Երեկ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանը նաև որոշել է կասեցնել Մարտի 1-ով Քոչարյանի ու մյուսների քրգործը և այն քննության ուղարկել Սահմանադրական դատարան՝ պարզելու Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը ու նրան որպես մեղադրանք առաջադրված Սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի սահմանադրականությունը:

Ուշագրավն այն է, որ կասեցման որոշման մեջ դատավորի գնահատականները համընկել են Քոչարյանի պաշտպանական խմբի գնահատականներին ու նրանք լիովին համակարծիք են: Կալանքի գործով դատական նիստերի ժամանակ, սակայն, դատավորը որևէ կասկած չի հայտնել Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության առթիվ:

Դատարանն անգամ դատավարական կողմերին չի տեղեկացրել կասեցման որոշման մասին. Ոչ դատախազությունը, ոչ տուժողների ներկայացուցիչները չեն իմացել այդ որոշման մասին: Նրանք արդեն հայտարարել են, որ կասեցման որոշումը բողոքարկելու են, քանի որ խախտվել են դատավարական նորմերն ու իրենց իրավունքները:

Նշենք, որ այդ որոշումը հաջորդեց վարչապետի կոչով դատարանների մուտքերը արգելափակելու ակցիային ու դատավորներին ուղղված Փաշինյանի ելույթին: Մինչ այդ Ֆեյսբուքում տեղեկություն էր տարածվել, որով բացահայտվել էր այս ծրագիրը:

Ըստ այդմ՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և նույն դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը: Վերջինս նաև Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահն է: Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կընթերցել է այն:

Բացի դա գրվել էր, որ վերոնշյալ անձիք որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը և գործը ուղարկել Սահմանադրական Դատարան: Քոչարյանը կասեցված գործի պարագայում չի կարող լինել կալանքի տակ: Վերաքննիչ Դատարանը, Վազգեն Ռշտունու գլխավորությամբ՝ այն հիմքով, որ գործը կասեցված է և գտնվում է Սահմանադրական դատարանում, կարող է մերժել Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Գլխավոր Դատախազի բողոքը :

Ըստ նույն տեղեկության՝ Սահմանադրական Դատարանը ՀՀԿ ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, մեկ տարի գործը կարող է քննել և որոշում կայացնել հօգուտ Քոչարյանի՝ նրան ազատելով իր հիմնական՝ Սահմանադրական կարգի տապալման իր հիմնական մեղադրանքից:

Չնայած շրջանառված տեղեկությունը դատարանի երեկվա որոշմամբ, կարելի է ասել, հաստատվեց, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում այն «բամբասանքի մակարդակով տարածվող ինչ-որ բան» որակեց: Ալումյանը համոզված է, որ ՍԴ-ում գործը երկար չի քննվի: «Ամենաառաջին օրից սկսած ենք այս միջնորդությունը ներկայացրել, որ անհրաժեշտ է գործը կասեցնել, դիմել ՍԴ»,-ասաց նա:

Ալումյանի հավաստիացմամբ՝ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին չի անդրադառնալու: «Քննարկելու է որևէ իրավական ակտի համապատասխանությունը Սահմանադրությանը: Որևիցե մեկի մեղավորության կամ անմեղության հարց ՍԴ-ն չի քննարկում: Բացարձակապես որևէ բան ձգձգելու անհրաժեշտություն, ցանկություն մենք չունենք: Որևիցե գործի ձգձգումը դիտվում է որպես մեղադրյալի իրավունքի խախտում»,-վստահեցրեց Քոչարյանի պաշտպանը:

Ալումյանը նաև կարծում է, որ դատարանը կարող է քննարկել կալանքի հարցը, եթե ամբաստանյալը կխախտի որևէ պարտավորություն դատավարական: Ինքը բացառում է, որ Քոչարյանը կարող է խախտել որևիցե պայման: «Ես էդպիսի ենթադրությունն ուղղակի բացառում եմ: Եթե անձը չի դրսևորում ոչ պատշաճ վարքագիծ, չի խոչընդոում դատավարությանը, կալանքի հարցը չի քննարկվում»:

Մարտի 1-ի տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարանի որոշումը «հին ուժերի» գործունեության արդյունք որակեց: «Հին ուժերը համակարգված աշխատում են Քոչարյանի համար կուլիսներում:

Դատական համակագրում ոչինչ չի փոխվել, նույն քոչարյանական, սերժական դինաստիան է և էդ դինաստիան իր օգտին աշխատում է»,-տեսակետ հայտնեց նա:
Սաֆարյանը տեղյակ չի եղել քրգործի կասեցման որոշման մասին և ինքը ևս պատրաստվում է բողոքարկել այն: «Եթե սահմանադրականության հարց կար, դա պետք է գոնե դրվեր դատաքննության փուլում, որ կողմերի կարծիքը հաշվի առնվեր»,-նշեց նա՝ շարունակելով. «Եթե Քոչարյանն անձեռնմխելի լիներ, Վճռաբեկ դատարանը չէր բեկանի որոշումը: Նիկոլ Փաշինյանը վաղուց նրանց պիտի հանած լիներ, որ մենք էս ներքին լարվածությունը չապրեինք»:

Դիտարկմանը, թե դատավորները հրաժարական տալու ցանկություն չունեն, Սաֆարյանն ասաց. «Ոչինչ, թող հրաժարական չտան: Նիկոլ Փաշինյանը պետք է ընդամենը ստուգի՝ նրանք արդյոք ճիշտ դատավոր են եղել, ամեն մեկի տակ հազար աղբ կա, և օրինական իրենց պետք է հանի գործից, առանց անօրեն մեթոդների»:

Մարտի մեկի գործով նախկին մի շարք դատապարտյալների պաշտպան Մուշեղ Շուշանյանը գործը կասեցնելու ու ՍԴ ուղարկելու որոշումը «կանխատեսելի ու վտանգավոր զարգացում» անվանեց: «Դեռ մի քանի օր առաջ ինֆորմացիայի արտահոսք էր եղել, որ նման որոշում է եղել: Էսօր փաստորեն հաստատվեց էդ լուրը: Դա նշանակում է, որ դատական համակարգը ոչ միայն նահանջելու նպատակ չունի, այլև դիմադրելու է»: Նրա խոսքով՝ դրանք նախորդ ռեժիմի ռևանշի ձգտող կադրեր են, որոնք որոշակի պահի հանդես կգան ու անակնկալներ կմատուցեն:

«Նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը ողջ ներուժն ուղղելու է ռևանշին: Սա վտանգավոր իրավիճակներով է հղի ու ազգային անվտանգության համար մեծագույն վտանգ է իրենից պարունակում»,-զգուշացրեց փաստաբանը՝ ափսոսանք հայտնելով, որ դատական համակարգը զտելու մասին իրենց հայտարարությունները մինչ այժմ չեն լսվել:

«Սահմանադրական դատարանի որոշումը կարող է շատ երկար ձգվել՝ մեկ ու ավելի տարի: Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մնա ազատության մեջ»,-ասաց Շուշանյանը:

ՍԴ առկա կազմը հաշվի առնելով՝ փաստաբանը որևէ կասկած չունի, որ այն դրական որոշում է կայացնելու Քոչարյանի համար՝ «որ Ռոբերտ Քոչարյանը օգտվում է անձեռնմխելիությունից, իսկ 300.1 հոդվածն էլ իր նկատմամբ կիրառվել չի կարող՝ ենթադրենք էն անհեթեթ հիմնավորմամբ, որ 2008 թ-ի դրությամբ նման հոդված չի եղել»: Կարծում է՝ կալանքի վերաբերյալ բողոքը կմերժվի՝ հիմնավորմամբ, որ գործի վարույթը կասեցված է:

Ուստի՝ փաստաբանն արձանագրեց, որ այս դատարան համակարգը չի կարող դատել Ռոբերտ Քոչարյանին ու Մարտի 1-ի մույս մեղավորներին: Ելքը, ըստ նրա, առաջիկա 2 ամսվա մեջ հանրաքվեով Սահմանադարական փոփոխություններ անելն է: «Շատ արագ պետք է Սահմանադրության գոնե դատական իշխանությանը վերաբերող գլխի փոփոխությունների գործընթաց նախաձեռնվի: Դա պետք է արվի շատ արագ, որովհետև հակառակ դեպքում անկանխատեսելի զարգացումներով է հղի էս իրավիճակը»,-զգուշացրեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ պետք է դատական իշխանության ձևավորման նոր, իրապես ժողովրդավարական, իրավական և դատարանների անկախությունը երաշխավորող ընթացակարգեր նախատեսվեն Սահմանադրության մեջ.

«Դա ընդունելուց անմիջապես հետո պետք է գործող բոլոր դատավորների լիազորությունները կասեցվեն և համապատասխան մարմինը, որը հիմա ԲԴԽ-ն է, եղած դատավորների վեթինգ իրականացնի, որոշի՝ նրանցից որոնք են համապատասխանում բարոյական և մասնագիտական բարձր չափանիշներին, որոնք թույլ են տալիս, որ իրենք պաշտոնավարեն որպես դատավոր, իսկ մնացածի մասով պետք է նոր դատավորներ նշանակվեն»:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest