«Ես մեծացել եմ հասարակ բանվորի աստվածավախ ընտանիքում, որտեղ «Մարդ» մնալը եղել ա առաջին սանղակում, ուղղակի ճակատագրի չար կատակով արդեն 15 տարի ա այստեղ եմ…Ես ֆիզիկապես եմ մեկուսացված, բայց հոգեպես կյանքում չեմ մեկուսացվի: Որ օրը հոգեպես մեկուսացվեմ, էդ օրը՝ կկործանվեմ…»
34-ամյա Արթուր Քոչարյանն ընդամենը 15 տարի առաջ այլ նպատակներ ու երազանքներ ուներ: Ընկերոջ հետ որոշել էր ընտրել հոգևոր կյանքը. գնալ Երուսաղեմ, ընդունվել ճեմարան ու դառնալ հոգևորական: Իրենց նպատակն իրականացնելու համար ընդունվում են Էջմիածնի ճեմարան, սակայն ամիսներ անց Արթուրն ուսումը կիսատ է թողնում ու որոշում գնալ հայրենիքի սահմանները պաշտպանելու, ինչից հետո նոր միայն վերադառնալ և գնալ նպատակի հետևից. նպատակն անկատար է մնում…
«Վովա Գասպարյանն ու Գագիկ Ջահանգիրյանը որոշել էին ծեծելու ու ջարդելու միջոցով ինչ-որ բան իմանալ»
2004 թվականի սեպտեմբերի 21-ին Արցախի «Մարտունի 2» զորամասի պարսպից կախված վիճակում հայտնաբերվում է ժամկետային զինծառայող Արթուր Մեսրոպյանի դին։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նույն օրը երեկոյան Արթուր Քոչարյանին ու ևս 30 զինծառայողի տեղափոխում են Արցախի Ռազմական ոստիկանություն: 20 օր այնտեղ պահվելուց, բռնության ենթարկվելուց և խոշտանգվելուց հետո, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխվում են ՀՀ ռազմական ոստիկանություն.
«Վլադիմիր Գասպարյանը մտավ Ստեփանակերտի Ռազմական, հերթով սաղիս դեմքին նայեց, քացով շատ ուժեղ խփեց ոտքիս, ասեց՝ սրան քաչալացրեք ու հանեք մոտս: Ինձ քաչալացրին ու բարձրացրին վերև: Սկսեց ինձ ջարդել դուբինկով, թե՝ ո՞նց չգիտես ով ա սպանել, ձեր հետի ծառայողն ա: Անընդհատ գոռում էր՝ սպանել եք, մի հատ էլ չգիտե՞ք, թե ով ա: Նման ձևով մյուս տղաների հետ էլ վարվում էր Ջահանգիրյանը: Երկուսով որոշել էին խոշտանգման միջոցով ինչ-որ բան իմանալ: Ճնշումներն էն աստիճանի էին, որ եթե ինչ-որ մեկը մի բան իմանար, հաստատ չէր պահի, կասեր»,- մանրամասներն է հիշում Արթուրը:
Հայաստան տեղափոխվելուց հետո իրավիճակն ավելի է վատանում: Փոխվում է քրեական գործով քննիչը, նշանակվում քննիչ Արմեն Հակոբյանը, ով ստիպում է Արթուրին ու մյուսներին ըստ իր թելադրանքի ցուցմունք տալ, խոստանալով, որ չեն դատվի:
«Ասում էր՝ ոնց ասում եմ՝ գրի, չես դատվի, կեթաս տուն: Ես էլ ասում էի, որ չեմ կարա նման բան անեմ, եթե ես մի բան իմանայի քրեական գործի հետ կապված, ես ինքս կանեի ու կգրեի ցուցմունքիս մեջ»:
Սպանության մասնակից հանդիսացող անձն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. նրա ցուցմունքի հիման վրա ազատազրկման դատապարտվեց 11 անձ
Քննիչներին «օգնության է հասնում» զինծառայողներից մեկը՝ Անդրանիկ Կարապետյանը, ով հետագայում գործով հանդիսանում է սպանության մասնակից և օժանդակող: Նրա՝ չորս միմյանցից տարբեր ցուցմունքների հիման վրա 11 հոգի դատապարտվում են ազատազրկման, որոնցից երեքը՝ ցմահ: Նրանցից երկուսի պատիժը հետագայում՝ Վերաքննիչ քրեական դատարանը որոշման հիման վրա, բեկանվում է և նվազում մինչև 15 տարի, Արթուրի ցմահը պահպանվում է:
Ինքը՝ Անդրանիկ Կարապետյանը, դատապարտվում է ընդամենը 1 տարվա ազատազրկման, սակայն հենց դատարանի դահլիճից էլ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվում:
«Ըստ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի, հանցագործությունն ուղղակի սարսափելի ձևով ա տեղի ունեցել: Արթուր Մեսրոպյանը, մահանալուց առաջ կտրել է թևի երակներն ու էդ վիճակում 5-10 րոպե գետնին ընկած ուժեղ արնահոսել: Հետո, ըստ ցուցունքի, ես ու Չոբանյան Սուրիկը մտել ենք թևերի տակ, քաշելով տարել պարիսպների մոտ ու կախել: Անդրանիկն էլ յանի մեզ օգնել ա կախել՝ քար ա բերել դրել ոտքերի տակ: Տեղազննող փորձագետները դեպքի վայրում և հարակից շրջանում ոչ մի տեղ արյան լճացում չեն հայտնաբերել: Ես դատարանին էդ պարզ հարցը տվել եմ՝ եթե հավատում ենք Անդրանիկի ցուցմունքին, ապա տեղանքում ու դրա շրջակայքում ո՞նց կարող էր արյուն չլինել: Կամ, եթե ուժեղ արնահոսող մարդու թևերից բռնած տանես, ո՞նց կարող ես մի կաթիլ արյուն չլինել»,- ասում էր Արթուրը:
Քննության ընթացքում Արթուրից ընդհանուր առմամբ վերցրել են 14 փորձանմուշ, որոնց փորձաքննության արդյունքում որևէ բան չի հայտնաբերվել: Գործով անցնող ապացույցներում կցված է եղել Արթուրի հեռախոսազանգերի քաղվածքները, որոնք փաստել են, որ սպանության ժամին նա հեռախոսային զրույցի մեջ է եղել հարազատների հետ: Գործով կա նաև վկա, ով տեսել է, թե ինչպես է հեռախոսազանգից հետո Արթուրը գնացել ննջասենյակ ու քնել, սակայն վերոնշյալ վկան դատարան այդպես էլ չի հրավիրվել.
«Երբ մենք Ռազմական ոստիկանությունում էինք, մեզ ասեցին, որ Անդրանիկ Կարապետյանի հալալ ախպոր՝ Գրիգոր Կարապետյանի զինվորական համազգեստի վրայից հայտնաբերվել ա Արթուր Մեսրոպյանի արյունը: Բայց, երբ գործը մտավ դատարան, էդ պահն հանվել էր քրեական գործից: Արդեն պարզ էր՝ Անդրանիկին սպառնացել են, որ ախպորդ կդատենք սպանության, քեզ էլ՝ զորամասից կատարած փախուստներիդ համար: Դե ինքն էլ ընտրել ա քննիչի տարբերակը. ցուցմունք տալ նենց, ոնց քննիչն ա ասում: Ու տենց մեզ դատեցին, առանց հիմքերի, առանց հանգամանքների»:
«Եթե գործիս վերանայման արդյունքում պարզվի՝ մեղավոր եմ, թող տուժող կողմն ինձ հրապարակավ գնդակահարի»
Արթուրը դեռ 2004 թվականից է պայքարում իր հանդեպ կատարված անօրինականությունների դեմ. մշտապես բարձրաձայնում է, որ դատապարտվել է ազատազրկման՝ իր չկատարած հանցանքի համար: Նա խոստովանական ոչ մի ցուցմունք երբեք չի տվել, իրեն առաջադրված հանցանքը մինչև այսօր չի ընդունում և չի ընդունի, քանի որ, ինչպես պնդում է, կատարված հանցագործության մեջ իր մեղքի բաժինն ընդհանապես գոյություն չունի:
«10 հատորանոց՝ 4000 թերթանոց քրեական գործում ոչ մի ապացույց չկա, որ ես կապ ունեմ դեպքի հետ: Եթե քրեական գործի մեջից հանենք Անդրանիկի տված մեկ թերթ ցուցմունքը, ապա էս գործում ամեն ինչ կսկսի իրար հակասել»,- նշում է Քոչարյանը:
Արթուրը պարզաբանում է, որ ազատ արձակվել չի պահանջում, այլ ուղղակի ասում է՝ վերանայեք քրեական գործը: Նա հույս է հայտնում, որ եթե մի օր հրաշքով ազատության մեջ հայտնվի, ապա կրկին շարունակելու է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցել իր անմեղությունը:
«Եթե վերանայման արդյունքում պարզվի, որ ես մեղավոր եմ, ես բառացի ասում եմ, գրավոր էլ կտամ համաձայնագիր՝ թող տուժող կողմն ինձ հրապարակավ գնդակահարի»:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: