Մարալիկի բնակիչ 41-ամյա Ռաջու Պետրոսյանը 2008 թ մարտի 1-ի առավոտյան  իրավապահների կողմից ծեծի ու խոշտանգման է ենթարկվել նախ Ազատության հրապարակում, հետո՝ ոստիկանական գազելում ու Կենտրոն ոստիկանության բաժանմունքում: Իսկ կալանավորումից հետո Կոշի գաղութում 10 ամսվա բանտարկությունից հետո նրա մոտ ծնկահոդերի խնդիր ու ռևմատոիդ պոլիարթրիտ հիվանդություն է առաջացել, որն այժմ նրան գամել է սայլակին՝ դարձնելով առաջին կարգի հաշմանդամ:

Ռաջու Պետրոսյանը մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի  «հրապարակը մաքրելու» օպերացիայի արդյունքում կորցրել է ոչ միայն առողջությունն ու ազատությանը, այլև աշխատանքը, իսկ այժմ էլ՝ աշխատելու ունակությունը: Արդեն մեկ ամիս է՝ նա չի կարողանում անհրաժեշտ դեղեր օգտագործել ստամքոսի ցավի ու գումարի բացակայության պատճառով: 

Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 29-ին Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ-ում հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իշխանությունը ունի ընդամենը երկու տարբերակ. «Առաջինը` համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենով մարվելու… Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը եւ այդ նաեւ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել»:

«Պայքարում էինք հանուն արդարության մեր երկրում, այս օրվա համար ենք պայքարել, որ այս օրը գա: Հանրահավաքներին մասնակցում էի, բայց մարտի 1-ին առաջին անգամ էի գիշերում Ազատության հրապարակում»,-պատմեց Ռաջուն՝ շարունակելով.

«Առավոտյան դեռ մութ էր, ժողովրդի կեսը քնած էր վրանների մեջ, երբ եկան ու առանց որևէ բան հայտարարելու՝ չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը բարձրախոսով հարցրեց, թե ինչ են ուզում՝ զգուշացնելով, որ վրաններում կանայք ու երեխաներ կան, լույսերն անջատեցին, բարձրախոսները ջարդեցին ու մահակներով հարձակվեցին ժողովրդի վրա: Ժողովրդի ձեռքին էլ մենակ նստարանների փայտերն էին, որոնցով փորձում էին պաշպանվել: Սկզբի շարքերում ոստիկանների հագուստներով էին, իսկ հետևում սև համազգեստով մարդիկ էին, որոնք անարխիստավարի խփում էին մահակներով»:

Իրավապահների գործողության արդյունքում Ռաջուն Ազատության հրապարակում ականջի պատռվածք է ստացել՝ արյունահոսող վերքով: Վազել է Հյուսիսային պողոտայի կողմը, սակայն սև համազգեստով  իրավապահները իրեն հետապնդել են ու Հյուսիսային պողոայում էլեկտրաշոկ կիրառել: «Ես ուժեղ հարվածով ընկա ասֆալտին, ուշքս գնաց»: Ուշքի է եկել ոտքերի հարվածներից:

«Մի ոստիկան ոտքը դրել էր դոշիս, ասում էր վեր չկենաս: Մահակներով խփում էին ոտքերիս: Հետո ինձ քարշ տալով տարան ոստիկանական գազելի մեջ, հեռախոսս ձեռքիցս վերցրին, ջարդեցին, ու սկսեցին մահակներով էլի ծեծել: Ինչ- որ լրագրողներ նկարում էին, կարծեմ «Երկիր մեդիան» էր, ոստիկանները էդ նկարողներին տարան գազելի մեջ, ձեռքերից կասետը վերցրեցին, իմ աչքի առաջ ջարդեցին ու հետ ուղարկեցին»,-պատմեց նախկին ցուցարարը:

Ոստիկանական գազելի մեջ Ռաջուի ոտքերին են մահակներով հարվածել՝ թե ուզում էիր փախչե՞լ մեզնից, հիմա տեսնենք՝ ոնց ես փախչելու: «Փակել էին գազելի դուռը, որ դրսից չտեսնեն՝ ինչ է կատարվում: Անգամ բերանիս խփեցին, ատամներս լրիվ թուլացան ու հետո թափվեցին: Ծեծելով տարան Կենտրոնի ոստիկանություն: Ոստիկանությունում էնքան արյույնլվիկ ցուցարարներ կային, որ երևի 41 թ-ի պատերազմներում էդպիսի բան չէր կատարվում: Ականջիս պատռվածքի համար բժիշկ կանչեցին, բայց նրանք ասեցին, մինչև տաք ջուր չլինի, արյունը չմաքրեն, չեն կարող հասկանալ՝ ինչ վնասվածք է: Տաք ջուր չկար, էդպես թողեցին, գնացին»,-հիշեց Ռաջուն:

Ոստիկանությունում Ռաջուի վնասվածքներից միայն ականջի պատռվածքն են գրանցել: Իսկ մեկուսարանում ստիպել են սեռական բնույթի հայհոյանքներով հայհոյել ընդդիմությանն ու ցուցարարներին, ով չի հայհոյել, ծեծ է կերել մահակներով: Էդտեղ ևս իրեն ծեծել են: Հետո տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ռաջու Պետրոսյանին դատարանը 2.5 տարվա ազատազրկման է դատապարտել՝ քրօրի 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: «Մի քաղաքացիական հագուստով ոստիկան բերեցին, Գ Հակոբյան՝ պնդելով, որ ես հարվածել եմ ոստիկանին, բայց ես էդ մարդուն կյանքում առաջին անգամ էի տեսնում: Ինքը մի քանի ցուցարարների քրեական գործերով անցնող տուժող ոստիկան էր: Իբր ես ոտքով հարվածել ու հրել էի իրեն, բայց ինքը ոչ մի վնասվածք չուներ»,-պատմեց Ռաջուն՝ շարունակելով. «Ես արագացված դատավարություն ուզեցի, որովհետև տեսա, որ անիմաստ է ինչ որ բան փորձել ապացուցելը, ես էլ փաստաբան չունեի: 10 րոպե տևեց դատավարությունս՝ ինձ դատապարտելով 2.5 տարի ուղարկեցին Կոշի գաղութ»:

Կոշի գաղութում Ռաջուն անցկացրել է 10 ամիս, համաներումով դուրս է եկել: Բանտից դուրս գալուց հետո պարբերաբար ծնկահոդերի ցավեր է ունեցել: Բժիշկի դիմելուց հետո պարզել է, որ հիվանդությունը հարվածների հետևանք կարող էր լինել: Այժմ Ռաջուն առաջին կարգի հաշմանդամ է, տեղաշարժվում է սայլակով: Վիրահատության համար անհրաժեշտ է նվազագույնը 6 հազար դոլար գումարը, ինչը նպաստով ու թոշակով ապրող իր ընտանիքը չունի: Ռաջուն երկու մանկահասակ երեխա ունի, իրեն խնամող կին ու թոշակառու հիվանդ մայր: 

«Շատ մեծ գումար են ուզում վիրահատության համար, պրոթեզները շատ թանկ են, պետք է դրսից պատվիրենք, ինչը բավական մեծ գումար է»,-ասաց Ռաջուն՝ հավելելով, որ ինքն էլ աշխատելու ունակություն չունի: Որպես Մարտի մեկին իշխանության գործողություներից տուժած, նա նաև դիմել է Եվրադատարան՝ փոխհատուցման պահանջով, սակայն դեռ պատասխան չկա: Ընտանիքը հույս ունի նաև ԱԺ-ում շրջանառվող Մարտի մեկին տուժածներին փոխհատուցում տալու  օրինագծի միջոցով գումար ստանալ, սակայն այդ հեռանկարը ևս անորոշ է, իսկ կրկին քայլելու համար Ռաջուին անհապաղ վիրահատություն է հարկավոր:

Կինը՝ Լելյի Գրիգորյանը պատմեց, որ դիմել են վարչապետին, սակայն այնտեղից ուղղորդել են առողջապահության նախարարություն: Առողջապահության նախարարությունից էլ ասել են, որ վիրահատությունը կանեն անվճար, բայց էնդոպրոթեզները պետք է իրենք գնեք: Դրանցից յուրաքանչյուրը 3000 ԱՄՆ դոլար գումար արժե:

«Տանը աշխատող չկա: Ես չեմ կարող աշխատել, որովհետև խնամում եմ ամուսնուս ու երեխաներիս: Մենք 5 և 8 տարեկան երեխաներ ունենք»,-ասաց Լեյլին՝ հավելելով, որ փորձել է խնամակալություն ձևակերպել ու գումար ստանալ, սակայն համայնքը մերժել է՝ ուղղորդելով դատարան:

«Նպաստով ու թոշակով ենք ապրում: Շատ դժվար, գումարը միայն կոմունալին ու ցավազրկողներին է հերիքում: Արդեն մեկ ամիս է ստամոքսի ցավի ու գումարի բացակայության պատճառով ամուսինս դեղեր չի խմում: Ինքը ցավեր ունի, պետք է ցավազրկող խմի»,-հավելեց Լեյլին՝ հավելելով. «Ինձ համար շատ ծանր շրջան է, երեխաներիս հետ կապված ծախսերը նույնիսկ չեմ կարողանում հոգալ»:

Նրա խոսքով՝ չնայած առաջին կարգի հաշմանդամությանը, Ռաջուն անհրաժեշտ դեղերը չի կարողանում ստանալ անվճար Մարալիկի հիվանդանոցից. «Ասում են՝ մեր ցանկում էտ դեղերը չկան: Այսինքն՝ էնպես թե էսպես ես պետք է գնեմ»:

Նախկին ցուցարարի կինը մեր խմբագրության միջոցով դիմում է բարի մարդկանց՝ օգնության ակնկալիքով. «Երեխաներս երազում են հայրիկին ոտքի վրա տեսնել: Նախապես շնորհակալ եմ շատ, նկարներ և հիվանդության եզրակացության փաստաթղթերը կուղարկեմ: Մեր հասցեն է. քաղաք Մարալիկ , 1 թաղամաս, 1 շենք, բնակարան 35»:

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ՝ քարտի հաշվի համալրում՝ Ակբա֊Կրեդիտ Ագրիկոլ բանկ հաշվեհամարներ՝ 6776780000428298

Ակբա֊Կրեդիտ Ագրիկոլ բանկ 9051340400082102

ՎՏԲ բանկ 5362340003737914 ԻԴՐԱՄ ID 166589991 ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ նաև ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐ՝ 
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220361879251000 ( AMD RUB USD EUR ) 
Արքա քարդ 220361874732000 AMD

ՎՏԲ բանկ 16003008733400 AMD
ՎՏԲ բանկ 16003008733401 USD

ՎՏԲ բանկ 16003008733402 EUR

ՎՏԲ բանկ 16003008733403 RUB

Հեռախոս. 098 281 707, 077 010 678 

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest