Պաշտպանության նախարարությունը կաջակցի ՊՆ շենքի առջև հացադուլ սկսած նախկին զինծառայող, հաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանին, որպեսզի վերջինս բուժում ստանա արտերկրում։
Հիշեցնենք՝ 2012թ-ին Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադում ծառայության ժամանակ առաջին խմբի զինհաշմանդամություն ձեռքբերած նախկին զինծառայողը ապրիլի 3-ից հացադուլ էր սկսել Պաշտպանության նախարարության դիմաց։ Նա պահանջում էր անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր առողջական խնդիրների լուծման համար, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական օգնություն տրամադրել Գերմանիայում բուժման համար:
Երեկ՝ ապրիլի 8-ին, Դավիթ Հակոբյանին ընդունել է պաշտպանության նախարարի ավագ խորհրդական գեներալ Վարդան Ավետիսյանը։
«Հանդիպել եմ պաշտպանության նախարարի խորհրդականին, ով կոնկրետ խոսեց իմ խնդրի մասինց, եկանք համաձայնության, որ հարցը կկարգավորվի, պարզապես մի փոքր ժամանակ է հարկավոր, որ վիզայի հարցը լուծվի, որպեսզի կարողանամ գնալ Գերմանիա՝ բուժում ստանալու համար»,- պատմեց Դավիթ Հակոբյանը։
Նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը հաստատել է, որ նախատեսում են ամեն ինչ անել զինծառայողին օգնելու և Գերմանիա մեկնելու նպատակով։
Մեկնելու ժամկետների մասին հայտնեցին, որ կախված է վիզայի կազմակերպման հարցից, ինչպես նաև բանկերից մեկի հետ խնդիր ունի, ուստի նախատեսվում է զանգահարել տնօրենին և հարցը կարգավորել։
Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի խոսնակը մամուլի հրապարակումներից հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է պարզաբանում Դավիթ Հակոբյանի վերաբերյալ, նշելով, որ Դավիթին օգնություն է պետք․
«Եթե որևէ մեկին թվում է, որ ինքը ավելի շատ է մտածում նախկին զինվորի մասին, իսկ ՊՆ-ում բոլոր անխիղճներ են, ապա չարաչար սխալվում է և եթե նման գրառումներ լինեն նյութի տակ, առանց վիրավորելու ուղղակի բլոկելու եմ: Սակայն ոչ մի բան, առավել ևս մասնագիտական նուրբ հարցեր և մեծ ծախսեր ենթադրող երևույթները չեն կարող լինել հուզական: Կա հստակ օրենքներ, իսկ ովքեր չեն հասկանում, որ օրենքը ՀՀ ՊՆ-ն ձեռքում չի, բնական է արդարացնում են իրենց հատկացված գումարները և դերը: Խորհուրդ կտամ հիշել նախ մեր սահմանադրությունը, հետո կարդալ նյութի վերջում բերված օրենքի հղումը»,- գրել էր Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախկին զինծառայողի առաջին կարգի զինհաշմանդամույթյան պատճառը սխալ վիրահատության արդյունքն է։
Նախապատմությունը հետևյալն է․ ծառայության ժամանակ որովայնի շրջանում ցավեր ունենալու հետևանքով, Դավիթին տեղափոխում են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ նրան վիրահատում են, սակայն վիրահատությունն անհաջող է անցնում։ Հաշված ժամերի տարբերությամբ կրկին վիրահատում են։ Վիրահատությունից հետո ձեռք է բերել ձախակողմյան թուլություն, օրը մինչև օրս իրեն անհանգստացնում է:
Նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանի խոսքով՝ ինքը նման ծայրահեղ քայլով՝ հացադուլի դիմելով փորձում է իր խնդիրը բարձրացնել և վերջ ի վերջո լուծում տալ․
«8 տարի պայքարում եմ իմ առողջության համար։ Դիմել եմ շատ կառույցների՝ ակնկալելով օգնություն թե´ ծանր վիճակիս, թե´ սխալ վիրահատության համար, դիմել եմ նախկին ՊՆ նախարարներ Սեյրան Օհանյանին, Վիգեն Սարգսյանին, սակայն դեռ Օհանյանի օրոք, ինձ խնդրել են, որ չբողոքեմ վիրահատող բժշկի դեմ և խոստացել՝ բուժումը շարունակելու նպատակով ինձ ուղարկել Գերմանիա»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Դավիթը։
Վիգեն Սարգսյանին ևս դիմել է, սակայն վերջինս իրեն չի ընդունել։
Հացադուլի դիմելու հետ կապված Դավիթն ասում է, որ արդեն ոչ մի արդյունք չի ցանկանում ստանալ, և ցանկություն չունի իր առողջական խնդիրները տանի էլ ավելի ծանրացման, քան կա․
«Երկար ժամանակ անշարժ պառկած եմ եղել, Կարմիր խաչի մասնագետի միջոցով կարողացա տեղաշարժվել, հետո 1 տարի գամված եմ եղել սայլակին»,-պատմեց Դավիթը։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Forright.am—ի հետ զրույցում ասաց, որ բացառապես իրավական հավական հարթության մեջ է․
«Հայաստանն իրավական պետություն է և ամեն ինչ որոշվում է իրավական հարթությունում՝ իմ, ձեր, նրա հիմնավորումները դրանք իրավական հիմնավորումներ չեն»,-ասաց նա, մանրամասնելով, որ եթե մեղավորներ կան, ապա պետք է պատժվեն, հիմնավորում կա, որ նրան այստեղ հնարավոր չէ բուժել, ապա՝ կտարվի արտասահման․
«Եթե չի արվում, ուրեմն ինչ-որ պատճառական կապ չկա, որևէ փաստաթղթերի է կամ հիմավորում է պակասում, միգուցե բժիշկեներն են թերացել՝ ես չգիտեմ, բայց բազմիցս իր խնդրով մասնագետները զբաղվել են»,- հավաստիացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: