Վարույթ է հարուցվել Ալեն Սիմոնյանի հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ իրականացված հետաքննության մասով

715

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերնագրով հետաքննության մասով վարույթ է հարուցվել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հաղորդում են, որ վարույթը հարուցվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով («հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

Հավելենք, որ փաստերի ստուգման հարթակում օրերս հրապարակվեց Ալեն Սիմոնյանի ունեցվածքի հայտարարագրի վերաբերյալ հետաքննություն, ըստ որի՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին․

«Ալեն Սիմոնյանն ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա (16.05.2018)դրությամբ առկա գույքի հայտարարագրում ներկայացրել է 2012 թ. արտադրության RANGE ROVER EVOQUE 2.0 մակնիշի մարդատար ավտոմեքենա: Սակայն Ճանապարհային ոստիկանությունից ստացված գրության համաձայն, այդ մեքենան նա ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո՝ հունիսի 12-ին»,-ասվում է փաստերի ստուգման հարթակ հրապարակման մեջ։