ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի բողոքը և անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը:
Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքը:
Հավելենք, որ մարտի 15-ին Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Հենց այս որոշումն է Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկում Վերաքննիչ դատարան:
Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: