Դիմում եմ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր հայրենակիցներին. խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի:

«Հիմա սկսվում են անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված կոնկրետ գործողություններ: Դրանց վերաբերյալ մենք քննարկումներ ունեցանք, այդ աշծխատանքների վերաբերյալ բաժանումներ արեցինք կառավարության, ԱԺ-ի, այլ մարմինների միջև: Այդ աշխատանքն անպայման կարվի:

Սա նաև մի միջոց էր ի ցույց դնելու այն հանրային վրդովմունքը, որ գոյություն ունի ընդհանրապես անարդար դատական համակարգի գոյության կապակցությամբ եւ մենք տեսնում էինք, որ ՀՀ-ում իսկապես ընդդեմ դատական համակարգի տարերային պրոցեսներ են տեղի ունենում, բողոքներ են տեղի ունենում:

Շատ կարևոր էր այդ տարերային պրոցեսների բովանդակային վերափոխումն ի նպաստ ՀՀ-ում անկախ դատական համակարգ ունենալու: Շատ կարեւոր էր արձանագրելու, որ այդ հարցում ժողովուրդը, կառավարությունը չունեն հակասություն, որովհետեւ եթե այդպիսի ցույցեր են տեղի ունենում, կարող է տպավորություն լինել, որ ժողովուրդը մի բան է ուզում, կառավարությունն այլ բան: Այսօր կառավարությունն, ըստ էության, միացավ ժողովրդի պահանջին, թեեւ անջատված էլ չէր ժողովրդի պահանջից»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ հիմա բոլորին ակնհայտ է, որ Հայաստանում չի կարող լինել դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից. «Դա կարծում եմ՝ բոլորը տեսան և բոլորը տեսան, որ դատական գործերին ապօրինի միջամտություններն արժանանալու են խիստ հակազդեցության: Այդ հակազդեցությունը լինելու է համաժողովրդական: Մեր նպատակը ՀՀ-ում իսկապես անկախ դատական համակարգ ունենալն է:

Ես ենթադրում եմ, որ թերևս այսօրվա ակցիայի պատճառով ինչ-որ դատական գործեր հետաձգվել են: Ես ուզում եմ բոլոր այն քաղաքացիների, որոնց դատական իրավունքների, պաշտպանության իրավունքի իրացումը մի քանի ժամով հետաձգվել է, ուզում եմ բոլոր այդ քաղաքացիներից ներողություն խնդրել:

Հույս ունեմ, որ իրենք գիտակցում են, որ այս նպատակն իրենց իրավունքների պաշտպանությանը խոչընդոտելը չէ, այլ նպատակն իրենց իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ երախիքներ ստեղծելն է, որ իրենց իրավունքի պաշտպանությունը կախված չլինի կառավարության քմահաճույքից, անկախ նրանից, թե որ կառավարությունն է գործում, որ Հայաստանում իսկապես գործի անկախ դատական համակարգ»:

Pin It on Pinterest