Դատավոր Գագիկ Հեբոյանի գործով անցնող փաստաբանը ևս կալանավորվեց

979
Վահագն Դանիելյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով անցնող փաստաբան Վահագն Դանիելյանը երեկ երկու ամսով կալանավորվել է` դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը ձերբակալված փաստաբանին կալանքի տակ առնելու վերաբերյալ։

ՀՔԾ-ն հաստատեց տեղեկատվությունը, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնել էր, որ փաստաբանն է կաշառքը փոխանցել դատավորին:

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։ Գործն ուղարկվել է ՀՔԾ։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ դատավորը մեղքը չի ընդունում։ Դատավորը ևս կալանքի տակ է։