Այսօր, Նուբարաշեն ՔԿՀ-ում 38 օրյա հացադուլը դադարեցրեց դատապարտյալ Արկադի Պապյանը(Կադոն)։ Նա անժամկետ հացադուլ էր հայտարարել պահանջելով իր վրայից հանել կեղծ մեղադրանքը։ Դատապարտյալի Հացադուլից հրաժարվելուն նպաստեց մեր այցը, ինչպես նաև նրա շահերի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանի հորդորը։
Սակայն ամենամեծ ներգործությունը երեկ վարչապետի հայտարարած դատական ռեֆորմ սկսելու մասին վճռականությունն էր, ինչի մասին պատմեցի դատապարտյալին։ «Ես մաքուր եմ և հիմա հույս ունեմ, որ արդար դատարանով կհասնեմ արդարության»։
Արկադի Պապյանը 38 օր հացադուլի ընթացքում կորցրել է 18 կգ քաշ։ Նա հյուծված էր, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Հացադուլի ընթացքում տևական ժամանակ հրաժարվել էր նաև ջրից և բուժսպասարկումից։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ 2018 թվականին արդեն իսկ անազատության մեջ գտնվող Արկադի Պապյանին մեղադրեցին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին իր մարդկանց միջոցով մի քանի ամիս շարունակ 250-300 հազար դրամ փոխանցելու համար, ինչի դիմաց նա, ըստ ՀՔԾ հաղորդագրության, արգելված իրեր, թմրանյութեր, ալկոհոլ մտցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսից, ինտերնետից ազատ օգտվելու, «ղումար» խաղալու իրավունք է ստացել: Պապյանը, սակայն հենց սկզբից էլ չի ընդունել մեղսագրվող արարքը և ի նշան բողոքի, անժամկետ հացադուլ հայտարարել:
Այսօրվա մեր հանդիպման ընթացքում դատապարտյալը կտրականապես հերքեց, թե երբևէ ղումար է խաղացե, կտրականապես մերժեց նաև առաջադրված մեղադրանքըլ։ Մեր կողմից փոխանցած տեղեկությունները Նոր Հայաստանի և տեղ գտած փոփոխությունների մասին Արկադի Պապյանին շատ ոգևորեցին․
«Ես ազգիս ինքնասիրությունը իմ պատվից վեր եմ դասել։ Ազատություն և պատիվ, ամենաթանկ բաներն են ինձ համար», ասում էր Արկադի Պապյանը։
Պաշտպան Մակինյանը նշում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է և գործում բացակայում է ապացույցների համակցությունը.
«Նախաքննության փուլում մեկ անձի ցուցմունքի վրա են մեղադրում նրան, այն դեպքում, երբ այդ անձն այս պահին հրաժարվել է նախկինում տված ցուցմունքներից: Ենթադրությունների վրա մարդուն ծանր մեղադրանք առաջադրելն անընդունելի է։ Բացի դրանից, քրեական գործը մեկ տարուց ավելի է դատաքննության փուլում է, նախապատրաստական փուլը դեռ չենք հաղթահարել, բուն դատաքննություն՝ չենք մտել, փաստացի՝ տեղից չենք շարժվում: Գործը բազմահատորանի է, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրվի:
Ժաննա Ալեքսանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: