Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Տիգրան Գևորգյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդության քննությունը:

53-ամյա Տիգրան Գևորգյանն արդեն 9 տարի 6 ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում, դեռ ևս 1,4 տարի էլ պետք է անցկացնի կալանավայրում: Սակայն դատապարտյալն իր դրական վարքագծի շնորհիվ տևական ժամանակ է, ինչ պատժի կրման կիսաբաց ռեժիմում է, աշխատում է հացի արտադրամասում, դրսևորում պատշաճ վարքագիծ, իսկ կատարած բարեխիղճ աշխատանքի համար՝ արժանանում խրախուսանքների:

Դատապարտյալ Գևորգյանն այսօր դատարանում հայտարարեց, որ քիչ առաջ Պրոբացիոն ծառայության կողմից արդեն 6-րդ մերժման դիմումն է ստացել, ինչի համար ցանկանում է հարց ուղղել դատարան ներկայացած Պրոբացիոն ծառայության ներկայացուցչին, խնդրելով պարզաբանել, թե ինչ հիմքով է մերժվում.

«Ուզում եմ հասկանալ՝ ո՞ր չափորոշիչներով կամ ի՞նչ սանդղակներով եք որոշում՝ անձն ուղղվե՞լ է, կամ կարո՞ղ է գտնվել ազատություն մեջ: Քրեակատարողական հիմնարկն ինձ տալիս ա տեղեկանք, որտեղ նշում ա՝ դրական բնութագիր, պատշաճ վարքագիծ, աշխատասեր: Ես Հայաստանում միակ դատապարտյալն եմ, որ առանց ուղեկցության հիմնարկից 1 կիլոմետր դուրս եմ գալիս, գնում աշխատանքի ու հետ գալիս: Ի՞նչ պատճառով եք գրում՝ անձը ռեցիդիվ է և նպատակահարմար չէ նրա դիմումի բավարարումը»,- հարց բարձրաձայնեց Գևորգյանը:

Դատապարտյալի հարցը տեսականորեն շփոթեցրեց Պրոբացիոն ծառայության ներկայացուցչին: Վերջինս կցկտուր փորձում էր բացատրել, որ նոր դիմումի մերժման մեջ գրել են պատճառները, սակայն դատավորը պարբերաբար հիշեցնում էր նրան, որ խոսքը հին դիմումների մասին է. այսօրվա ստացած մերժման դիմումը չի շահարկվում, քանի որ դատարան դիմել են նախորդ մերժումների հիման վրա:

Ներկայացուցիչը պարզաբանեց, որ դատապարտյալը՝ հարցաթերթիկի այն հարցին, թե ինչպես է վերաբերում քրեական ենթամշակույթին, չեզոք պատասխան է տվել՝ ոչ դրական, ոչ բացասական, որն էլ մերժման հիմքերից մեկն է հանդիսացել: Դատարանն իր մոտ առկա փաստաթղթերը մատնանշելով փաստեց, որ դատապարտյալն այդ հարցին պատասխանել է՝ բացասական: Դատավորի նկատառումն էականորեն շփոթեցրեց Պրոբացիոն ծառայության ներկայացուցչին: Նա թղթերը թերթելով փորձում էր իր ասածը հաստատող որևէ բան գտնել, սակայն Գագիկ Պողոսյանը մատնացույց արեց հարցաթերթիկում առկա դատապարտյալի պատասխանը՝ բացասական.

«Երևի տպագրական սխալ է եղել: Բայց նկատեք, հարգելի՛ դատարան, որ նոր հանցանք կատարելու հավանականությունը նշված է՝ բարձր է: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, Պրոբացիոն ծառայությունը նպատակահարմար չի գտնում դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակել»,- նշեց ներկայացուցիչը:

Դատարանն այստեղ ևս ընդհատեց ներկայացուցչին և կրկին մատնանշեց իր մոտ առկա փաստաթղթերը:

«Բայց այստեղ նշված է՝ միջին: Դա՞ էլ է տպագրական սխալ»,- ներկայացուցչին դիմելով՝ քմծիծաղ տվեց դատավոր Պողոսյանը:

Ծառայության ներկայացուցիչը փորձեց շտկել իրավիճակը, կրկին նոր մերժման դիմումը հիշատակելով, սակայն դատավորը նորից պարզեցրեց, որ այս պահին դա չի քննվում: Ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց, որ դատապարտյալն ունի ռեցեդիվ և 6 կարգապահական տույժ, ուստի հենց այս հանգամանքներն են հաշվի առնվել իրենց կողմից: Դատարանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին տույժը դատապարտյալը ստացել է 2010 թվականին, այսինքն իր ազատազրկվելուց 2 տարվա ընթացքում, իսկ դրանից հետո դրսևորել է դրական վարքագիծ.

«Հիմա, որ ռեցեդիվ է ու ունի կարգապահական տույժեր, նշանակում է՝ ոչ մի շանս չունի՞ վաղաժամկետ ազատ արձակման»,- հարցադրում արեց դատարանը:

Իրավիճակը փորձեց «փրկել» դատախազ Իսախանյանը: Նա նշեց՝ հաշվի առնելով հանրային վտանգավորության աստիճանը, նաև այն, որ դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու ռիսկերը մեծ են, նրա վաղաժամկետ ազատ արձակումն այս պահին նպատակահարմար չէ:

Դատավոր Պողոսյանը փորձեց հստակեցնել՝ այսինքն, որոշման մեջ, երբ ծառայությունը նշել է՝ վերոգրյալ հանգամանքները հաշվի առնելով, Պրոբացիոն ծառայությունը գտնում է, որ դատապարտյալի վաղաժամկետ ազատ արձակումն այս պահին նպատակահարմար չէ, ստացվում է, որ դատապարտյալի դրական վարքագիծը, աշխատասիրությունը և խրախուսանքները և՞ս նպաստել են մերժմանը:

«Հաշվի եք առել այդ խրախուսանքները և այն վստահությունը, որ նա միայնակ է աշխատանքի գնում, թե՞ 9 տարի առաջ ստացած տույժերը: Այդ ի՞նչ չափորոշիչներով է ղեկավարվել Պրոբացիոն ծառայությունը, որ նոր հանցանք գործելու հավանականությունը նշել է՝ միջին, և ի՞նչ չափորոշիչներով է ղեկավարվել Քրեակատարողական ծառայությունը, որ գրել է՝ բարձր: Եթե կան չափորոշիչներ, բացատրեք դատարանն էլ հասկանա»,- դիմեց դատավոր Պողոսյանը:

Աշխատանքային ժամի ավարտի հետ պայմանավորված, դատարանը որոշում կայացրեց հետաձգել միջնորդության քննությունը, ինչից հետո դիմելով Պրոբացիոն և Քրեակատարողական ծառայությունների ներկայացուցիչներին նշեց՝ դատարանը նշված հարցերին հստակ պատասխաններ է ակնկալում հաջորդ նիստին:

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդության քննությունը կշարունակվի հուլիսի 8-ին:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest