17 օր՝ հացադուլ, 6 օր՝ ջրադուլ. դատապարտյալը շարունակում է բողոքը
17 օր հացադուլի և 6 օր ջրադուլի մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արկադի Պապյանի առողջական վիճակը ծանր է. արդեն մի քանի օր է նա պարբերաբար կորցնում է գիտակցությունը: Վերջին օրերին դատապարտյալը հրաժարվել է նաև տրամադրվող բուժօգնությունից:
Քրեակատարողական ծառայությունից Forrights-ին տեղեկացրին, որ Արկադի Պապյանը հացադուլի հենց առաջին օրը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նշեց՝ Արկադի Պապյանի հացադուլի հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում.
«Չհայտարարված այցի ընթացքում դատապարտյալի իրավունքների երաշխավորման նպատակով ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը, ինչից հետո հարցը քննարկվել է ՔԿՀ-ի վարչակազմի հետ»,- հավելեցին պաշտպանի գրասենյակից:
Նման ծայրահեղ քայլով դատապարտյալ Պապյանը բողոքում է Գլխավոր դատախազության կողմից առաջադրված «կեղծ մեղադրանքի» դեմ: Օրեր առաջ ջրադուլ հայտարարելու մասին դիմումում դատապարտյալը նշել էր՝ ջրադուլ է հայտարարում, քանի որ Գլխավոր դատախազությունը մամուլում սուտ տեղեկություններ է հրապարակում իր վերաբերյալ:
1 տարի առաջ դատապարտյալին խոստացել էին օբյեկտիվ քննություն իրականացնել և պարզել հանգամանքները
2018 թվականին, արդեն անազատության մեջ գտնվող Արկադի Պապյանին մեղադրեցին «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին իր մարդկանց միջոցով մի քանի ամիս շարունակ 250-300 հազար դրամ փոխանցելու համար, ինչի դիմաց նա, ըստ ՀՔԾ հաղորդագրության, արգելված իրեր, թմրանյութեր, ալկոհոլ մտցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսից, ինտերնետից ազատ օգտվելու, «ղումար» խաղալու իրավունք է ստացել: Պապյանը, սակայն հենց սկզբից էլ չի ընդունել մեղսագրվող արարքը և ի նշան բողոքի, անժամկետ հացադուլ հայտարարել:
Հացադուլի 40-րդ օրը, երբ Պապյանի առողջական վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր, երրորդ անգամ նրան այցելում են Գլխավոր դատախազությունից: Նրանք դատապարտյալին խոստանում են օբյեկտիվ քննություն իրականացնել և պարզել հանգամանքները. Պապյանը դադարեցնում է հացադուլը:
«Պատրաստակամություն է հայտնվել ուսումնասիրության առարկա դարձնել իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- դեռ անցած տարի Forrights-ին ի պատասխան ասել էին Դատախազությունից:
«Իմ պաշտպանյալը նման ծայրահեղ մեթոդով ցույց է տալիս առաջադրված մեղադրանքի անհիմությունն ու անօրինականությունը»
Արկադի Պապյանի վերաբերյալ քրեական գործը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում: Նախաքննության փուլում ՀՔԾ-ն գործն առանձնացրել և երեք տարբեր վարույթներում էր ուսումնասիրում գործը, հետագայում երեքը դարձավ երկու. կաշառք տալու և ստանալու մասով մեղադրանքն առանձին-առանձին ուղարկվեցին դատարան: Ստացվեց՝ կաշառք տվողի և ստացողի գործն այս պահին քննվում է միմյանցից անջատ:
Արկադի Պապյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Forrights-ին հայտնեց, որ քննչական մարմնի այսօրինակ գործողությունների ոչ իրավաչափության մասին դեռ նախաքննության փուլում է բողոքներ ներկայացրել, որոնք, սակայն, մերժվել են.
«Քրեական գործը մեկ տարուց ավելի է դատաքննության փուլում է, նախապատրաստական փուլը դեռ չենք հաղթահարել, բուն դատաքննություն՝ չենք մտել, փաստացի՝ տեղից չենք շարժվում: Գործը բազմահատորանի է, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրվի: Քրեական գործով անցնող վկաները բազմաթիվ են, որոնք պետք է հարցաքննվեն երկու գործերում էլ, այսինքն ստացվում է՝ դատական գործընթացն ինքստինքյան կրկին երկարում է: Այս տեմպերով դատավարությունը մեկ տարի կգնա, այնինչ դատապարտյալը մեղադրանքի դեմ իր կյանքի գնով է պայքարում»,- նշեց Ամրամ Մակինյանը:
Պաշտպանն ահազանգեց, որ Պապյանն իր որոշման մեջ հստակ է՝ չի դադարեցնելու հացադուլը և ջրադուլը, քանի դեռ իր նկատմամբ անօրինականությունները շարունակվում են: Ըստ Մակինյանի, իր պաշտպանյալը նման ծայրահեղ մեթոդով ցույց է տալիս առաջադրված մեղադրանքի անհիմությունն ու անօրինականությունը.
«Նախաքննության փուլում մեկ անձի ցուցմունքի վրա են մեղադրում նրան, այն դեպքում, երբ այդ անձն այս պահին հրաժարվել է նախկինում տված ցուցմունքներից: Ենթադրությունների վրա մարդուն ծանր մեղադրանք առաջադրելն անընդունելի է»,- հավելեց փաստաբանը:
Արկադի Պապյանին կայցելի մեղադրանքը պաշտպանող դատախազը
Հացադուլի դեռ չորրորդ օրը՝ ապրիլի 18-ին, Արկադի Պապյանին այցելում է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը՝ Պապյանի առողջական վիճակի վերաբերյալ անմիջականորեն տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հացադուլի դիմելու պատճառներն ու պահանջները քննարկելու համար:
«Արկադի Պապյանը կրկին պնդել է քրեական գործով իր անմեղությունը և պահանջել դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը: Հարցման արդյունքները և Ա. Պապյանի դժգոհությունները փոխանցվել են նրան առնչվող քրեական գործով մեղադրող դատախազին:
Արկադի Պապյանին ներկայացվել են նաև նրա մեղադրանքի համար հիմք հանդիսացած՝ համապատասխան ցուցմունքները, ինչպես նաև իրականացված գաղտնալսումների արդյունքները և նրան հավաստիացվել է, որ հետագա քննության ընթացքում ուսումնասիրության առարկա կդարձվեն իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները»,- Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա նշեց, որ դատապարտյալի հացադուլի ընթացքը դատախազության ուշադրության կենտրոնում է և դատախազության համապատասխան վարչությունը մշտական կապի մեջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ: Աբրահամյանի հայտարարեց՝ չնայած այն հանգամանքին, որ դատախազության կողմից ձեռնարկվել են բոլոր միջոցները հացադուլից նրա հրաժարվելու համար և բոլոր առիթներն օգտագործել է պարզաբանելու դատաքննության ընթացքում իր դատավարական իրավունքները լիարժեք իրացնելու հնարավորության մասին, այնուհանդերձ Պապյանին կայցելի մեղադրանքը պաշտպանող դատախազը:
Կատարված այցի մանրամասների և հետևանքների մասին Forrights-ը կհայտնի, երբ Դատախազությունից ստանա տեղեկատվությունը:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: