2014 թվականի մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպի և կրակոցների հետևանքով «անհետացած» Հովհաննիսյանների ավտոմեքենան հայտնաբերվում է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտու ավտոպարկում: Օրեր անց այն կրկին անհետանում է՝ այս անգամ քննչական բաժնից, ապա պարզվում, որ այն վաղուց վաճառվել է մի տղայի: Ապա այն ձևափոխվում է և «պատկանում» աղջկա:
Այս խառնաշփոթ կծիկը Forrights-ի համար «քանդում է» Լիա Հովհաննիսյանը, պարզաբանելով՝ տվյալ ավտոմեքենան պատկանում է իրենց, ունեն բոլոր ապացույցները:
«Մենք Մոսկվայում էինք, էդ ԱԱԾ-ի տեսանյութն էինք նայում, մեկ էլ տեսնենք մեր մեքենան՝ էդ գառաժում կանգնած: Միանգամից զանգեցինք էդ քննչական բաժին, ասեցինք, բացատրեցինք, որ էդ ռուսական համարներով մեքենան մերն ա: Իրենք յանի չհասկացան, թե ինչ ենք ասում ու ընթացք չտվեցին: Ստիպվաած ես եմ միանգամից գալիս Հայաստան՝ մեքենան ստանալու»,- մեզ հետ զրույցում նշում է Լիան:
Հայաստան վերադարձից անմիջապես հետո, քննչական խմբի հետ Լիան գնում է Մանվել Գրիգորյանին պատկանող ավտոպարկ, որտեղ միանգամից ճանաչում է իրենց պատկանող BMW X6 մակնիշի մեքենան՝ իր ռուսական պետհամարանիշով և մեքենայի վրա առկա 15 վնասվածքներով: Մեքենայի ճանաչումից հետո ավտոմեքենան չի տրամադրվում Հովհաննիսյաններին, պատճառաբանվելով՝ համապատասխան փորձաքննություն պետք է անցկացվի, քանի որ տվյալ մեքենան գտնվում է բանկի վերահսկողության տակ, բացի դրանից՝ վաճառված է:
«Ես իրենց ասում եմ՝ եթե բանկի տակ ա, ո՞նց ա վաճառվում: Ձեն չեն հանում, ասում են՝ չգիտենք: Առքուվաճառքի թղթերն եմ ուզում՝ չեն տալիս: Փորձաքննությունից հետո էլ քննիչները հայտարարում են, որ էդ ավտոմեքենան մերը չի: Տղես գալիս ա Հայաստան, գնում ենք, որ մեքենան ինքն էլ նայի, տեսնում ենք կոսմետիկ վերանորոգել են, վնասված տեղերը հնարավորինս փակել, բայց դե էդ ամեն ինչը հո երևում ա»,- վրդովված պատմում էր տիկին Լիան:
Որդու հետ ճանաչման ներկայանալու ժամանակ ավտոմեքենայի նոր սեփականատեր է հայտվում: Մի աղջիկ Լիային և որդուն՝ Վալերիին ասում է, որ մի քանի ամիս առաջ է գնել ավտոմեքենան և այն իրենն է: Ավտոմեքենան կրկին չի վերադարձվում սեփականատերերին:
Բազմաթիվ դիմում-բողոքներ մնում են անպատասխան, պատկան մարմիններն ավտոմեքենան վերադարձնելու որևէ փորձ չեն ձեռարկում: Տիկին Լիան նամակ է գրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ տուժողի, նրա ահից են միանգամից քայլեր ձեռնարկում ու ավտոմեքենայի գործը վերաբացում:
Forrights-ը կապ հաստատեց գործը քննող քննիչ Գագիկ Հայրապետյանի հետ՝ պարզելու, թե ինչ հիմքով է գործը վերաբացվել, կա՞ արդյոք նոր երևան եկած հանգամանք: Քննիչի պատասխանն անակնկալ էր.
«Քրեական գործը վերաբացվելուց օրեր անց կասեցվել է: Այս պահին կասեցված է Քրեական դատավարության օրենսգրքի 31.1.1 կետով (Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ)»,- հայտարարեց քննիչը:
Քննիչի պատասխանից անակնկալի եկավ նաև տիկին Լիան. նա դեռևս չէր ստացել կասեցման որոշումը: Նրան վրդովեցրեց այն փաստը, որ վերջապես վերաբացված գործը կրկին կասեցվել է:
«Խուլիգանություն ա ուղղակի: Երբ ուզում բացում են, երբ ուզում՝ կասեցնում»,- ասաց նա:
Փաստացի, Հովհաննիսյաններին պատկանող մեքենան կշարունակվի շահագործվել այլոց կողմից, իսկ սեփականատերերը դեռ կգրեն իրենց դիմում-բողոք նամակները՝ արդարության սպասելով:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել Վերնիսաժի տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաև անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։
Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաև երկու և ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաև Ներսես Մելքոնյանը և Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: Հովհաննիսյանը դատապարտվում է 3 տարվա ազատազրկման այն պարագայում, երբ ոչ միայն որևէ կապ չի ունեցել միջադեպի հետ, այլև իր մարմինին ստացել է 4 կրակոց:
«Որդիս այս գործով տուժող է: Երբ մոտեցել է Գոռ Առաքելյանը և սկսել ավելորդություններ թույլ տալ, որդիս հեռացել և նստել ա մեքենան՝ սպասելով ընկերոջը՝ Ներսեսին: Սակայն նրա փոխարեն մեքենային է մոտեցել Գոռը, բացել դուռը և 4 անգամ կրակել որդուս վրա: Տղայիս Շտապ օգնության մեքենայով տեղափոխում են հիվանդանոց, իսկ իր ավտոմեքենայով՝ մեկ այլ մարդու, ինչից հետո ավտոմեքենան կորում ու կորում ա…»,- Forrights-ին է պատմում տիկին Լիան և հավելում, որ որդու ազատ արձակվելուց օրեր անց թողել են Հայաստանն ու հեռացել՝ խաչ քաշելով ամեն ինչի վրա:
Մեքենայի ի հայտ գալուց և կատարված հեղափոխությունը նոր հույս է արթնացնում Հովհաննիսյանների մոտ և նրանք վերադառնում են Հայաստան, սակայն աայս անգամ էլ կարծես թե «սայլը կրկին չի շարժվել»:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: