառակը, նրանք ուրախ են: Գրիգորյանի պնդմամբ՝ այսպիսով իրենք հասարակությանը ցույց են տալիս, որ վախենալու ոչինչ չկա և որևէ ոչ իրավական գործունեություն ծավալելու մտադրություն չունեն իրենք:
«Ես ընտանիք ունեմ, պապիկ եմ արդեն: Երկու երեխաներս այս տարիների ընթացքում հասցրել են սովորել, ավարտել, ամուսանանալ: Տղաս Բժշկականն ա ավարտել, աղջիկս՝ Բրյուսովը: Գոնե հիմա ես իրենց կողքին լինեմ: Բաց ռեժիմ անցնելուց հետո էլ արդեն աշխատանք ունեմ, աշխատելու եմ»,- ապագա ծրագրերի մասին խոսեց դատապարտյալը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանին ևս ոգևորել է Քրեակատարողական օրենսգրքում կատարված փոփոխությունները, սակայն նա առաջ է քաշում մի շարք հարցեր, որոնց պատասխանները չհնչեցին ԱԺ ամբիոնից: Մասնավորապես, դատապարտյալին հուզում է՝ արդյո՞ք փակ ռեժիմում գտնվող ցմահ դատապարտյալը կարող է միանգամից բաց ռեժիմ տեղափոխվել.
«20 տարի և ավել անազատության մեջ գտնվող անձանց թիվը Հայաստանում մի քանի տասնյակ է: Նրանցից շատ քչերի ռեժիմն է փակից փոխված կիսափակ, որոնց մեջ կամ նաև ես, արդյո՞ք օրենքը թույլ կտա միանգամից փակից կամ կիսափակից անցում կատարել բաց ռեժիմ: Եթե ավելի քիչ նստածների դեպքում պարզեցված ա օրենքը, որ իրենք ավելի շուտ կարող են դիմել փակի, կիսափակի կամ կիսաբացի, ապա 20 տարի և ավելի դեպքում՝ անհասկանալի ա»,- Forrights-ին գրավոր պատասխանել էր դատապարտյալ Մկրտչյանը:
Դատապարտյալի կողմից բարձրացված հարցերը Forrights-ը ուղարկել է Արդարադատության նախարարություն: Պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք:
«20 տարին չափազանց երկար ժամանակահատված է մարդուն «լավություն» անելու համար»
Օրենքում նմանօրինակ փոփոխություններ կատարելու մասին մի շարք փաստաբաններ և իրավապաշտպաններ տարիներ շարունակ բազմաթիվ առաջարկների փաթեթով են հանդես եկել: Կառավարությանն ու Ազգային ժողովին առաջարկներ է ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշեց, որ չնայած պետության կողմից դրական քայլ է օրենքում նման փոփոխություն անելը, սակայն 20 տարին չափազանց երկար ժամանակահատված է մարդուն «լավություն» անելու համար:
«Փոփոխությունը մեր իրականության համատեքստում կարելի է դրական գնահատել, բայց դա մեծ պատիվ կամ շնորհ չէ այդ մարդկանց նկատմամբ: Չպետք է լինեն այսպես ծայրահեղացված ժամկետներ, պետք է քննարկման դրվի ոչ միայն ազատ ռեժիմի հարցը, այլև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը լուծվի»,- նշեց իրավապաշտպանը և հավելեց՝ ինչ հանցանք էլ մարդ գործած լինի, չի կարելի նրան ցմահ ազատազրկման դատապարտել:
Օրենքի փոփոխությունն այսօր կարող է դատապարտյալին քայլ առ քայլ մոտեցնել իր բաժին ազատությանը
Երկար տարիներ ցմահ դատապարտյալների նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում. եթե մյուս բոլոր դատապարտյալները հնարավորություն էին ունենում դրական վարքագծի շնորհիվ այլ հիմնարկներ տեղափոխվել և պատժի կրման բաց ռեժիմ անցնել, ապա ցմահների դեպքում պատկերը բոլորովին այլ էր: Նրանք բաց ռեժիմ անցնելու հնարավորություն չունեին, պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար կարող էին դիմել միայն 20 տարի անց, որն էլ գրեթե անիմաստ էր. մինչև օրս միայն մեկ ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: Փաստացի, ցմահները գրեթե հուսալքված էին, որ մի օր կարող են ազատության մեջ հայտնվել:
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանն էլ, ով երկար տարիներ է, ինչ զբաղվում է ցմահ դատապարտյալների շահերի պաշտպանությամբ, ասում է, որ հասարակությունը դեռ աճելու տեղ ունի, դեռ լիովին պատրաստ չէ նրանց ազատության մեջ տեսնելու.
«Հարց է առաջանում՝ մենք ի՞նչ նպատակ ենք հետապնդում ցմահներին պահելով բանտում՝ միայն պատժելո՞ւ համար: Իրավական երկրի, մարդասիրության և ժողովրդավարական արժեքների տեսանկյունից այդ նպատակը նորմալ չէ: Մենք պետք է ավելի շուտ ձգտենք ունենալ ոչ թե վտանգավոր հանցագործներ, ովքեր կլինեն ճաղերի հետևում, այլ ընդհանրապես չունենալ նման հանցագործներ: Այդ անձիք պետք է պատրաստ լինեն գոյակցելու հասարակությունում՝ հանրության մեջ, պետք է ընկալվեն որպես իրենց հավասար անհատի, չտարանջատվեն նրանցից և տարբերակված մոտեցում չցուցաբերվեն նրանց նկատմամբ: Հենց սա պետք է լինի նպատակը»,- պարզաբանեց փաստաբանը:
Այս տարիների ընթացքում պարադոքս էր առաջանում, երբ անձի 20 տարին լրանալուն պես, վերջինս ներկայացվում էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, միանգամից հարց էր առաջանում՝ անձին ինչպե՞ս միանգամից ազատ արձակեն, որ հասարակության մեջ ինտեգրումը լինի սահուն, ինչպես դատապարտյալի, այնպես էլ՝ հանրության կողմից:
Օրենքի փոփոխությունն այսօր կարող է լրացնել այդ բացը. ավելի շահագրգռել ցմահ դատապարտյալին՝ դրսևորելու դրական վարքագիծ, մասնակցել քրեակատարողական հիմնարկի ներսում կատարվող աշխատանքներին, միջոցառումներին և մրցույթներին, ձգտել ունենալ խրախուսանքեր՝ հնարավորինս բացառելով կարգապահական տույժները, այսպիսով քայլ առ քայլ մոտեցնելով իր բաժին ազատությանը…
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: