Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը այսօր գնացին Երևանի ընդհանուր իրավասության դատարան և ստորագրեցին իրենց երաշխավորագիրը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար: Այս հարցով դատարանի որոշումը կհրապարակվի շաբաթ օրը՝ մայիսի 18-ին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը Forrigts.am-ի հարցին, թե հնարավոր հետևանքները հաշվարկե՞լ են, ասաց. «Ի՞նչ հաշվարկ, եթե նույնիսկ պատասխանը դրական լինի, գործընթացը շարունակվելու է, չէ՞: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է չէ՞ մնալու, ոչ մի տեղ դուրս չի գալու»:

Նրա խոսքով՝ եթե հաշվարկ բառը կիրառենք, դա կլինի արդեն քաղաքական քայլ: «Իսկ այս դիմումը քաղաքական քայլ չէ, զուտ մարդասիրական է, այն էլ երկու գործող անհատներից: Իսկ գործող նախագահը որպես անձ է հանդես եկել պարզապես նշելով իր պաշտոնը, ոչ թե սա պետական բան է»,-պնդեց խոսնակը:

Հարցին, թե իսկ եթե դատարանը մերժի կալանքից ազատելու դիմումը, խոսնակը նման պատասխան տվեց. «Ամեն ինչ էլ կարող է լինի: Կարող է նաև մերժել, ինչի չէ, դատարանի իրավունքն է: Սրանով հարցը փակվում է: Հո չեն ասում՝ գործը կարճեք: Պարզապես ասում են՝ խափանման միջոցը փոխեք»: Դիտարկմանը, թե մերժելու են Արցախի նախագահին, Բաբայանը հակադարձեց. «Մերժելու են անհատին: Պարզապես անհատների դիմումն են մերժելու, եթե մերժեն»:

Հստակեցմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է Բակո Սահակյանը որպես նախագահ ստորագրել դիմումը, Բաբայանն ասաց. «Խնդիրն այն է, որ Բակո Սահակյանը հանդես չի գալիս որպես նախագահ այս պարագայում, որպես Արցախի ժողովրդի և պետության գլուխ, հանդես է գալիս որպես անհատ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչու Սահակյանը որպես Արցախի քաղաքացի չի ստորագրել դիմումը: Խոսնակը պատասխանեց. «Պողոս Պողոսյանն էլ կարող էր ստորագրեր, պիտի նշեր չէ՞ ինքը ինչ է՝ վարորդ է, բժիշկ է, զինվորական է: Նշում են չէ իրենց կարգավիճակը: Միայն սրա համար է նշել: Լեռնային Ղարաբաղի քաղաքացի կարող է երկու- երեք նույն ազգանունով մարդ լինի: Ինքը նշել է այդ պաշտոնը, որը պետք է ինդենտիֆիկացիայի տեսակետից նայվի, ոչ թե քաղաքական»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով նախագահների դիմումին՝ ֆեյսբուքում գրել է. «Իմ անձնական կարծիքն է, որ Բակո Սահակյանը իրավունք չուներ այն ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, այլ իրավունք ուներ ստորագրել որպես ԼՂՀ քաղաքացի, ով, իր պատկերացմամբ, Հայաստանի Հանրապետությունում վայլում է վստահություն, քանի որ դա է օրենքի պահանջը: Իսկ որքանով է Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետությունում վայլում վստահություն, դա պետք է որոշի դատարանը, բայց եթե նա ներկայացնի նոր դիմում,արդեն ոչ որպես ԼՂՀ նախագահ»:

Ըստ պատգամավորի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայներաշխավորողը նախազգուշացվում է քրեական պատասխանատվության մասին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը քրեորեն պատժելի արարք է:

«Սակայն այստեղ հարց է ծագում, արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով ԼՂՀ նախագահը լիազորված է նման երաշխավորություն տալ, թե ոչ: Եթե՝ ոչ, ապա ինչ՞ու է նա այդ փաստաթուղթը ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, եթե այո, ապա նա արդյո՞ք կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության վերը նշված հոդվածով, եթե ոչ, ապա դատարանն իրավասու է նրան նախազգուշացնել քրեական պատասխանատվության մասին, եթե նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության»,-զգուշացրել է Բաղդասարյանը:

Բակո Սահակյանի խոսնակը ի պատասխան «Իմ քայլը» պատգամավորի՝ պնդեց, որ դիմումը զուտ մարդասիրական է. «Եթե անգամ դատարանում Արցախի նախագահ բառն օգտագործվի, սա զուտ ինդենտիֆիկացիայի տեսանկյունից պիտի նշվի, ոչ թե որպես քաղաքական փաստաթուղթ: Սա զուտ խնդրանք է»:

Հարցին, թե ինչպե՞ս է Արցախի նախագահը երաշխավորելու, որ Ռոբերտ Քոչարյանը չի ազդելու դատավարական պրոցեսի, օրինակ՝ գործով վկաների վրա, Բակո Սահակյանի խոսնակն ասաց. «Եթե ասել են, ուրեմն պետք է լինի համապատասխան պայմանավորվածություն: Դատարանի վրա որևէ մեկը իրավունք չունի ազդել»:

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու նախագահների դիմումը արդեն իսկ մեկնաբանվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին և Հայաստան-Արցախ անջրպետ ստեղծելու քայլ: «Չկա Հայաստան- Արցախ որևէ անջրպետ: Նրանք երկու հոգի անհատ են, հանդես չեն գալիս որպես Արցախի հանրապետություն: Սա խնդրանքի ձև է, վերջնագիր չէ»,-հակադարձեց Բաբայանը:

Մարտի 1-ի գործով նախկին բանտարկյալ, փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով, կոպիտ ու սխալ հաշվարկ էր Արցախի նախագահին այսպիսի ծանր իրավիճակի մեջ դնելը: «Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ արձագանք կստանա և ինչպիսի հետևանքներ կունենա, եթե դատարանը հարգի նախագահների դիմումը, և Ռոբերտ Քոչարյանը անձնական երաշխավորությամբ հայտնվի ազատության մեջ»,-ֆեյսբուքյան էջում գրել է նաև՝ շարունակելով. «Բայց մի պահ էլ պատկերացրեք դատարանի դահլիճից գլխիկոր ու մերժված հեռացող Արցախի նախագահին»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ սա քաղաքական իմաստով ակնհայտ ճնշում էր դատարանի վրա: «Ինձ համար շատ տարօրինակ է, որ փոխանակ Արցախի նախագահները պահանջեն արդարադատություն և չփորձեն միջամտել գործընթացին, քաղաքական իմաստով ակնհայտ ճնշում են գործադրում արդարադատության համակարգի վրա, որը կայացման գործընթացի մեջ է»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով. «Ես իրենց կհասնակայի, եթե Հաց բերողի ժամանակ Սերժ Սարգսյանին դիմեին, թե մարդասիրություն հանդես բերեք: Սա չեմ հասկանում: Եթե տապալվեց արդարադատությունը, մենք պետականության կորստի առաջ ենք կանգնելու և ինձ համար տարօրինակ է նրանց էդպիսի մոտեցումը: Ով փող ունեն, ոչ մեկը չպիտի նստի՞»:

Շիրինյանը Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի քայլի տակ այլ ենթատեքստ է տեսնում. «Ես սրա տակ ուրիշ բան եմ տեսնում: Պաշտպանելով Քոչարյանին՝ իրենք իրականում պաշտպանում են Սերժին, որովհետև Սերժի թիկունքից շատերը կերևան: Ես համոզված եմ, որ դա է իրենց մտահոգությունը: Քոչարյանն արդեն կրակված փամփուշտ է, խնդիրը գորշ կարդինալն է, որ Հայաստանն էս ճգնաժամի առաջ կանգնեցրեց»:

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ դատարան ներկայացրած երաշխավորության հանգուցալուծումը կարող է որևէ կերպ ազդել ղեկավարների մակարդակով Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա՝ հայտարարել է. «Նույնիսկ դատարանի դրական որոշման պարագայում Հայաստան-Արցախ հարաբերություններում որևէ խնդիր չի կարող առաջանալ»: Ըստ նրա՝ որևէ կերպ որևէ գործընթաց չի կարող ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest