Epress.am լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդումը 2019թ․ ապրիլի 23-ին կցվել է «Էլեկտրիկ Երևանի» վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործին։

Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցին տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ․ Ավետիսյանը։

Epress.am-ը 2019թ․ մարտի 12-ին «Էլեկտրիկ Երևանի «կորած» մեղադրյալներից շատերը բարձր պաշտոններ են ստացել» վերնագրով հրապարական մեջ ներկայացրել է 2015թ․ հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած քաղաքացիական հագուստով 39 օպերլիազորների լուսանկարները։ Ոմանց անունները ևս հայտնի են։ Ըստ լրատվական կայքի՝ նրանց մի մասը դեպքից հետո պարգևատրվել է, մի մասը՝ ավելի բարձր պաշտոն ստացել։

ՀՀ գլխավոր դատախազ Ա․ Դավթյանին ուղղված հանցագործության մասին հաղորդման մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վկայակոչել է նաև lragir.am լրատվական կայքում հրապարակված տեսանյութեր, որոնցում երևում է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները հատուկ մշակված պլանով բռնության գործադրմամբ բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին։

Քաղաքացիական հագուստով այդ  ոստիկանները գործում են համակարգված և միմյանց հետ համագործակցելով, ինչը նշանակում է, որ նրանք գործել են պաշտոնատար անձի հրամանով։

Քաղաքացիական հագուստով օպերլիազորների գործողությունները միանշանակ չեն բխել «Օպերատիվ –հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական գործունեության էությունից ու նպատակներից։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդմամբ պահանջել էր բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարաներին բռնությամբ բերման ենթարկելու հրաման տված պաշտոնատար անձին։

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ հաղորդումը կցվել է արդեն հարուցված քրեական գործին։

ՀՔԱՎ

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest