Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում է, որ մտահոգված է վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերով:
«Ոչ բռնության սպառնալիքները, ոչ էլ որևէ խմբի կամ անհատի նկատմամբ խտրականության ցանկացած ձև հնարավոր չէ հանդուրժել: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պարտավորությունները, ներառյալ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Հայաստանի կողմից ստորագրված և վավերացված Մարդու իրավունքների ՄԱԿ-ի այլ կոնվենցիաները արգելում են խտրականությունը: Հետևաբար, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ըստ օրենքի հետաքննել և դատական կարգով հետապնդել ԼԳԲՏԻ համայնքի անդամների նկատմամբ ոտնձգությունների և չարաշահումների դեպքերը` նպատակ ունենալով երաշխավորել թիրախավորված անձանց ֆիզիկական անվտանգությունը և նպաստել ատելության խոսքից զերծ մարդկային արժանապատվության միջավայրին:
Խտրականության դեմ և հանդուրժողության սկզբունքները ներառում են բոլոր մարդկանց, այդ թվում՝ էթնիկ, կրոնական և սեռական փոքրամասնությունների մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Հայաստանը այս սկզբունքների խթանման ուղղությամբ ստանձնել է գովելի հանձնառություններ և այդ ոլորտում հասել է առաջադիմության: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի ժողովրդին` կյանքի կոչելու այդ պարտավորությունները հանուն ավելի լավ կյանքի բոլորի համար», — ասված է հայտարարությունում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: