38 օր հացադուլը և 22 օր ջրադուլը դադարեցնելուց հետո, «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արկադի Պապյանի առողջական վիճակը վատացել է. այսօր նա տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց:
Այս լուրը Forrights-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Դատապարտյալը երկար ժամանակ հացադուլի և ջրադուլի մեջ էր գտնվում, ուստի մի շարք հետազոտությունների անհրաժեշտություն էր առաջացել: Այժմ նա գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում, հենց այս պահին էլ հետազոտվում է: Անհրաժեշտ անալիզները հանձնելուց և պատշաճ բուժօգնություն ստանալուց հետո միայն Արկադի Պապյանը դուրս կգրվի հիվանդանոցից»,- նշեց Նավիկյանը:
Դատապարտյալի կինը՝ Լուսինեն, ով այսօր է տեսակցել նրան, Forrights-ին պատմեց, որ դեռևս ուրբաթ օրը, երբ ինքը երկարատև տեսակցության էր ամուսնու մոտ, Պապյանն արդեն իսկ թույլ և վատառողջ էր.
«Շաբաթ օրը շատ վատ էր՝ թույլ էր, դողում էր, իրա բերանով ասում, որ Շտապ օգնություն կանչեմ: Կիրակի էլ նույն վիճակն էր մոտը…հացադուլից ու ջրադուլից հետո կալցիումի պակաս ա առաջացել մոտը, ոսկորներն ա թուլացել: Իրեն ստացիոնար բուժօգնություն ա պետք, որ կարողանա վերականգնել առողջությունը»,- ասաց Լուսինեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ ի նշան իրեն առաջադրված մեղադրանքի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արկադի Պապյանը հացադուլ էր հայտարարել: Օրեր անց՝ապրիլի 22-ին,նաև՝ջրադուլ: Դատապարտյալը նման ծայրահեղ քայլով բողոքում էր իր դեմ կատարվող անօրինությունների շուրջ: Պապյանի պնդում է՝ Գլխավոր դատախազությունը ցանկանում է իր վրա «կարել մեղադրանքը» և իրեն մեղսագրել չկատարած հանցանքը:
Գլխավոր դատախազությունն այդ ամբողջ ընթացքում 3 անգամ այցելել դատապարտյալին և հորդորել էր դադարեցնել հացադուլը, սակայն Արկադի Պապյանը հրաժարվել էր: Ըստ Դատախազության, դատապարտյալին արդեն իսկ ներկայացվել են նրա մեղադրանքի համար հիմք հանդիսացած համապատասխան ցուցմունքները, ինչպես նաև իրականացված գաղտնալսումների արդյունքները և նրան հավաստիացրել.
«Հետագա քննության ընթացքում ուսումնասիրության առարկա կդարձվեն նաև նրա նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանել էր Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Արկադի Պապյանը հացադուլն ու ջրադուլը դադարեցրեց միայն 38 օր անց: Նա հյուծվել էր, բացի դրանից առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Հացադուլի ընթացքում տևական ժամանակ հրաժարվել էր նաև բուժսպասարկումից։
Դատապարտյալի՝ հացադուլից հրաժարվելուն նպաստել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած դատական ռեֆորմ սկսելու մասին վճռականությունը.
«Ես մաքուր եմ և հիմա հույս ունեմ, որ արդար դատարանով կհասնեմ արդարության»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: