Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքն առավոտից շրջապատված է։ Լարված դրություն է դատարանի ամբողջ տարածքում, ոստիկանները «պատ են կանգնել» և մի քանի շարքերով փորձում են կառավարել ամբոխին։
«Ազատությո՛ւն նախագահին». նույնաբովանդակ կոչերով և բղավոցներով դատարանի շենքն են շրջապատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրները։ Նրանց հենց դիմացն են կանգնել տասնյակ քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքն արտահայտելու Քոչարյանին և նրա համակիրները։ Վերջիններս պարբերաբար վանկարկում են «Քոչարյա՛ն, հանցագործ» ու հիշեցնում Մարտի 1-ը դեպքերը։
Երկու հակադիր կողմերի մեջտեղում ոստիկանական պատնեշն է, նրանց գլխի վերևով են անցնում համակիրների և Քոչարյանին դեմ հավաքված քաղաքացիների հարցուպատասխանները։ Համակիրներն ի պաշտպանություն Քոչարյանի որևէ մեկնաբանություն են անում, դեմ քաղաքացիները՝ հակափաստարկ բերում։
Ռոբերտ Քոչարյանի համակիրները Forrights-ի հետ զրույցում նշեցին, որ եկել են պայքարելու երկրորդ նախագահի ազատության համար, հակառակ կողմը շեշտեց՝ Քոչարյանը պետք է նստի ու պատասխան տա իր կատարած հանցանքների համար։
Այս պահին ոստիկանները փակել են դատարանի դարպասները և թույլ չեն տալիս կողմերից որևէ մեկին մտնել դատարան։ Սակայն նշենք, որ դատարանի դահլիճում են գտնվում Քոչարյանի համակիրներից շատերը, որոնք ամբաստանյալ Քոչարյանին դիմավորեցին ծափահարություններով։
Այժմ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը և ինքնաբացարկ չհայտնել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: