ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց անփոփոխ թողնել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Դատարանը մերժեց պաշտպանական կողմի՝ Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր կայացավ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը։  Առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել Մանվել Գրիգորյանը. վերջինս վատառողջ է և այս պահին բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում: Դատական նիստին մասնակցում էր կինը՝ Նազիկը:

Պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց հետաձգել խափանման միջոց հարցի քննությունը և հաջորդ նիստին փորձել ապահովել Գրիգորյանի ներկայությունը, պատճառաբանելով, որ նա ասելիք ունի հանրությանը։

Դատարանը շեշտեց, որ Մանվել Գրիգորյանի բացակայությունը խոչընդոտ չի հանդիսանում, որ դատարանն այսօր քննի նրա խափանման միջոցի հարցը: Մեղադրող դատախազ Դոլմազյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ համակարծիք լինելով նախագահող դատավորի հետ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց մերժել պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը:

Պաշտպանն այս անգամ միջնորդեց դատական նիստը «Նաիրի» ԲԿ-ում արտագնա նիստ անելու վերաբերյալ: Սակայն դատարանն այս միջնորդութունը ևս մերժեց.

«Մանվել Գրիգորյանը պետք է իր խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ»,- կրկին հայտարարեց Բաղդասարյանը, ապա միջնորդեց խափանման միջոց կալանավորումը փոխարինել 10 մլն գրավով:

Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը և չի թաքնվի դատաքննությունից: Նա նշեց, որ Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, բացի դրանից Արցախի հերոս է, ունի երեխաներ, որոնցից մեկն անաչափահաս է:

Դատախազ Դոլմազյանն էլ դիրքորշում հայտնեց, որ միայն կալանավորման դեպքում է հնարավոր այս գործով ճիշտ և օբյեկտիվ քննություն իրականացնել, իսկ գրավը չի կարող երաշխիք հանդիսանալ Գրիգորյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։

Դատարանը, կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, որոշում կայացրեց մերժել 10 միլիոն գրավի կիրառումը և թողնել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ:

Նիստի ընդմիջման ժամանակ, Գրիգորանի կինը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ քմծիծաղ տվեց, երբ դատախազներն ասացին՝ Մանվել Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս առողջ տեսք ուներ, պատասխանեց.

«Հերոսը չի սողում ու, եթե իրենց թվում է՝ պետք է չորեքթաթ գնար, ուրեմն ավելի լավ ա թող իրանք գնան»:

Դիտարկմանը, թե  նրանց բնակարանից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, Ամիրյանը արձագանքեց՝ «Ո՞վ ասաց»: Հիշեցմանը, որ դա վկայող տեսանյութ կա, Գրիգորյանի կինը հայտարարեց.

«Էդ զինք-զինամթերքները բոլորն օրինական են: Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում»,- ասաց Ամիրյանը և պատասխանեց լրագրողների վերջին հարցին. արդյո՞ք սպասո՞ւմ էր, որ մեղադրյալի կարգավիճակ կունենա.

«Թուրքերի, ադրբեջանցիների մոտ եմ ունեցել»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest