«Մեդիալաբ»-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը՝ ծաղրանկարի և սատիրայի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ

711
Մարիաննա Գրիգորյան

Եվրոպական «Էվենս» հիմնադրամի «Էվենսի լրագրության մրցանակ-մշակույթ-2019» հեղինակավոր մրցույթի այս տարվա ժյուրիի կազմում է ընդգրկվել նաև MediaLab.am-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը։

«Էվենս» հիմնադրամի լրագրության մրցույթն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Այս տարի մրցույթը նվիրված է սատիրային և ծաղրանկարչությանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի պրոֆեսիոնալներ Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Բոսնիա և Հերցեգովինայից, որոնք ներկայացնում են բրիտանական հեղինակավոր «ԲիԲիՍի»-ն, Լոնդոնի արվեստի համալսարանը, հումորի և սատիրայի հեղինակավոր պարբերականներ։

Մրցույթի մասնակիցների մեջ են միջազգային հեղինակավոր պարբերականների ծաղրանկարիչներ, երգիծաբաններ՝ Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի տարբեր անկյուններից, այնպիսիք, ինչպիսիք, օրինակ՝ «Գարդիանի» ծաղրանկարիչ Սթեֆըն Քոլինզը, Նիդերլանդներում տեղակայված հայտնի Քարթունմուվմընթը։ Բելգիայի մայրաքաղաքում տեղակայված «Էվենս» հիմնադրամի մրցույթը 15.000 եվրո մրցանակ է տրամադրում փորձառու և 5․000 եվրո՝ սկսնակ՝ Եվրոպայում բնակվող ու գործող լրագրողներին, որոնք բացառիկ ներդրում են ունենում Եվրոպան ավելի լայն լսարանին համապարփակ և մատչելի ներկայացնելու գործում՝ միաժամանակ մարտահրավեր նետելով տեղեկությունների տարածման ավանդական ձևերին, ստեղծելով նորերը։ Մրցույթի այս տարվա հաղթողներ են ընտրվել այն մասնակիցները, որոնք կարողացել են լավագույնս վերծանել ընթացիկ իրադարձությունները, հարաբերվել ճշմարտությանը՝ առանձնահատուկ կերպով օգտագործելով հումորը։

Հաշվի առնելով այս ոլորտում «Մեդիալաբի» հաջողությունները՝ հիմնադրամը հրավիրել է Մարիաննա Գրիգորյանին մաս կազմելու հեղինակավոր մրցույթին։

Մարիաննա Գրիգորյանը մրցանակակիր միջազգային լրագրող է, որը տարբեր հեղինակավոր մրցույթներում արժանացել է ավելի քան երեք տասնյակ մրցանակների։ Թղթակցել է բրիտանական «Գարդիանին», «Վաշինգտոն Փոստին», «Եվրասիանեթին»։ 2009 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» և նորվեգական «Ֆրիդ օրտ» ու գերմանական «Ցայտ» հիմնադրամներից երկու հեղինակավոր մամուլի ազատության մրցանակների արժանանալուց հետո մրցանակային ֆոնդով հիմնադրել է «Մեդիալաբը»։