Ես ինձ համար արձանագրեցի, որ տուժողները չեն կարող մասնակցել Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը և ես չեմ մասնակցելու այլևս:
Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախնական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտի 1-ի» գործով տուժող կողմի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:
«Դատարանը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը և Քրեական դատավարության օրենսգրքի որոշ նորմեր, հայտարարեց, որ բացի ամբաստանյալ Քոչարյանի պաշտպաններից և դատախազներից՝ մյուսների ներկայությունը դատական նիստում չի նշանակում, որ նրանք մասնակից են դատավարությանը, ինչը ես չեմ կիսում բացարձակապես: Համենայնդեպս, որոշումն արդեն կայացված է»,- նշեց Վահե Գրիգորյանը:
Տուժող կողմի ներկայացուցիչը շեշտեց այսօրվա դատավարության կարևորությունը և խորությունը՝ նկատելով, որ ամբաստանյալի աթոռին են ՀՀ երկրորդ նախագահը, հայկական բանակի 2 գեներալներ և բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա. «Այս ամենի հետ մեկտեղ պետք է իմանաք, որ ցանկացած պաշտպան քրեական դատավարության մեջ ներկայացնում է իր պաշտպանյալի դիրքորոշումը: Դա իր անձնական նախասիրություններից դրդված մոտեցումները չեն, որ հրապարակվում են»,-արձանագրեց փաստաբանը:
Ըստ Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոլորն էլ պրոֆեսիոնալ և բարձրակարգ իրավաբաններ են:
«Ես ցավում եմ, որ աս կարևորության գործը ինչ-որ դռնից մտնելու, մեկ այլ դռնից դուրս գալու օրինականությունը ստուգելու վերածված գործ է դարձել: Մենք ավելի շատ բովանդակային փաստարկներ էինք ակնկալում այսօրվա նիստում: Ցավում եմ, որ դրանք չհնչեցին։ Ես չեմ նկարծում, որ դա պաշտպանների բացթողումն է»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբեյալ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց․ «Չեմ կարծում, որ ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավոր էր, և հուսով եմ, որ դատարանը կմերժի այդ միջնորդությունը»:
Վահե Գրիգորյանն անդրադարձավ 003 հրամանին, նշելով, որ ինքը քանի դեռ դատարանը չի որոշել գործում առկա փաստերի գաղտնությունն ապահովվել, ինքը զերծ կմնա գործի այնպիսի նյութեր հրապարակել, որոնք կարող են իրենց մեջ ռազմական գաղտնիք պարունակել։
Դիտարկմանը, թե Քոչարյանը հայտարարել է, որ չի իմացել՝ բանակը ներգրավվել է մարտի 1-ի իրադարձություններին, Վահե Գրիգորյանն արձագանքեց. «Ես կցանկանամ, որպեսզի նա հստակ հայկական դատարանում հայտարարի, որ ինքը տեղյակ չի եղել, որ մոտ 2.000 սպայական ու ենթասպայական կազմ ունեցող, բարձր պատրաստվածությամբ, ամբողջությամբ զինված զորաբանակ է բերվել Երևանի կենտրոն, տեղակայվել կենտրոնում և դրա արվարձաններում»:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: