Երեքշաբթի օրը ԱԺ-ում աշխատանքը կսկսի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը: Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, այն կղեկավարի ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: 

«Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ հանձաժողովի նիստերը անցկացվելու են հիմնականում փակ. հանձնաժողովը կորոշի, թե որ չափով են հրապարակելու նյութերը:

Forrights.am-ը Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանից հետարքրքվեց, թե ի՞նչ ակնկալիք ունի հանձնաժողովի աշխատանքից և մտավախություն կա՞, որ ինչ- որ մարդկանց դեմ դա կարող է լինել:

«Ես միայն կարող եմ ասել, որ մի մեծ, խորը վերլուծություն կա պաշտպանության նախարարությունում: Իմ ժամանակ ես արել եմ: Ես հիմար կլինեի, որ դա չանեի»,- բացահայտեց Սեյրան Օհանյանը՝ շարունակելով. «Դա պետք է անել ՊՆ-ում և գաղտնի: Դա իրենք պետք է անեն: Ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն»:

Այլ հարց է, թե եթե ՊՆ-ում իրականացվի այդ քննությունը, ինչպե՞ս է բացահայտվելու իրողությունը, քանի որ ՊՆ-ում հիմնականում նույն կազմը մնացել է: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր հարցին, թե ինչ ուսումնասիրության մասին է խոսքը, ասաց, որ դա փակ ուսումնասիրություն է: Իսկ դեպքերի բաց վերլուծություն տպվել է ՊՆ-ի ամսագրում:

Ժամանակ առաջ Forrights.am-ին տված հարցազրույցում Սեյրան Օհանյանը, մեր հարցին, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը տվե՞լ է տեղեկատվություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման՝ կոնկրետ օրերով, ասել է. «Կոնկրետ օրերով և այլն, շտաբի մասին այսօր ես չեմ կարող ասել, բայց նախապատրաստության տեղեկատվությունն առաջին հերթին հենց Արցախի բանակի հետախուզությունից էր մեզ հասել»:

Հստակեցմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի, որ մեր զինվորներն անպատրաստ են գտնվել դիրքերում, նույնիսկ չեն իմացել նախապատրաստվող հարձակման մասին, փամփուշտների, զենքի, բենզինի խնդիր են ունեցել, պաշտպանության նախկին նախարարը վստահեցրել է.

«Ես ձեզ նորից ուզում եմ տեղեկացնել, որ Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Մենք որևիցե մի բանի պակասություն չենք ունեցել: Նաև հրամանատարական կազմի, զինվորների տեղեկատվության շնորհիվ է, որ մարտավարական տարբեր հնարքների կիրառմամբ Արցախի պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրն իրականացրել է»:

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ անգամ բանակում չծառայած պատգամավորները կարող են շատ խնդիրներ բացահայտել Ապրիլյանի հետ կապված.

«Էդ հանձնաժողովը լսելու է մարդկանց, ովքեր անմիջապես մասնակցել են դեպքերին: Ծառայել- չծառայելու հետ ի՞նչ կապ ունի հարցը, թե, օրինակ, ինչո՞ւ տեխնիկան վառելիք չուներ»:

ՊՆ նախկին փոխնախարարի խոսքով՝ Ապրիլյան պատերազմի հետ կապված մութ կետեր կան, որոնք պիտի բացահայտվեն. «Օրինակ՝ կարող է բացահայտվել, որ մեր հետախուզությունը ժամանակին զեկուցել է, որ կուտակումներ կան, ինչու մենք էդ կուտակումների դեմը չենք առել, ինչու մերոնք ոչ մի բան չեն արել: Պետք է բացահայտվի՝ ինչ միջոցներ են ձեռնարկվել»:

Նրա խոսքով՝ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, որն այդ ժամանակ հոսպիտալում պառկած է եղել ու ծառայության մեջ չի եղել, հեռացվել է աշխատանքից, հետախուզության պետ Կարապետյանը զեկուցել է, որ կուտակումներ կան, իրեն են հեռացրել, իսկ գործող պատասխանատուները ոչ մի պատասխան չեն տվել:

«Դրա համար էդ հանձնաժողովը պետք է աշխատի, որ ամեն մարդ իր պատիժը ստանա, ոչ թե անմեղ մարդկանց գործից հեռացնեն»,-պնդեց նախկին փոխնարարարը:

Ինչպես հայտնի է՝ Քառօրյա պատերազմում հայկական կողմը կորցրեց մոտ 100 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, թեև Ադրբեջանի կորուստներն ավելի շատ էին: Ինչպես նաև 800 հեկտար հող՝ ներառյալ Լելե-Թեփեի բարձունքը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննիչ հանձնաժողովի առթիվ Factor.am-ին ասել է, որ կլինեն բացահայտումներ, որոնց դեպքում կկայացվեն կոշտ որոշումներ:

«Հասարակության մեջ տարընթերցված պատկերացումները պետք է ստանան իրենց հարցերի պատասխանները: Շատ պատասխանատու գործ կլինի, ինչպես եղավ Մարտի 1-ի Փաստահավաք խմբի աշխատանքը: Շատ կարևոր է, որ այս կասկածները, որ կան մեր հասարակության մեջ, փարատվեն լուրջ ուսումնասիրությունների արդյունքում»,-ասել է Քոչարյանը: 

Ապրիլի երկուսին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան Անդրանիկ Քոչրյանն ասել էր, որ պետք է կատարել խորքային վերլուծություն՝ հասկանալու համար, թե ինչպես հակառակորդը ապրիլյան պատերազմը սկսելու հնարավորություն ունեցավ։ 

«Վարչապետը կարդացել է բազմաթիվ փաստաթղթեր ապրիլյան պատերազմի մասին, հատկապես հետախուզության կողմից տրամադրված: Այստեղ, իհարկե, անելիք կա, որպեսզի ամբողջությամբ հասկանանք՝ ապրիլին տեղի ունեցածին մենք որքանով էինք պատրաստ, եթե պատրաստ չէինք եւ կան մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-նշել էր Անդրանիկ Քոչարյանը։ 

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց չորսօրյա պատերազմի առթիվ զեկույց հրապարակեց ՀՔԱՎ-ը: Ըստ դրա՝ գոյություն ունի ակնհայտ հակասություն 2016 թ-ի ապրիլյան պատերազմական գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալների տիրապետման տեսակետից մի կողմից  ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս. Օհանյանի  տեղեկությունների միջեւ, եւ մյուս կողմից  նրանց  և  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պահվածքի միջեւ:

«Արդյոք այս խնդիրն է հանդիսացել ապրիլյան պատերազմական գործողություններից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յու. Խաչատուրովի պաշտոնանկման հիմնական պատճառը՝ հայտնի չէ: Ակնհայտ է, որ այս պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ նույնպես հանրությունը չստացավ պատշաճ տեղեկատվություն»,-գրված է զեկույցում:

Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում, ըստ զեկույցի հեղինակների, բացահայտված բազմաթիվ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկությունների և փաստերի ուղղությամբ, պատշաճ քննություն չի իրականացվել:  Հանրությանը չի ներկայացվել ԶՈՒ-ում պաշտոնանկությունների վերաբերյալ որեւէ հիմնավորում: Որևէ պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրել զինծառայողների մահվան և դրանց հանգեցրած հանցավոր բացթողումների ու անգործության համար:

Օրինակ՝ զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը` Գևորգ Առաքելյանը, 2016թ․ ապրիլ ամսին ԶԼՄ-ներում հայտարարություն է տարածել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արձանագրվել են դիզվառելիքի փոխարեն տանկերի բաքերում ջուր լինելու, ինչպես նաև տանկերի էլեկտրական մարտկոցների բացակայության դեպքեր, որի կապակցությամբ ՊԲ համապատասխան զրահատեխնիկան ժամանակին չի կարողացել մեկնել մարտական գործողությունների վայր:

Մինչդեռ 2016թ․ նոյեմբերի 17-ին՝ Զեկույցի հրապարակումից հետո, ՀՀ պաշտպանության նախարարի եւ նրա խոսնակի կողմից նշված տեղեկությունները համարվեցին ոչ արժանահավատ կամ «զինծառայողների հարազատների ծնողների էմոցիաների վրա խաղացած»:

«Նշված խնդիրներին հերթական անգամ անդրադարձ եղավ 2017թ․ ապրիլին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակահատվածում: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017թ․ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»»,-գրված է զեկույցում: 

Ըստ այդմ՝ 2017 թ. մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արձագանքելով Կարեն Կարապետյանի հայտարարությանը, հայտնել է. «կերոսին բանակի վառելիքին խառնում է Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։ Ինքը կապ չունի դրա հետ։ Եվ եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի»:

2017թ. մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հայտարարություն, համաձայն որի 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման, և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել: Այնուամենայնիվ, դիզվառելիքի յուրացման դեպքերով մի քանի քրգործեր հարուցվեցին:

2016թ․ ապրիլյան պատերազմական գործողություններից կարճ ժամանակ անց,  2016թ․ ապրիլի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Համաձայն ՀՔԱՎ զեկույցի՝ 2016թ. մայիսի 18-ին իշխանությունը չարաշահելու համար մեղադրանք  առաջադրվեց ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայութան պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին: Վերջինս իրեն լիովին մեղավոր ճանաչեց, ցուցմունք տվեց և ամբողջովին վերականգնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։

2016թ. մայիսի 23-ին ՀՀ ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից ազատվեց գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը: Մոտ մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը ձերբակալվել են: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի 2016թ․ հունիսի 3-ին տարածած տեղեկատվության, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետ Արմեն Մարգարյանին հունիսի 2-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։

Այնուամենայնիվ՝ ըստ ՀՔԱՎ-ի՝ Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների, դրանց հանգեցրած պատճառների, այդ թվում՝ զինվորական հրամանատարության ոչ պատշաճ ղեկավարության, զինտեխնիկայի, զինամթերքի անհրաժեշտ քանակի բացակայության եւ տեխնիկական անսարքության, ոչ պատշաճ բժշկական ծառայության  տրամադրման եւ այլ քրեական հետապնդելի գործողությունների ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվել իրավապահ մարմինների կողմից:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest