«ՄԻԵԴ վճիռը հարստացնում է Մարտի մեկի գործով ապացուցողական բազան: Դատարանի համար շատ կարևոր հանգամանք է»

1168

«ՄԻԵԴ-ը հաստատել է այն, ինչը մենք տասը տարի ասում ենք: Այս որոշումը շատ լուրջ որոշում է»,- Forrights.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պերոսյանի գործով ՄԻԵԴ վճռին, ասաց Մարտի մեկի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ, ԱԺ ՊՆ և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. «ՄԻԵԴ վճիռը հարստացնում է Մարտի մեկի գործով ապացուցողական բազան: Դատարանի համար շատ կարևոր հանգամանք է»:

Մարտի մեկի գործով տուժողների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն այսօր հրապարակել է Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԵԻԴ վճիռը, որով ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։
«Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որեւէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Եւ, հետեւելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որեւէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման եւ ուժային միջամտությամբ»,-ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ «այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ աա այն է, ինչը որ Մարտի մեկի գործով դրված է եղել բողոքների հիմքում, որ եղել է խաղաղ ցույց, իսկ այդ ժամանակվա իշխանությունը անհամաչափ ուժ է կիրառել:

«ՄԻԵԴ-ը դատարան է և սա, ըստ էության, դատարանի որոշում է: Թող մտածեն էն մարդիկ, ովքեր դատարանում պիտի հակառակն ապացուցեն, որ ժողովուրդը չգիտեմ ինչեր էր անում, իրենք էլ վայրենի ձևով հարձակվել են»,-նշեց փաստահավաք խմբի նախկին անդամը:
Անդառանալով հարցին,թե իր կարծիքով, ինչու ՄԻԵԴ-ն այս գործով հիմա որոշում կայացրեց, երբ քննվում է Մարտի մեկի գործը ու Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Լավ կլիներ՝ ավելի շուտ վճիռ կայացներ ՄԻԵԴ-ը, բայց հիմա են պատրաստ, հիմա են ուղարկել»:

Նշենք, որ Տեր-Պետրոսյանի դիմումը ՄԻԵԴ ներկայացվել էր 2008թ-ի օգոստոսին եւ վերաբերում էր Նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաեւ՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության եւ ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում: Ինչպես նաեւ՝ իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։

Մարտի մեկի գործով նախկին փաստահավաք խմբի մյուս անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ Տեր-Պերոսյանի գործով վճռով «ՄԻԵԴ-ը հաստատուն ապացույցներով հիմնավորել է, որ առավոտյան գործողությունը, որոնք նախկին իշխանությունը փորձում է օրինական միջոցառումների շրջանակում դիտարկել, չի ընդունվել որպես լուրջ փաստարկ»:

Ավելին, ըստ փաստաբանի, այն գալիս է հաստատելու Քոչարյանի մեղավորությունը: «Հաստատում է, որ իշխանության գործողությունների ամբողջ ընթացքն ուղեկցվել է իրավունքի խախտումներով: Սահմանադրական կարգի խախտումները ՄԻԵԴ-ը չի քննարկում, բայց տրված գնահատականներն էնպիսին են, որ կարող են լրացնել Քոչարյանին առաջադրված մեղադրանքի փաստարկները»,- Forrights.am-ին
ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ը նաև Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը հաստատող փաստեր է վկայակոչել: «Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցին են անդրադարձել, որ Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանը չի ունեցել հնարավորություն՝ իրավական պաշպանության արդյունավետ միջոցից օգտվելու, որ Հայաստանում էդ ժամանակ փաստորեն չի գործել անկախ դատարան: Այսինքն՝ էն ինչ ասում ենք, որ բոլոր գործառույթները Քոչարյանը յուրացրել է չի թողել, որ որևէ մարմին իր գործառույթն իրականացնի»,-շեշտեց փաստաբանը՝ շարունակելով.

«Այո, դա գալիս և առնչվում է Սահմանադրական կարգի տապալման տարրերին»:
Ուստի փաստահավաք խմբի նախկին անդամը համոզված է, որ Մարտի մեկի գործով Քոչարյանի ու մյուսների մեղադրանքը հիմնավորված է. «Որևէ քաղաքական հետապնդման տարր չի պարունակում, և վկայությունն են այս տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի արձանագրած իրավունքի խախտումները: Նաև ապացուցում է, որ քաղաքական բանտարկյալ Քոչարյանը չի կարող կոչվել: Ավելին իր իշխանության տարիներն են հագեցած եղել քաղբանտարկյալներով և դա իր շնորհքն էր»:

Նշենք, որ Լևոն Տեր- Պետրոսյանի գործով ՄԻԵԴ-ն անդրադարձել է նաև արդյունավետ պաշտպանության իրավունքին: ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։

Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել, հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքների մասով։

Մարտի մեկին Լևոն Տեր- Պետրոսյանի տնային կալանքի առթիվ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ և արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել եւ Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները եւ արդյոք դիմողի անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են։

Մարինե Խառատյան