«Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրում Գրիգոր Բեքմեզյանին

1068
Գրիգոր Բեքմեզյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»,-նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ: 

Գրիգոր Բեքմեզյանը Երևանի Պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է (1999թ․), իրավաբանական գիտությունների թեկնածու: Վերապատրաստումներ է անցել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի համալսարանում, Կենտրոնական Եվրոպական համալսարանում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: ԵՊՀ պաշտոնական կայքէջում տեղադրված կենսագրական տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ է, Փաստաբանների պալատի անդամ, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի անդամ:

«Բեքմեզյան» ՍՊԸ տնօրենն է: