«ՔԿՀ-ներում անօրինական անազատության մեջ գտնվող անձինք չկան». Արտակ Զեյնալյան

781
Արտակ Զեյնալյան

«Քրեակատարողական հիմնարկներում նվազել է հացադուլի դիմող կալանավորների և դատապարտյալների թիվը: Այս պահի դրությամբ ՔԿՀ-ներում ունենք 5 հացադուլավոր: Սա նախկին տարիների համեմատ բավականին ցածր ցուցանիշ է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը::

Նախարարը նշեց, որ հացադուլավոր անձանց բողոքը ոչ թե քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից է, այլ առնչվում է իրենց իսկ քրեական գործերի հետ:

Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2287 անձ, ինչը 1248-ով պակաս է 2018 թվականի նույն ժամանակահատվածից: Նրանցից 985-ը կալանավորված անձիք են, 1302-ը՝ դատապարտյալներ: Բացի դրանից, այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՔԿՀ-ներից ազատվել է շուրջ 339 անձ:

Նախարարի հավաստմամբ, այս թվերի մեջ չկան անօրինական անազատության մեջ գտնվող անձինք:

«Եթե կան անազատության մեջ պահելու նվազագույն բավարար հիմքեր, ապա անձինք գտնվում են անազատության մեջ: Եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, ապա ընտրվում է խափանման այլ միջոց կամ կալանքը փոխարինվում է գրավով՝ որպես խափանման այլընտրանքային միջոց: Եվ այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի եղած իրավիճակից. ավելի շատ անձ է գտնվում ազատության մեջ, քան նախկին իշխանությունների ժամանակ»,- ասաց նա:

Ասուիսի վերջում Զեյնալյանը կարծիք հայտնեց, որ աշխատանքի տեղավորվելը կրկնահանցագործությունների թվի կրճատման գրավականն է։ Նախարարը նշեց, որ մշակվում է ձերբակալվածներին, ինչպես նաև ներման արժանացածներին, ժամկետից շուտ ազատ արձակվածներին աշխատանքի տեղավորելու մեխանիզմ:

«Նախատեսվում է նպաստ վճարել՝ ազատվելուց հետո առաջին երկու ամիսներին, որպեսզի անձը կարողանա աշխատանքի տեղավորվել։ Աշխատանքի տեղավորվելու համար հատուկ տեղ է հատկացվել ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում։ Նախ համապատասխան կետ է նշված աշխատանքային գրքույկում, որը թույլ կտա ազատվելուց հետո շարունակել աշխատանքը։ Փաստն այն է, որ վերջերս բանտից ազատվածներին ձգտում են աշխատանքի չվերցնել։ Մենք ցանկանում ենք վերացնել ռիսկերը, երբ մարդը դիմում է հանցագործության՝ իրեն կերակրելու համար»,- ընդգծեց Զեյնալյանը։