Ապրիլի 26-ին Երևանի դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժեց Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի փաստաբան Ամրամ Մակինյանի միջնորդությունը ՝ Ալավերդու գործարար Վահագն Աբգարյանի և Շուշանյանի գործով դատաքննությունները մեկ վարույթում միավորելու վերաբերյալ:

Թաթուլ Շուշանյանը, ըստ մեղադրանքի, Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության ընթացքում կաշառք է ստացել Ալավերդու հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանից, որը մեղադրվում է այդ սպանությունը պատվիրելու և Շուշանյանին կաշառք տալու համար։ Վերջինս կտրականապես չի ընդունում մեղադրանքը, պնդելով, որ որպես քննիչ օբյեկտիվ քննություն է կատարել Վանագն Աբգարյանի գործով:

Ամբաստանյալներից մեկը՝ Վահագն Աբգարյանը, մեղադրվում է կաշառք ստանալու, իսկ մյուսը՝ կաշառք տալու համար: Այս երկու գործերը նույն փաստական հանգամանքներով շաղկապված են, հետևապես պետք է քննվեն միասին: Սա է Շուշանյանի պաշտպանների տրամաբանությունը:

«Ստացվում է իրավական կազուս, — ասում է Ամրամ Մակինյանը, — Վերացականորեն ընդունենք՝ Վահագն Աբգարյանը մեղավոր է ճանաչվում կաշառք տալու համար, սա նշանակում է, Թաթուլ Շուշանյանի մեղքը ավտոմատ կերպով հիմնավորվում է, ինչը խախտում է նրա արդար դատաքննության իրավունքը»:

Բացի այդ՝ երկու գործերով նաև նույն վկաներն են անցնում, որոնք երկու դատարաններում էլ նույն փաստական հանգամանքների շուրջ ցուցմունքներ են տալու, և Աբգարյանի գործը քննող դատարանում հնչած վկայությունները կարող են կարևոր նշանակություն ունենալ Շուշանյանի գործի քննության համար: «Բայց մենք չգիտենք, թե այլ դատարանում նույն վկաներն ինչ են ասում: Կարծում եմ, ի սկզբանե, արդեն իսկ նախաքննության փուլում սկսած այս գործերը կտրվել են առանձին դատավարություններ ստանալու տրամաբանությամբ, որպեսզի, մեկով դատավճիռ ստանալով, մյուսը կանխորոշեն»: նշում է Մակինյանը:

Միջնորդությանը դեմ են արտահայտվել տուժողի իրավահաջորդի պաշտպան Լուսինե Սահակյանն ու մեղադրող դատախազը: Նրանք առարկել են, որ քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ սահմանված չի, և դատարանը, որը հետևում է տուժող կողմի ցանկություններին, մերժել է Շուշանյանի միջնորդությունը:

Երեկվա նիստում Թաթուլ Շուշանյանը դատարանից նաև չի ստացել պատշաճ պարզաբանում իր մեղադրանքի վերաբերյալ: Նա պահանջել է, որ դատարանը պատասխանի, թե ինչու է ինքը մեկ արարք կատարելու համար մեղադրվում միաժամանակ երկու հոդվածներով՝ կաշառք ստանալը /Քր. օր-ի 311-րդ/, և պաշտոնական լիազորությունների չարաշահելը /Քր. Օր-ի 308-րդ/:
«Օրենքը ասում է, եթե կա հատկապես տվյալ արարքի համար նախատեսված հոդված, մարդուն պատասխանատվության են կանչում հենց այդ հոդվածով, այինքն՝ դա 311-րդ, այն է «Կաշառք ստանալը»: Էլ 308-ը ինչո՞ւ են դրել», — ասում է Ամրամ Մակինյանը:

Շուշանյանի շահերի պաշտպաններից փաստաբան Հայկ Ալումյանը ևս գտնում է, որ մեկ արարքի համար երկու հոդված դնելն առնվազն տարօրինակ է: «Շուշանյանը չի հասկանում, որ մեղադրանքը որ արարքի համար է դրված: Այդպես պետք է չլինի: Մեղադրանքի բովանդակությունից պետք է հասկանալի լինի, թե որ արարքն ինչպես է որակվում: Բայց բոլորն իրար հետ նկարագրելն ու երկու հոդված դնելն անհեթեթություն է», — ասում է Ալումյանը:

Դատարանը այս փուլում ձեռնպահ է մնացել մեղադրանքի պարզաբանումից, պատճառաբանելով, որ կաշկանդված է, քանի որ կխախտվի մրցակցության սկզբունքը՝ պարզաբանումը կդառնա մեկնաբանություն, իսկ մեկնաբանել դատարանը չի կարող: Դատախազն է փորձել պատասխանել Շուշանյանին, ինչը վերջինիս չի բավարարել: Այնուհետև նիստը վերածվել է դեբատի:

Թաթուլ Շուշանյանը մեկ տարուց ավելի է, բանտում է: Նա կաշառք ստանալու համար մեղադրվող իրավապահ ու արդարադատության մարմինների նախկին ներկայացուցիչներից միակն է, ում պահում են կալանքի տակ:
Դատարանը սա պատճառաբանում է նրանով, որ «մնալով ազատության մեջ մեղադրյալ Շուանյանը կարող է ազդեցություն ունենալ դատավարությանը մասնակցող անձանց վրա»:

Դատավաոր Աննա Մաթևոսյանին այս հարցում չեն կարողացել մտափոխել անգամ ԱԺ 6 պատգամավորները, որոնք հայտնել են դատարանին, որ ճանաչում են Շուշանյանին որպես պարկեշտ իրավապահի ու երաշխավորում են, որ ազատության մեջ նա չի խոչընդոտի քննությանը:

Այսպիսով, դատավոր Աննա Մաթևոսյանը այս դատավարության ընթացքում Թաթուլ Շուշանյանի համար էական նշանակություն ունեցող ոչ մի միջնորդություն չի բավարարել: Նա մերժել է խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը, գրավ, անձնական երաշխավորություն կիրառելու, իսկ երեկ նաև գործերը միավորելու միջնորդությունները: Լիիրավ ենք ենթադրելու, որ այս հանգամանքը կարող է Շուշանյանի նկատմամբ դատախազության և կից դատավորների սուբյեկտիվ վերաբերմունքի ցուցիչ լինել:

Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանի սպանության գործը, որի շրջանակում մեղադրվում է Շուշանյանը, քննել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը հայաստանյան արդարադատությունից թաքնվում է այլ երկրներում: Նա ամուր ընկերական ու գործընկերական կապեր ունի ՀՀ իրավապահ և արդարադատության մարմիներում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest