Երբ 2017թ․ մարտին ամերիկացի Սառա Մոուլդը Հայաստան էր գալիս, ոչինչ չգիտեր երկրի մասին։ Նախ ստիպված է եղել համացանցում որոնել «Հայաստան» բառը, իսկ հետո որպես ԱՄՆ «Խաղաղության կորպուս»-ի կամավոր(Peace Corps) գործուղվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաք։ Սառան այս տարվա մայիսին կավարտի իր ծառայությունը «Համայնքի և երիտասարդության զարգացման» բաժնում ու կմեկնի ԱՄՆ։
Օհայոյից եկած Սառան ԱՄՆ-ում ուսումնասիրել է մշակութաբանություն․ բայց հետո աշխատել ամենատարբեր ոլորտներում։ Արդեն 4 տարի է՝ ինչ զբաղվում է կամավորությամբ․ «Իմ հիմնական հետաքրքրությունը երիտասարդների հետ աշխատանքն է։ Նախքան Հայաստան գալս՝ աշխատել եմ Սենեգալում՝ փողոցում ապրող երիտասարդների հետ, զբաղվել նրանց հարցերով։ Մենք նրանց տալիս էինք սնունդ, ապահովում հիգիենիկ պարագաներով»։
Եղեգնաձորում ամերիկացի կամավորն աշխատում է «Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամում։ Նախկինում բնապահպանական ոլորտում աշխատելու փորձ չի ունեցել, բայց ասում է՝ սովորելու շատ բան կա։ Հայաստանում նրան ամենից շատ տպավորել է մարդկանց ջերմ վերաբերմունքը․ «Եղեգնաձորում 1 տարի ապրել եմ հյուրընկալող ընտանիքում։ Ինձ համար ամենամեծ շոկը Հայաստանում այն էր, որ բոլորն անընդհատ ասում էին՝ կեր, կեր, կեր․․․․ես արդեն չէի կարողանում 1 կոտրից ավել գաթա ուտել։ Սկզբում մի քիչ ճնշող էր մարդկանց՝ չափից դուրս շատ ուշադրությունը։ Իսկ այսօր արդեն դարձել է հաճելի»,- ծիծաղելով անկեղծանում է Սառան։
ԱՄՆ-ում հիմնական գործունեությունը ծավալել է տուրիզմի ոլորտում։ «Գնիշիկ»-ում Սառայի հիմնական գործառույթներն առնչվում են հասարակայնության հետ կապերի, անգլերենի ուսուցման, բրոշյուրների, տեղեկատվական թերթիկների պատրաստման, փաստաթղթերի թարգմանության հետ։ Նաև սոցիալական մեդիայի միջոցով փորձում է իրազեկել հիմնադրամի մասին։ Ասում է՝ սյստեղ կամավորությամբ զբաղվելն իրեն օգնել է հասկանալ հայաստանյան տուրիստական շուկայի առանձնահատկությունները, ինչպես նաև զարգացնել տուրիզմի ոլորտում թիրախավորման հմտություններ։
«Եղեգնաձորում խոհարարություն եմ սովորել, գնացել մարզասրահ, շփվել երիտասարդների հետ, ֆուտբոլ խաղացել։ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում անգլերենի, նաև՝ տուրիզմի դասեր եմ տալիս։ Իմ կամավորական աշխատանքը չի սահմանափակվում միայն հիմնադրամում։ Եղեգնաձորի տնտեսագիտսկան համալսարանում օգնում եմ նաև դասախոսներին՝ անգլերենի հարցում»,-պատմում է կամավորը։
Սառան բնապահպանությունը շատ կարևոր է համարում ողջ աշխարհում։ Համագործակցելով «Youth Opportunity Union» ՀԿ-ի հետ՝ նախորդ ամառ անցկացրել է բնապահպանական ճամբարներ Արմավիրում, Սևանում, Գավառում և Ալաբվերդիում։
Վայոց ձորում ամերիկացի կամավորի սիրելի վայրը Ելփին գյուղն է․ «Երբ ես անցյալ ամառ մասնակցեցի «Սահմանից սահման» արշավին (Border to Border), Բավրայից քայլեցինք մինչև Եղեգնաձոր, կանգ առանք Ելփինում, շատ հավանեցի այս գյուղը, այնտեղ շատ բարի են մարդիկ»,-պատմում է Սառան։ Ի դեպ, արշավի նպատակն է քայլելու միջոցով նպաստել առողջ ապրելակերպին։ Կամավորները նաև ճանապարհին կանգ են առնում և դպրոցներում դասընթացներ անցկացնում։
«Գնիշիկ» միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը նախկինում ևս աշխատել է «Խաղաղության կորպուս»-ի կամավորների հետ։ Վերջինիս խոսքով՝ կամավորներն օգնում են բարելավել լեզվի իրենց իմացությունը, ինչպես նաև նպաստում են միջմշակութային փոխանակությանը, Հայաստան են բերում ԱՄՆ-ում կիրառվող ոլորտային մեթոդներ ու նորարարություններ․
«Տեսնելով նրանց պատրաստակամությունը համայնքային զարգացման գործում՝ որոշեցի, որ մեր հիմնադրամն էլ պիտի սկսի նրանց հետ աշխատել։ Սառան նաև օգնում է մեզ՝ գրել գրանտային ծրագրեր մեր հիմնադրամի համար։ Մեր հիմնադրամի նպատակն է իրականացնել պահպանություն այն տարածքներում, որտեղ կան կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ(գորշ արջ, բեզոարյան այծեր, կովկասյան ընձառյուծ, հայկական մուֆլոն), որպեսզի ապահովենք այդ կենդանիների միգրացիոն տեղաշարժը։ Աշխատում ենք Արենի և Խաչիկ համայնքների հետ, ունենք շուրջ 3000 հա պահպանվող տարածք։ Կանխարգելում ենք որսագողությունը, ծառահատումները, ցանկացած ապօրինի գործողություն այդ տարածքներում։ Փորձում ենք նաև իրականացնել էկոտուրիզմի և համայնքային զարգացման ծրագրեր»,-Forrights.am-ի հետ զրույցում նշեց Արուս Ներսիսյանը։
«Խաղաղության կորպուս Հայաստան»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Ղազարյանը մեզ փոխանցեց, որ այժմ Հայաստանում ունեն 70 կամավոր։ Եվս մեկ խումբ կա, որը դեռևս չի երդվել և չի անցել կամավորական աշխատանքի․ «Նրանք նախքան կամավորության անցնելը անցնում են 3-ամսյա դասընթաց։ Ամեն տարի մոտավորապես 40 կամավոր ենք ընդունում։ «Խաղաղության կորպուս»-ում ունենք 2 ոլորտ՝ դպրոցներում անգլերենի դասավանդում և համայնքի և երիտասարդության զարգացում։ Վերջինում ներգրավված կամավորները կցված են լինում ՀԿ-ներին»,-նշեց Հերմինե Ղազարյանը։
ԱՄՆ վերադառնալուց հետո Եղեգնաձորում բնակվող կամավոր Սառան երկարաժամկետ կամավորությամբ չի զբաղվելու։ Որոշել է աշխատել տուրիզմի ոլորտում, նաև ցանկություն ունի աշխատել փախստականների հետ։
Նելլի Պետրոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: