Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը։ Դատարանի բակում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, համապատասխան գրությամբ պաստառներով՝ «Քաղբանտարկյալ #1», «Ազատություն հերոսին» և «свобода Роберту Кочаряну»։

Ակցիա իրականացնող քաղաքացի Արմեն Մինասյանի խոսքով՝ ինքը եկել է պաշտպանելու Քոչարյանի ամրագրված իրավունքները, ինչը պետությունը չի անում.

«Այստեղ հավաքվել են և՛ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, և՛ արցախյան հիմնախնդրով մտահոգված անձիք»,- ասաց նա։

Քաղաքացու հավաստմամբ՝ գործող վարչախմբի կողմից կա հստակ ծրագիր՝ պահել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ. արդյունքում՝ հենց իշխանությունն է փակի տակ պահում ՀՀ երկրոդ նախագահին։

Մինչ նիստի մեկնարկը լարված մթնոլորտ էր դատարանի ներսում: Քաղաքացիներից ոմանք՝ «լրագրողական» բեյջով ևս ցանկանում էին նիստերի դահլիճ մուտք գործել, սակայն, դահլիճի փոքր լինելու պատճառով, կարգադրիչները թույլ չէին տալիս։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը չընդունեց Քոչարյանի պաշտպանների առաջարկը՝ նիստերն անցկացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի ավելի մեծ դահլիճում, և դատարանի կարգադրիչներին թույլատրեց ներս թողնել դահլիճից դուրս մնացած քաղաքացիներին։

Արդյունքում՝ գոռգոռոցներ, հրմշտոց. այնուամենայնիվ նիստերի դահլիճ մուտք գործեցին բոլորը, ստեղծվեց խառը իրավիճակ՝ «ազատություն հերոսին» կոչեր։

Նիստին զուգահեռաբար լարված մթնոլորտ էր նաև դատարանի բակում։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին դատարանի բակ է եկել Ռոբերտ Քոչարյանին դատապարտող պաստառով, արդյունքում ստեղծվեց խառը իրավիճակ, որից հետո Գասպարին հայտարարեց, որ Քոչարյանի աջակիցները ջրի շշով հարվածել են իր դեմքին, որն ուռել և կապտել էր, ապա՝ պատռել պաստառը:

Հետագայում Գասպարին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Ոստիկանության աշխատակիցներին: Այժմ նիստն ընդմիջվել է. դատարանը ժամանակ է տրամադրել պաշտպաններին, որպեսզի վերջիներս դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն ըստ պաշտպան Ալումյանի՝ այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը այս գործով հանդիսանում է որպես կողմ, սակայն նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Ըստ Ալումյանի՝ այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։

Ըստ Հայկ Ալումյանի՝ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնի․

«Մեր հարցին ի պատասխան դատավորը չժխտեց, որ, ըստ էության, ծանոթ չէ քրեական գործի ողջ նյութերին։ Հայտնի չէ նաեւ, թե դատավորը քրեական գործի ո՞ր նյութերն է հաշվի առնելու՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցը լուծելիս»,–ասաց Ալումյանը՝ հայտարարելով, որ իրենք այս պայմաններում որևէ հնարավորություն չունեն Քոչարանի պաշտպանությունն արդյունավետ կորպով իրականացնելու։

Միջնորդության երրորդ հիմքն ըստ պաշտպանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ ԲԴԽ–ում առկա կարգապահական վարույթն է։

Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը նախկինում հրաժարվել էր քննել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը՝ պատճառաբանելով, որ այդ օրը նա հերթապահ չի եղել։ Այս հիմքով ԲԴԽ–ում նրա նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել․

«ԲԴԽ–ում նման վարույթի առկայությունը կարող է որպես լծակ օգտագորվել Դավիթ Գրիգորյանի դեմ՝ նրա անկախությունն այս գործով սահմանափակելու համար։ Այս հանգամանքը կարող է կաշկանդել ձեզ»,-նկատեց փաստաբանը։

Մինչ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացնում դատավորին, ԲԴԽ–ն հաղորդագրություն տարածեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի կապակցությամբ՝ նրան նախազգուշացում հայտատարելով։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և գործով մյուս մեղադրող կողմերը առարկեցին պաշտպանական կողմի միջնորդության դեմ։

Միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը։

Pin It on Pinterest