ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Զարթոնք համայնքի ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել:
2019թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի թվով 6 բնակիչներ դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին այն մասին, որ Զարթոնք համայնքի ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, մասնավորապես՝ յուրացրել է սոցիալական օգնության նպատակով համայնքի բյուջեից դուրս գրված գումարները:
Դիմումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Զարթոնք համայնքի նշված բնակիչները, ովքեր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, հաղորդումներ և բացատրություններ են տվել այն մասին, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից ընդհանուրը 1.100.000 ՀՀ դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն իրենցից մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսներն ստացել են ընդհանուրը 300.000 ՀՀ դրամ գումար:
Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «ART» բարեգործական կազմակերպությունից Զարթոնքի համայնքապետարանին է փոխանցվել 400 ԱՄՆ դոլար գումար՝ քառօրյա պատերազմին մասնակցած և վիրավորված երկու զինծառայողների բուժման և հանգստի նպատակով, որը, սակայն, չի փոխանցվել նրանց:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում 2019թ. մարտի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, առերևույթ հանցագործության մասին հաղորդում տված անձինք, կատարվել դիմումատուների կողմից ներկայացված փաստաթղթերի զննություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 15-ին համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: