Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2013-ին հրապարակել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը՝ արդար դատաքննության վերաբերյալ:
Այս կապակցությամբ այն ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գրել էր. «Ձեր իրավունքների խախտման հիմնական պատճառը, մեղավորները եւ ապացույցները ներկայացված են այս զեկույցում: Խնդրանքս մեկն է. Կենտրոնանանք այս ցավոտ խնդրի վրա»:
«Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երեւանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, «Փակ» շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի եւ այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:
Եթե Վճռաբեկ դատարանի եւ նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահներն արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաեւ օլիգարխներ ստեղծելու եւ պահելու այլ եղանակների հետ»:
Զեկույցում հրապարակվել էին նաեւ սկանդալային փաստեր: Մասնավորապես, բերվում են դատական կաշառքի սակագները՝ առաջին ատյանում՝ 500-ից 10 հազար դոլար, Վերաքննիչ դատարանում՝ 2000- ից մինչեւ 15 հազար դոլար, Վճռաբեկում՝ 10-50 հազար դոլար:
Բերվում են մեխանիզմները, թե ինչպես է կաշառքը տեղ հասնում, ինչ սխեմաներ ու տարբերակներ են գործում: Նաեւ մանրամասն ներկայացված է դատավորների վրա ճնշումների սխեման:
Այս զեկույցից հետո Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց:
Նեկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը՝ թե կառավարությունը, թե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, թե «մտահոգները» քննադատում են դատական իշխանությանն անկախ չլինելու համար: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկսվում է հեղափոխության երկրորդ, ամենակարեւոր փուլը, նկատի առնելով դատական իշխանությունը:
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: