«Մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Ավան-Նոր Նորք» նստավայրի տարածքում Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ վերջինիս ներկայացրած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա նշել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազությունից քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության առաջին օրը բռնության էր ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ «Արյունոտ տասնամյակ» վերտառությամբ ցուցապաստառ էր պարզել և բողոքի ակցիա էր անցկացրել դատարանի շենքի մոտ։
Ըստ Գասպարիի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը նրան հարվածել է ջրով լի շշով, ինչի պատճառով էլ Գասպարին ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա հանցագործության մասին ներկայացրել էր հաղորդում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: