Վահե Գրիգորյանի վստահորդից ցուցմունք են կորզել նրա դեմ. փաստաբանը մեկնաբանում է իր կալանքի հետ կապված միջադեպը

0
781
Վահե Գրիգորյան

Մայիսի 31-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում արդեն երկրորդ անգամ առաջադրեց հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանին:

Նա համարվում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆավորիտը, նաև վայելում է քաղհասարակության և առավել հեղափոխական տրամադրված փաստաբանների աջակցությունը, ուստի հակառակորդների պակաս ևս չի զգում:

Կանխազգալով հնարավոր հարձակումները հակադիր քաղաքական թևից, Վահե Գրիգորյանը ԱԺ նիստի օրը, երբ նախագահը կրկին իրեն առաջադրեց, ֆեյսբուքյան էջին գրել էր. «Խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկրտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»:

Կանխատեսումը իրականացավ ընդամենը երեք օր անց: Փորփրելով Գրիգորյանի անցյալը, այսօր լրատվամիջոցները hեղեղեցին և տարածեցին «սկանդալային» կետ Վահե Գրիգորյանի կենսագրությունից՝ որ նա 2005 թվականի հոկտեմբերի 7-ին մեղադրվել է խարդախության համար և նրա խափանման միջոցն ընտրվել է կալանքը:

Ահա ինչպես է այն ներկայացնում yerevan.today էլեկտրոնային պարբերականը, «Վ.Գրիգորյանը Բուզանդի փողոցում ապրող 4 ընտանիքների փաստաբանն էր: Նա պաշտպանում էր Բուզանդի փողոցից վտարված բնակիչների շահերը և կալանավորվել էր խարդախության մեղադրանքով: 2006թ. փետրվարի 15-ին վերաքննիչ դատարանը բեկանեց կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, և 4 ամսվա ազատազրկումից հետո Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց»:

Սույն քրեական գործը հարուցվել է ԱԱԾ վարույթում 2005 թվականի հունիսի 10-ին քրեական օրենսգրքի 179 հոդվածով՝ «Յուրացում» և 325 հոդվածով՝ «Փաստաթղթերի կեղծում»:

«Կրեյն ԼՏԴ» ընկերության մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Հակոբյանը, որի շահերը պաշտպանում էր Գրիգորյանը, Թուրքմենիա արտահանած ապրանքների դիմաց մոտ 23 մլն դրամի գերավճար էր կուտակել, որը չէր կարողանում հետ ստանալ հարկային տեսչությունից:

Ի դեպ, գերավճարը, որը ստիպողաբար գանձվում էր գործարարներից, քոչարյանական մութ ժամանակներում տարածված երևույթներից էր:

«Կրեյն ԼՏԴ» ընկերությունը 2003 թվականին գերավճարի գումարը հետ ստանալու պահանջով դիմել էր տնտեսական դատարան ընդդեմ ֆինանսների նախարարության: Հայցը բավարարվել էր: Քրեական գործը հարուցվեց ավելի ուշ: Այն առնչվում էր Գրիգորյանի և իր վստահորդի ֆինանսական հարաբերություններին:

Վահե Գրիգորյանին խնդրեցինք մանրամասնել իր կալանավորման հետ կապված միջադեպը, պարզաբանել, թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը:

«Սա այն գործն է, որով ինձ ձերբակալել էին ու կալանավորել 2005թ․-ին, իբր ես իմ վստահորդի գումարները վստահությունը չարաշահելու միջոցով յուրացրել եմ, բայց վստահորդս պնդում էր, որ նման բան չի եղել», — պատասխանեց Վահե Գրիգորյանը Forrights.am-ին: Դա տեղի է ունեցել հարյուրավոր երևանցիների համար տխուր օրերին, երբ Բուզանդի փողոցի բնակիչներին վտարում իրենց տներից և որոնց շահերը պաշտպանում էր Վահե Գրիգորյանը:

Հետագայում նրա վստահորդ Գրիգոր Հակոբյանի Հայաստանում գտնվող հարազատներին սպառնացել էին, պարտադրելով ցուցմունք գրել իր դեմ: «Նրանցից իմ վստահորդի հայրը իմ դեմ ցուցմունք էր տվել, իսկ հետո դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին եւ նկարագրել, թե իրեն ինչ ճնշումների են ենթարկել, որից հետո էլ փախել են ընտանիքով Հայաստանից եւ քաղաքական ապաստան խնդրել ԱՄՆ-ում: Ինձ դրանից հետո 8-9 տարի հետապնդման մեջ էին պահել եւ չէին կարճում իմ գործը եւ չէին էլ ուղարկում դատարան, մինչեւ ՄԻԵԴ-ը որոշեց, որ ողջամիտ տեւորղությունը խախտվել է: Վերջն իրենց ձեռքով ինձ արդարացրեցին, կարծեմ՝ 2012-ին կամ 2013 թվականին», — նշում է Վահե Գրիգորյանը:

Հակոբյանների ընտանիքը մինչ օրս ԱՄՆ-ում է: Ըստ փաստաբանի, այս գործը պատճառ եղավ, որ երկրի համար օգտակար արտահանումների բիզնեսով զբաղվող գործարար ընտանիքը վերջնականապես հեռանա Հայաստանից:

Հետագայում Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը երկար ժամանակ չէին կարճում: 2013 թվականի սեպտեմբերի 19-ին ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, քննիչ Մ. Համբարձումյանի որոշմամբ Վահե Գրիգորյանը պաշտոնապես արդարացվեց, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Ահա այս պատմությունը ներկայացվում է որպես սենսացիոն բացահայտում ապագա ՍԴ դատավորի կյանքից, թեև այն փաստը, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող փաստաբանը, որը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կանգնել է ունեզրկված ժողովրդի կողքին և նրան քրեական հետապնդման են ենթարկել, ամենևին զարմանալի չէ:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here