Երեկ բավականին լարված մթնոլորտում մեկնարեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արկադի Պապյանի գործով դատական նիստը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում: Գործով ամբաստանյալ Պապյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3.1 կետով՝ կաշառք տալ, որը կատարվում է առանձնապես խոշոր չափերով.
««Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի հովանավորչությունն ու թողտվությունը ստանալու համար Արկադի Պապյանն ու նույն հիմնարկում պատիժ կրող մեկ այլ դատապարտյալ Գ. Մկրտչյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել յուրաքանչյուր ամիս վերջինիս որպես կաշառք տալ 250.000-300.000 ՀՀ դրամ: Իրենց հանցավոր նպատակներն իրագործելու համար «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող հիշյալ անձինք 2016-2017թթ-ի ընթացքում իրենց մտերիմ Կ. Հ.-ի միջոցով հավաքագրել և նրա մոտ պահել են որոշակի գումարներ, որոնց մի մասը՝ 2.750.000 ՀՀ դրամը, տվել են ՔԿՀ-ի պետին»,- ասվում էր ՀՔԾ հաղորդաագրության մեջ:
Առաջադրված մեղադրանքը Պապյանը չի ընդունել՝ առաջին իսկ օրվանից հայտարարելով այդ մասին: Երեկ դատապարտյալը նույնը պնդեց նաև դատարանում.
«Դատախազ Շահբազյան Արմենը, ով իմ վրա գործը շինել ա, թող գա, կանգնի դիմացս ու սարքած մեղադրանքը կրկնի: Ո՞ւր ա էդ իրանց ասած «պռասլուշեքը», ապացույցները…Եկել «գալադովկից» հանեցին, ասեցին՝ դադարեցրո՛ւ, վրիցդ շառը հանում ենք, բա ո՞ւր ա»,- դատական նիստ մեկնարկին հայտարարեց դատապարտյալը:
Պապյանի խոսքը լրացրեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը: Նա միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ դատարան պետք է ներկայանա և մեղադրանքը պաշտպանի այն դատախազը, ով գտել է բավարար ապացույցներ և հաստատել մեղադրական եզրակացությունը:
Դատարան ներկայացած մեղադրող դատախազ Գագիկ Նիկողոսյանը դատարանի համար պարզաբանեց, որ վերոնշյալ դատախազը գործով ներգրավված է, ուստի հնարավոր է դատաքննության որոշակի փուլում ներկայանա դատարան: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը մերժեց ներկայացված միջնորդությունը, հիմնավորելով՝ դատարանը չունի լիազորություն դատարան կանչել այս կամ այն դատախազին:
Բուն դատաքննության փուլը բացված համարելով, մեղադրող կողմը հրապարակեց գործով անցնող մեղադրյալներ Արկադի Պապյանի և Թամազ Ֆերոյանի մասով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասերը: Մեղադրանքում թույլ էին տրվել սխալներ, որոնք հաստատեց նաև դատավոր Բաղդասարյանը: Մասնավորպես, Ֆերոյանի ազգությունը նշված էր՝ հայ, այնինչ նա ռուս է, իսկ Պապյանը ներկայացված էր բարձրագույն կրթություն ունեցող անձ, սակայն, ինչպես նշեց դատապարտյալը, ինքն ունի ութամյա կրթություն:
Ինչպես Ֆերոյանը, այնպես էլ Պապյանը, առաջադրված հանցանքում իրենց մեղավոր չճանաչեցին: Ըստ Արկադի Պապյանի՝ «հնդկական կինո էր, ուրիշ ոչինչ».
«Սուտ ա էս սաղ: Սրա հեղինակը քննիչ հատուկ կարևորագույն գործերով քննիչ Կոստանյան Դավիթնա, որ զակազով վրես գործ ա շինել: Եթե իրանք չեկան դատարան, ես էլ չեմ գալու: Հացադուլ ու ջրադուլ եմ էլի անելու, իմ հետ հանաք մի՛ արեք: Ես լինելու եմ երրորդը. ոնց որ էն «Հաց տվող»-ին (նկատի ունենալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանին) սպանեցին, ոնց որ էն ժուռնալիստին սպանեցիք (նկատի ունենալով լրագրող Մհեր Եղիազարյանի, ով ամիսներ առաջ մահացավ 44-օրյա հացադուլից օրեր անց), ես էլ կլինեմ երրորդը»,- իր խոսքն ավարտեց Պապյանը:
Դատարանը կողմերի հետ քննարկելուց հետո, որոշում կայացրեց գործով առկա ապացույցները հետազոտել հետևյալ հաջորդականությամբ՝ վկաների հարցաքննություն, գրավոր ապացույցների հետազոտում, ամբաստանյալների հարցաքննություն, ամբաստանյալների ընդհանուր բնութագրերի ներկայացում և վերջում, ըստ անհրաժեշտության, գործի նյութերի հրապարակում:
Դատական նիստը հետաձգվեց: Քրեական գործի քննությունը կշարոունակվի մինչև հուլիսի 11-ը:
Դատարանի բակում հավաքված էին դատապարտյալի հարազատներն ու ընկերները, ովքեր պաստառներով բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանության Արկադի Պապյանի: Forrights-ի հետ զրույցում, նրանք նշեցին՝ այստեղ են, քանի որ իրենց ընկերոջ «գլխին սարքում են».
«Երևի դատախազ-քննիչ-բերդի պետն իրար մեջ «հացը չեն կարում կիսեն», Արկադին էլ դառել ա իրենց ձեռքում ուղղակի գործիք: Մեկին պետք ա նստացնեին, մեկի վրա պետք ա սարքեին, էդ մեկն էլ էս անգամ ինքը եղավ: Մենք մինչև վերջ գնալուենք, որ պետք լինի՝ Փաշինյանի հետ էլ կհանդիպենք, Կառավարության մոտ էլ մեր բողոքը կարտահայտենք, մենակ թե արդարությունը հաղթի»,- ասում էին նրանք:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին՝ ի նշան իրեն առաջադրված մեղադրանքի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արկադի Պապյանը հացադուլ էր հայտարարել: Օրեր անց՝ապրիլի 22-ին,նաև՝ջրադուլ: Դատապարտյալը նման ծայրահեղ քայլով բողոքում էր իր դեմ կատարվող անօրինությունների շուրջ: Պապյանի պնդում է՝ Գլխավոր դատախազությունը ցանկանում է իր վրա «կարել մեղադրանքը» և իրեն մեղսագրել չկատարած հանցանքը:
Գլխավոր դատախազությունն այդ ամբողջ ընթացքում 3 անգամ այցելել դատապարտյալին և հորդորել էր դադարեցնել հացադուլը, սակայն Արկադի Պապյանը հրաժարվել էր: Ըստ Դատախազության, դատապարտյալին արդեն իսկ ներկայացվել են նրա մեղադրանքի համար հիմք հանդիսացած համապատասխան ցուցմունքները, ինչպես նաև իրականացված գաղտնալսումների արդյունքները և նրան հավաստիացրել.
«Հետագա քննության ընթացքում ուսումնասիրության առարկա կդարձվեն նաև նրա նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանել էր Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Արկադի Պապյանը հացադուլն ու ջրադուլը դադարեցրեց միայն 38 օր անց: Նա հյուծվել էր, բացի դրանից առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Հացադուլի ընթացքում տևական ժամանակ հրաժարվել էր նաև բուժսպասարկումից։
Դատապարտյալի՝ հացադուլից հրաժարվելուն նպաստել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած դատական ռեֆորմ սկսելու մասին վճռականությունը.
«Ես մաքուր եմ և հիմա հույս ունեմ, որ արդար դատարանով կհասնեմ արդարության»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: