2 վերաքննիչ բողոք՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող կալանավորի գործով

0
1097

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կալանավոր Կոնստանտին Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքի հարցը կվիճարկվի Վերաքննիչ քրեական դատարանում: Պաշտպանական կողմը երկու բողոք է ներկայացրել դատարան. առաջինը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելն է, մյուսը՝ գրավի միջնորդության մերժումը:

46-ամյա Կոնստանտին Հովհաննիսյանն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ. ծանր հիվանդությունների ցանկում են դիաբետիկ ռետինոպաթիան, դիաբետիկ անգիոպաթիան, դիաբետիկ նեֆրոպաթիան: Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, մի աչքը բոլորովին չի տեսնում, մյուսի տեսողությունն էլ 10 տոկոսից ցածր է, օրական ստանում է 120 և ավելի միավոր ինսուլին, այն դեպքում, երբ 60 միավորից բարձր ստանալու դեպքում կալանք կիրառելն օրենքով արգելված է:

«Դատարանը՝ մեր կողմից ներկայացված բժշկական եզրակացությունների վրա հիմնվելով, պետք է մերժեր քննիչի կողմից ներկայացրած միջնորդությունը և խափանման միջոց ընտրեր ստորագրություն չհեռանալու մասին: Բայց, քանի որ դատարանները գերկաշկանդվածություն ունեն Ազգային անվտանգության ծառայությունից և չեն կարողանում ազատ, անկաշկանդ, ինքնուրույն որոշումներ կայացնել՝ երևի իրենց «կեղտոտ անցյալի» կամ նախկին գործելաոճի պատճառով, ուղարկում են մարդուն մահվան բերան»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Կոնստանտին Հովհաննիսյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը:

Շաբաթներ առաջ, Ձերբակալվածների պահման վայրում կալանավորի առողջական վիճակը վատանում է և Շաքարային դիաբետի սրացման պատճառով նրան տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց: Աստղիկ» ԲԿ-ում Հովհաննիսյանը ենթարկվում է վիրահատության. Փտախտի պատճառով հեռացվում է կալանավորի ոտքի ճկույթը: Սակայն մինչ Աստղիկ» ԲԿ տեղափոխելը, «Արմենիա» ԲԿ- նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել։ Փաստաբան Սարգսյանը շեշտում է՝ այս մասին անպայման կբարձրաձայնվի պատկան մարմիններին.

«Առաջիկա օրերին դիմելու եմ Առողջապահության և Արդարադատության նախարարներին, թող իրենք պարզեն՝ արդյո՞ք Կոնստանտին Հովհաննիսյանին՝ այդ ծանր առողջական վիճակով, իրավունք ունեին պահելու «Արմենիա» բժշկական կենտրոնի վատ սանիտարահիգենիկ պայմաններում, ցուցաբերել այդօրինակ ոչ պատշաճ բուժօգնություն և անտարբեր վերաբերմունք: Այդ ամենն ուսումնասիրելուց հետո թող վարչական վարույթ հարուցեն և իրենց համար մի շարք բացահայտումներ անեն»,- նշեց փաստաբանը:

Ներկայացված վերաքննիչ բողոքում տեղ են գտել նաև կատարված մի շարք դատավարական խախտումներ: Ըստ փաստաբանի, Կոնստանտին Հովհաննիսյանին ճանաչման չեն ներկայացրել իր տանից հայտնաբերված զենքը, չեն ծանոթացրել խուզարկության թույլտվությանը, զենքի մասին արձանագրությանը, միանգամից, առանց պաշտպանի, ընթերակաների ներկայությամբ քննչական գործողություններ են իրականացվել: Փաստաբանին զանգահարել են միայն ժամեր անց, այն դեպքում, երբ կալանավորն ինքն էր նշել, որ ունի տեսողության հետ խնդիրներ և պահանջում է Սուսաննա Սարգսյանի ներկայությունը:
«

Կոնստանտինը պահանջել է ինձ զանգահարել 14:45-ի սահմաններում, սակայն ես զանգ եմ ստանում միայն 18:00-ին: Բացի վերոնշյալներից, համաձայն օրենքի, ընթերական մեկ ամսվա ընթացքում չի կարող մասնակցել երկուսից ավել քննչական գործողությունների, այնինչ այդ ընթերակաները նույն օրվա մեջ երրորդ անգամ էին ներկա գտնվում քննչական գործողության»,- ներկայացրեց փաստաբանը, նշելով, որ վերաքննիչ բողոքից այլ մանրամասներ հաղորդել չի կարող, քանի որ դրանք նախաքննական գաղտնիք են:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին ծանր հիվանդ, ինսուլինակախյալ շաքարային դիաբետով տառապող, գրեթե կույր, սայլակով տեղաշարժվող Կոնստանտին Հովհաննիսյանի տուն և ձերբակալել: Նրան ԱԱԾ են տարել վիրակապով, ոտաբոբիկ վիճակով և ձեռնափայտով: Վերջինս հունիսին երիկամի փոխպատվաստման վիրահատություն էր տարել և ձերբակալման պահին գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ:

ԱԱԾ աշխատակիցները չեն ներկայացրել որևէ փաստաթուղթ, որոշում ձերբակալության մասին, հնարավորություն չեն տվել փաստաբան ներգրավելու: Ավելի ուշ, արդեն փաստաբան ներգրավելուց հետո, Կոնստանտինի հարազատներն իմացել են, որ նրան մեղադրում են փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեջ /Քրեական օրենսգրքի 178-րդ և 325-րդ մաս/: Նրա դեմ ցուցմունք կա, թե նա, իբր, նոտարի կնիքներ է պատվիրել: Խուզարկության ժամանակ Հովհաննիսյանի բնակարանից հայտնաբերվել են զենք-զինամթերք, որոնք, սակայն մինչ օրս նրան ճանաչման չեն ներկայացրել:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here