Կրակոցներ՝ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բերման է ենթարկվել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ նշված հասցեից հրազենային վիրավորումով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի` 1979 թվականին ծնված տղամարդը:
Կատարված քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում` շարժառիթը և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1962 թվականին: Վերջինս այս պահին բերման է ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: