Ապրիլի 7-ին Նոր Նորքի ոստիկանություն տարված և ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի մայրը՝ Լարիսա Եփարյանը Forrights.am-ին պատմեց, որ իրենց տարբեր հեռախոսահամարներից զանգում, անհանգստացնում են, հարցնում, թե ինչ ոստիկանների անուններ են տվել: Վերջերս անհայտ տղամարդ զանգահարել է մահացած Էդգար Ծատինյանի տատիկի՝ Սիլվա Եղիազարյանի հեռախոսահամարով և սպառնացել:
«Ինչ- որ տղամարդ զանգել էր մորս՝ թե ես տոմս եմ վերցրել, թռնում եմ Ռուսաստան, դուք ձեր հալը կտենաք, փորձվեք լպտաք»,-պատմեց մահացած Էդգարի մայրը: Տուժողներին սպառնալու առթիվ նրանց փաստաբան Արայիկ Զալյանն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել ոստիկանությունում Էդգարի խոշտանգման մասով գործը քննող ՀՔԾ-ին՝ ներկայացնելով զանգողի հեռախոսահամարը: Գործը քննող ՀՔԾ-ից դեռ չեն պատասխանել մեր հարցմանը՝ հայտնաբերե՞լ են սպառնացողին, թե՞ ոչ:
Տիկին Լարիսան նաև պատմեց, որ Forrights.am-ի հոդվածի հրապարակումից հետո, որտեղ ինքը մտահոգություն էր հայտնել, որ բժիշկների մեղավորության մասով Քննչական կոմիտեում գործն ուզում են կարճել, քանի որ իրենց ոչ մի տեղեկություն չեն հայտնում դրա մասին, ոչ տուժողի իրավահաջորդ են ճանաչել, ոչ հարցաքննել, իրենց զանգել, կանչել են ՔԿ՝ հարցաքննության:
Տուժող կողմի պաշտպան Արայիկ Զալյանը բացարկ է հայտնել ՔԿ-ին՝ հիվանդանոցում մահացած Էդգարին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու գործով, քանի որ, ըստ նրա, նույնն Քննչական կոմիտեն է բժիշկների գործը քննում, որի ցուցումով Էդգարը բերման է ենթարկվել ոստիկանություն և ծեծի է ենթարկվել, թմրանյութ է կուլ տվել, ինչի արդյունքում մահացել է: «Երկրորդ հիմքն այն է, որ մենք անաչառություն չենք տեսնում քննությունից»,-նշեց պաշտպանը:
Արդեն գրել ենք, որ տուժող կողմին պատշաճ չէին տեղեկացրել գործի հարուցման մասին: Մահացած Էդգար Ծատինյանի հարազատների պաշտպան, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի փաստաբան Արայիկ Զալյանը մեզ ասել էր, որ ՔԿ-ն պատշաճ չէր տեղեկացրել տուժող կողմին բժիշկների գործողությունների մասով հարուցված գործի մասին:
Պաշտպանը այդ գործի մասին իմացել էր միայն այն ժամանակ, երբ ՀՔԾ-ից ստացել է իր միջնորդության պատասխանը, ըստ որի՝ բժիշկների միջամտության ոչ պատշաճ լինելու հետ կապված քրգործը հարուցված է ՀՀ Քննչական կոմիտեի Նոր Նորք և Ավան վարչական շրջանների քննչական բաժնում:
Զալյանի խոսքով՝ դեռ պատասխան չունեն՝ ՔԿ-ին ուղղված բացարկն ընդունվել է, թե ոչ: «Ես նաև միջնորդություն եմ ներկայացրել գլխավոր դատախազին, որ թե խոշտանգման, թե բժշկական օգնություն չտրամադրելու մասով գործը քննի ՀՔԾ-ն, սակայն դատախազությունը հետաձգել է միջնորդության քննությունը ու որոշում չի կայացրել՝ մերժելու կամ բավարարելու վերաբերյալ»,-ասաց պաշտպանը: Նրա խոսքով՝ տուժողների պնդմամբ, կա փոխկապակցվածություն ոստիկանների ու բժիշկների գործողությունների միջև: «Դա ենթադրություն է, քանի դեռ հակառակը չի հաստատվել: Դրա հետ կապված ես բողոք եմ ներկայացրել գլխավոր դատախազին»,-պատմեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի դեպքով, որը հարազատների պնդմամբ, մահացել է ոստիկանության բաժանմունքում դաժանորեն ծեծվելու, ահաբեկվելու, այնուհետև սպառնալիքի պատճառով վտանգավոր թմրանյութ կուլ տալու ու բժիշկների անտարբերության պատճառով, ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել՝ ոստիկանների կողմից խոշտանգման հոդվածով:
Մահացածի մայրը՝ Լարիսա Եփարյանը ավելի վաղ մեզ պատմել էր, որ տղային ոստիկանությունում խոշտանգել են՝ փորձելով հարևանի դեմ ծեր կնոջ սպանության ցուցմունք կորզել: Մոր խոսքով՝ ծեծված վիճակում ոստիկանները փորձել են Էդգարի գրպանը «Կրիստալ» թմրանյութ գցել, իսկ վերջինս, քանի որ նախկինում դատվածություն է ունեցել, վախեցել է, որ կնստեցնեն ու կուլ է տվել թմրանյութը:
Դեպքից հետո ոստիկանները նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Մոր խոսքով՝ այնտեղ հրաժարվել են ընդունել, բուժօգնություն չեն ցուցաբերել: «Մասիվի հիվանդանոցում գետնին ընկած է եղել ժամերով: Եթե հնարավորություն լինի, ես կուզեմ, որ այդ տեսագրությունները հանեն: Եթե արդարություն կա, և հիվանդանոցի, և ոստիկանության վիդեոները թող հանեն, դրանք տեղից փաստ են»,-ասել էր մայրը՝ հավելելով, որ այնտեղից որդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ ինքը գնացել, տեսել է որդուն: Այդտեղ էլ ոստիկանությունից տարված Էդգարը անուշադրության էր մատնվել, ըստ ծնողի:
«Բժիշկներն ու քույրերն իրանց համար սենյակում սերիալ էին նայում, ոչ մի բան չէին անում: Դատարկ ասեղը մտցրած թևը իմ տղան պառկած էր: Անգամ մեր խնդրելուց հետո ստամոքսի լվացում չարեցին: Իմ երեխեն լավ էր, էնքան լավ էր, որ ահագին բաներ մեզ պատմեց: Գիշերը մինչև ժամը մեկը իմ երեխեն պայքարել ա: Ստից սիստեմա էին միացրել: Ու մի բժիշկ կար, երբ երեխես արդեն մեռած հատակին ընկած էր, եկել ասում ա՝ ստամոքսի լվացում ենք անում, 43 աստիճան տաքություն ունի, սառույց ենք դրել: Բայց իմ երեխուն մեռած տարան»,-պատմել էր վշտահար մայրը՝ շարունակելով. «Բա ստամոքսի լվացումը շուտ անեիք, 6-7 ժամ իմ երեխեն էդտեղ էր, ի՞նչ էին անում: Մենք ուղղակի ուզում ենք, որ էս կեղծիքը բացահայտվի, իմ երեխեն միլիոն տոկոսով առողջ է եղել»:
Նշենք նաև, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Էդգար Ծատինյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: