«2015 թ-ին, Հայաստանի ընտանեկան ավանդույթների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում սեռը գրել է արական»,- այսօր այս մասին Նորագավիթի մաքսատուն այցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մեծ աղմուկ հանած տրանսգենդերի ելույթին ԱԺ ամբիոնից։
«Ինչքան հասկացա Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ այդ թեման ակտիվ քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե ինչ է կատարվում և այլն։ Հիմա հանրապետականների մոտ ընդունվա՞ծ է որ արական սեռի մարդու անունը Լիլիթ է։ Այն պահին, երբ ՀՀԿ-ն այդ մարդուն տվել է անձնագիր Լիլիթ Մարտիրոսյան անունով, այդ պահից նրան օժտելէ ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով։ Երբ ես ՀՀԿ-ին ասում էի դուք գեյ-ակտիվիստ եք, իրենք չէին հավատում։ Իրենք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել և սա ևս մեկ ապացույց է։ Ու՞մ են եկել ինչի մեջ մեղադրում»,-Նորագավիթի մաքսազերծման կետում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խնդրի շուրջ գրավոր բացատրություն է պահանջել Պետական պահպանության ծառայությունից, որից պարզ է դարձել, որ քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը՝ իր ստորագրությամբ․
«Հիմա բոլորը թող պատասխանեն՝ հանրապետականները, բարգավաճականները, հոգևորականները, պահպանողականները՝ Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է, թե՞ մարդ չէ, եկեք սկսենք այս եզրույթից։ Այն պահվածքը, որը ցուցաբերում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, կարծիք հայտնելով, որ այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում ԲՀԿ-ն պետք է մտածի՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած նախագահն արդյո՞ք համապատասխանում է այդ հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին»։
Լրագրողների այն խոսքին , որ ոչ թե ՀՀԿ-ն է բողոքում, այլ՝ ԲՀԿ-ն վարչապետն ասաց.
«Նրանք ինչի՞ց են բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրե՞լ է ցուցակը։ Երբ ես առաջին անգամ իմացա այդ մասին, միանգամից մտածեցի, որ լավ կազմակերպված պրովոկացիա է՝ հեղափոխության և կառավարության դեմ»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած լսումների ժամանակ ելույթ է ունեցել «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, որն անդրադարձել է սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումանը և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքին։
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ տրանսգենդերի ելույթից հետո նկատողություն է արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, ապա դուրս հրավիրել նիստերի դահլիճից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: